Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերությանը տուգանել են 600 մլն դրամով

Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերությանը տուգանել են 600 մլն դրամով

Տարիներ շարունակ բնապահպանները բարձրաձայնում են ՀԷԿ-ի հասցրած վնասների մասին, որ դրանց աշխատանքի պատճառով գետեր են ցամաքում, բնությանը վնաս է հասցվում եւ այլն։ Բայց տարիներ ի վեր կառավարություններն աչք են փակել ՀԷԿ-երի հասցրած վնասների վրա՝ ավելի շատ առաջնորդվելով տնտեսական եւ որոշ պաշտոնյաների նեղանձնական շահերով, քանզի ՀԷԿ ունենալը եկամտաբեր բիզնես է, իսկ դրա հետեւում սովորաբար կանգնած են լինում ոչ սովորական դեմքեր։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե հեղափոխությունից հետո քանի՞ ՀԷԿ-ի է լիցենզիա տրվել, եւ, առհասարակ, արդյոք ինչ-որ փոփոխություն կրե՞լ են ՀԷԿ-ի հարցում կառավարության մոտեցումն ու քաղաքականությունը։ 

«Միգուցե հստակ չասեմ, բայց ինչքան հիշում եմ՝ միայն մեկ ՀԷԿ է Տավուշի մարզում, որ Ջրի ազգային խորհրդի կողմից դրական եզրակացություն է ստացել, որովհետեւ այն տարածքները, որտեղ չկա ջրավազանային կառավարման պլան, ՀԷԿ-երի թույլտվությունը Ջրի ազգային խորհուրդն է տալիս։ Այն վարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական մարմին է։ Բայց այլ ՀԷԿ-ի թույլտվություն, ճիշտն ասած, այս պահին չեմ կարող հիշել վերջին մեկ տարվա կտրվածքով»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։

Փոխարենը նախարարը հիշում էր, որ, օրինակ, Արարատյան դաշտում որեւէ ձկնաբուծարանի նոր թույլտվություն չի տրվել։

«Կան թույլտվություններ, որոնք որ երկարաձգվում են, քանի որ Ջրային օրենսգրքի պահանջն է, որ ավտոմատ երկարաձգվում է, եթե որեւէ խախտում չկա, բայց ջրօգտագործման ոլորտում մենք մոտ 380 խախտում ենք հայտնաբերել, արձանագրել եւ ուղարկել տեսչություն՝ ե՛ւ ձկնաբուծարանների հետ կապված, ե՛ւ ՀԷԿ-երի հետ կապված»,- ասաց պարոն Գրիգորյանը։

- Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ձկնաբուծարանների մասին էին շատ խոսում, որ ավելի ջուր են օգտագործում, խախտումով են աշխատում եւ այլն։ Այդ խախտում կատարողների մեջ նրանց ձկնաբուծարանները կա՞ն։

- Ցանկը շատ մեծ է, ես իրավաբանորեն չգիտեմ՝ որ ընկերությունն ում անունով է գրված․․․

- Կարծեմ՝ «Մխչյան ֆիշ» է կոչվում նրանց ձկնաբուծարանը։

- Կոնկրետ «Մխչյան ֆիշին» տեսչությունն այս պահին 600 մլն դրամ տուգանել է՝ ավել ջրառ իրականացնելու համար։

- Իսկ վերացվե՞լ է խախտումը։

- Դա տեսչական մարմինը խախտումը ֆիքսելուց հետո նաեւ պարտավորեցնում է եւ որոշակի ժամանակահատված է տալիս խախտումը վերացնելու։

- Նախկին նախարարները միշտ ասում էին՝ փականային ռեժիմի է բերվել, կանոնակարգվել է, վերահսկողությունը մեծացել է, որ ավել ջրառ չիրականացվի։

- Մենք տեսեք, թե ինչ ենք արել․ նախ՝ ձկնաբուծարաններին նոր ջրօգտագործման թույլտվություն ուղղակի չի տրվում, երկրորդը՝ հավաքագրել ենք բոլոր տեղեկատվությունները, որոնք առկա են, արձանագրված են ավել օգտագործումների վերաբերյալ, ամբողջն ուղարկվել է տեսչություն, քանի որ խախտումը ֆիքսողը եւ վնասը հաշվողը տեսչական մարմինն է, բնապահպանության նախարարությունն այդ իրավասությունը չունի։ Այստեղ ավելի կարեւոր է պայմանները ճիշտ ապահովել, որպեսզի էկոլոգիական թողքն ապահովվի, որպեսզի ռեժիմը չխախտվի եւ այլն, եւ այլն։ Իսկ ճիշտ պայմանների պարագայում, երբ որ ձկնուղիներ կան, ոռոգման, խմելու ջրերի հետ կոնֆլիկտ չկա, ՀԷԿ-ը կամ ձկնաբուծարանները կարող են աշխատել, եթե այդ բոլոր պահանջներն ապահովում են։