Վանյանի հետ մի կյանք եմ ապրել․ ծանր կորուստ է․ Բլեյան

Վանյանի հետ մի կյանք եմ ապրել․ ծանր կորուստ է․ Բլեյան

Ես Վանյանի հետ միասին մի կյանք եմ ապրել։ Մեզ միավորել  է հենց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։Գեորգի Վանյանը եղել է մեր կրթահամալիրի առաջին թատրոնի հիմնադիրն է, ավելին՝ հանրակրթական թատերական ծրագրերի հեղինակն է։ Նրա ներդրումը իրոք մեծ է այդ իմաստով։ Մենք ընկերություն ենք արել, որը սկսվեց արդեն ասացի՝ ինչից հետո։ Այս մասին Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հրապարակոս, հասարակական գործիչ Գեորգի Վանյանի հոգեհանգստի արարողության ժամանակ «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

«Հետո մեզ կապեց նաև հանրային գործունեությունը։ Նշանավոր է նաև Գեորգիի հիմնած թերթը՝ «Արարը», որը նա շատ սիրով էր խմբագրում։ Մեր կրթահամալիրի ուսուցիչներն էլ հենց մասնակցել են այդ հանդեսի ստեծմանը։ Հետո մեզ միավորեց արդեն քաղաքական գործունեությունը, որովհետև նա «Նոր ուղի» քաղաքական կազմակերպության ղեկավարն էր։ Մեր ընկերությունը փորձության փոլեր ևս ունեցել է։ Դրանցից մեկը իմ ազատազրկումն էր 1999-ից 2001 թվականներին։ Հենց Վանյանն էր, որ ղեկավարում էր այդ տարիներին ինձ աջակցության հանրային խորհուրդը, նա այդ ժամանակ «Նոր ուղու» փոխնախագահն էր։ Նա շատ կարևոր դեր է կատարել իմ գործի՝ քաղաքական լինելու բացահայտման, ճանաչման առումով։ Մենք միասին ենք եղել նաև 1998 թվականաին, երբ ես առաջադրվեցի ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններում որպես նախագահի թեկնածու։ Վանյանը այդ ժամանակահատվածում էր ղեկավարում էր իմ նախապատրաստական շտաբը»,- ասաց Բլեյանը։

«Հետո Գեորգին գնաց Իջևան։ Կարծում եմ՝ ինչ-որ առումով դա նաև փախուստ էր, ավելի ճիշտ՝ ներքին մեկուսացում։  Գեորգին Ւջևան- Վրաստան երթուղու վրա էր ու տաքսի էր վարում։ Նա միշտ էլ ֆինանսական խնդիրներ ունեցել է , ընտանիքը ամենահամեստ պայմաններում է պահել։ Այս կորուստը պարզ է բան է, որ ինձ համար ծանր է։ Ծանր է այս կորուստը նաև իմ ընտանիքի համար։ Մենք միասին երկար ու բարդ ճանապարհ ենք անցել»,- հավելեց Բլեյանը։


Հիշեցնենք՝ Վանյանը 58 տարեկան էր։ Հոկտեմբերի 9-ին՝ քովիդ-ախտորոշմամբ, նա հոսպիտալացվել էր Թբիլիսիի հիվանդանոց։ Գրեթե անմիջապես՝ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Վանյանը վերջին տարիներին ապրում էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում, Թբիլիսի էր գնացել մի քանի օրով։ Գեորգի Վանյանը ծվել է 1963 թվականին՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի Քարաչինար գյուղում։ 1991-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Մինչև 1994 թվականը՝ թատրոնի և կինոյի դերասան, 1992-1994՝ «ԱՐ» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 1993-1997՝ «Արար» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր։ 1997-ից մինչև 2005՝ Երևանի №61 դպրոցի տնօրեն։ 1989 թվականից մինչև 2004-ը զբաղվել է անապաստան երեխաների, փախստականների և սահմանափակ հնարավորություններով երեխաների խնդիրներով։

2002 թվականին հիմնել է «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը»։ 2011-ն՝ ադրբեջանցի, հայաստանցի և վրացի ակտիվիստների հետ միասին, նախաձեռնել է «Թեքալիի գործընթացը»՝ խաղաղարար նախաձեռնություն վրացական համանուն գյուղում, որը գտնվում է երեք հարավկովկասյան երկրների սահմանին։ Թեքալիում հասարակական ուղիղ բանակցությունների համար պարբերաբար հավաքվում էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, քաղաքական և հանրային գործիչներ։ Ադրբեջանական ֆիլմերի փառատոնին հաջորդած ազգայնական արշավից հետո ստիպված փակել է Կենտրոնը և լքել Երևանը՝ տեղափոխվելով Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից երկու շաբաթ առաջ Վանյանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Զարդուշտ Ալիզադեի հետ, հրապարակել է «Ընկերների հայտարարությունը», որում խոսվում էր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վտանգի և խաղաղարար գործողությունների դեմոնիզացման մասին։ Պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում հրապարակավ հանդես է եկել ուղիղ՝ չմիջնորդավորված բանակցություններ անհապաղ սկսելու, սահմանները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների ազատ տեղաշարժի համար բացելու օգտին։ Գրեթե մշտապես թիրախավորված էր պատերազմի քաղաքականությունը և հաշտության առկախումը խիստ քննադատելու համար։