ՀՌՀ-ը Հովհաննես Մովսիսյանին պարտավորությունները կատարելու և չգրաքննելու կոչ է անում

ՀՌՀ-ը Հովհաննես Մովսիսյանին պարտավորությունները կատարելու և չգրաքննելու կոչ է անում

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի դիմումին։ Վերջինս դիմում էր հասցեագրել, որով կարծիք էր հայտնել, թե արդյո՞ք իրենք խախտում թույլ են տվել՝ չհեռարձակելով որոշ քաղաքական ուժերի նախընտրական տեսանյութերը՝ պատճառաբանելով, թե դրանց մեջ զրպարտություն ու վիրավորանք են տեսնում․

«Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը:

Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար:
Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները: Օրենքի առաջ հավասար են բոլոր քաղաքական ուժերը. մինչ օրս կուսակցությունների ու դաշինքների հետ համագործակցությամբ մի շարք հոլովակներում շտկումներ են արվել:

Նման միջադեպերից խուսափելու համար Հանրայինն ակնկալում է վերը նշված կառույցների շտապ խորհրդատվակական կարծիքը՝ հստակ և համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերը»,- ասված էր Հ1-ի դիմումի մեջ։ 

ՀՌՀ-ը Հովհաննես Մովսիսյանին կոչ է անում կատարել ստանձնած պարտավորությունները։