Դատավորների մեջ կան մեծ թվով լուսավոր, հայրենասեր, իրենց գործի նվիրյալ մարդիկ. Հրայր Թովմասյան. tert.am
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ դատաիրավական բարեփոխումները շարունակական գործընթաց են և, բնականաբար, Հայաստանում ևս նման բարեփոխումների անհրաժեշտություն կա նաև այսօր: ՍԴ նախագահը նաև անդրադարձել է դատավորների վեթինգի թեմային՝ նշելով, որ ինքը հակված է կարծելու, որ Հայաստանում դատավորների նկատմամբ վեթինգ չի կիրառվելու։ Նրա կարծիքով՝ առկա խնդիրները հնարավոր է լուծել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կատարելագործելու, ապագա հակակոռուպցիոն հանձնաժողովի ողջ ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով: Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ Հայաստանում դատավորների մեջ կան մեծ թվով լուսավոր, հայրենասեր, իրենց գործի նվիրյալ մարդիկ, որոնք մեծամասնություն են կազմում:
– Ինչպե՞ս կգնահատեք երկրում ստեղծված քաղաքական վիճակը և ի՞նչ կասեք դատարանների շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
– «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Ուստի, այս սկզբունքների պահպանման պարագայում քաղաքական իրավիճակի գնահատականն ամբողջական չի ստացվի, իսկ գնահատականներ տալ, որոնք ոչ ամբողջական լինելու պատճառով չեն ընկալվի, որոնք տարակարծիք մեկնաբանությունների տեղիք կտան, չեմ ցանկանա: Ինչ վերաբերում է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակին, հաշվի առնելով, որ մատնանշածս հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում, իմ դիտարկումները կարող եմ ներկայացնել:
Անկախության առաջին տարիներից սկսած՝ ես չեմ կարող առանձնացնել թեկուզ կարճատև որևէ ժամանակահատված, որի ընթացքում մենք դատական իշխանության ոլորտում արձանագրած լինենք հետընթաց: Բոլոր կառավարությունների, արդարադատության բոլոր նախարարների առաջնահերթ խնդիրը եղել է դատաիրավական բարեփոխումները: Եթե համեմատենք 90-ականների դատական իշխանությունը այսօրվա հետ, ապա դրական առումով փոփոխությունները ակնառու են` օրենսդրության որակը, դատավորների գիտելիքները, ընդունված որոշումների որակը, հիմնավորվածությունը, դատական իշխանության կազմավորման կարգը, շենքային պայմանները և այլն: Սակայն ոչ մի կառավարություն, ոչ մի արդարադատության նախարար չի ասել, որ դատական իշխանությունում առկա վիճակը մեզ գոհացնում է (նույնը, բնականաբար, կարելի է ասել նաև իշխանության մյուս ճյուղերի մասին) ու այլևս ոչինչ չկա անելու: Դատաիրավական բարեփոխումները շարունակական գործընթաց են, այդ մասին խոսում են անգամ Գերմանիայում և ԱՄՆ-ում և, բնականաբար, Հայաստանում ևս պետք է արձանագրենք, որ նման բարեփոխումների անհրաժեշտություն կա նաև այսօր:
- Ցանկանում եք ասել, որ բոլոր դատավորները բանիմաց են ու անկաշա՞ռ:
- Ես նման բան չասացի: Բոլոր իշխանությունների ժամանակ` մի դեպքում մի քիչ շատ, մյուս դեպքում քիչ, եղել են դատավորներ, որոնք դատապարտվել են հենց կոռուպցիոն հանցագործությունների համար, այն կարծիքին չեմ, որ այսօր նման դատավորներ ընդհանրապես այլևս չկան Հայաստանում: Բայց դատական իշխանության վերաբերյալ ընդհանրական դատողությունները վտանգավոր են, միգուցե այլ դեպքերում՝ ևս, սակայն այստեղ մենք գործ ունենք իշխանության մի ճյուղի հետ, որն ի տարբերություն քաղաքական իշխանության, չունի ամբիոն հրապարակայնորեն բոլոր մեղադրանքներին պատասխանելու համար:
– Ինչո՞վ եք պայմանավորում դատական իշխանության նկատմամբ ցածր վստահությունը:
– Բնավ էլ այն կարծիքին չեմ, որ այդ վստահությունը ցածր է կամ ավելի ճիշտ` ավելի ցածր է, քան այլ ոլորտների` ասենք առողջապահության, կրթության կամ ոստիկանական համակարգերի հանդեպ: Ես ճշգրիտ չգիտեմ, թե բնակչության քանի տոկոսն է վստահում դատարաններին, սակայն հաշվի առնելով հայցերի, դիմումների թվի անընդհատ աճը, հաշվի առնելով հանրային իշխանության դեմ կայացրած դատական ակտերի թվի աճը, կարելի է փաստել, որ վստահությունը բարձրանում է, արդյոք բավարա՞ր տեմպերով՝ չեմ կարող ասել: Հետաքրքիր է պարզել, թե դժգոհների քանի տոկոսն է դատարանի հետ շփվելու արդյունքում դժգոհ դատարանից և քանի տոկոսն է լսելով, կարդացածով ձևավորել իր դժգոհությունը. վստահ եմ, որ երկրորդ խումբն ավելին է, քան առաջինը: Մյուս կողմից ակնկալել, որ ազատազրկման դատապարտողից, հօգուտ ուրիշի քեզանից գումար գանձողից պետք է գոհունակություն սպասել, միամտություն է: Կա նաև մեկ այլ երևույթ, երբ այդ կարծիքը ձևավորում են առանձին փաստաբանները, որոնք ցանկացած պարտված գործի մեղավոր, իրենց հաճախորդի մոտ առնվազն, համարում են դատավորներին: Պիտի նկատեմ միաժամանակ, որ այս երևույթը փաստաբանական պալատի հետևողական աշխատանքի արդյունքում փոքրանում է: Մյուս կողմից, չի կարող չէ՞, որ բոլոր դատական ակտերից բոլորը դժգոհ լինեն, կան չէ՞ նաև մարդիկ, որոնք գոհ են, բայց նրանք դա չեն բարձրաձայնում. միգուցե և դրա անհրաժեշտությունը չկա, իսկ դժգոհողները բարձրաձայնում են, ու ստացվում է, որ բոլորը դժգոհ են, ինչն էլ բերում է այդ վստահության նվազմանը:
Դատավորի աշխատանքը ես համարում եմ հանրային իշխանության ոլորտում ամենաբարդն ու պատասխանատուն, և շատ կարևոր է, որ նրանք արժանանան իրենց բարձր կարգավիճակին ու պատասխանատվությանը համապատասխանող վերաբերմունքի, հարգանքի:
Հարցազրույցն ամբողջությամբ։
Կարծիքներ