Ինչ են առաջարկում լավատեսները

Ինչ են առաջարկում լավատեսները

Լավատեսին հոռետեսից տարբերելու հայտնի բանաձեւը գիտեք, չէ՞։ Լավատեսը կիսով չափ լցված բաժակի մասին ասում է՝ բաժակի կեսը լցված է, հոռետեսն ասում է՝ բաժակի կեսը դատարկ է։ Այս օրերին մեզ անհրաժեշտ է լավատեսությամբ զինվել, որ այս անորոշ ու անհայտ վերջաբանով պատմության բարեհաջող ավարտը կարողանանք տեսնել։ Եւ մինչ մեր միջի հոռետեսները միայն սեւ, մուգ գույներով են տեսնում իրականությունը, կա լավատեսների մի մեծ բանակ, որը փորձում է այս դժվար ու դաժան օրերում ինչ որ մխիթարական բաներ գտնել, ինչ որ օգտակար խորհուրդներ տալ մարդկանց։ 

Ի՞նչ են առաջարկում նրանք։ Ասում են, սա հրաշալի հնարավորություն է մոտիկից շփվել մեր ընտանիքների անդամների հետ, որոնց օրերով չէինք տեսնում «նախկին կյանքում», կամ՝ հպանցիկ էինք տեսնում։ Ասում են՝ արժե փոքր ինչ դադար առնել եւ հետ նայել։ Կարգավորելով մտքերն ու անելիքները։ Ասենք՝ վաղուց հետաձգված ինչ որ գործեր արեք, օրինակ՝ ձեր արխվները կարգի բերեք, լուսանկարների ալբոմները դասավորեք, փոշով պատված հին դարակները դասավորեք։ Ասում են՝ այս օրերին կարելի է կարդալ։ Չէ որ մենք տարիներ շարունակ ժամանակ չենք ունեցել կարդալու համար եւ յուրաքանչյուրիս գրապահարանում մի տասնյակից ավելի չկարդացած գրքեր են հավաքվել, որոնք պատրաստվում էինք կարդալ «թոշակի գնալուց հետո»։ 
Ամենակարեւորը՝ կա համացանցը, իր ֆանտաստիկ հնարավորություններով, որի շնորհիվ կարող ենք ֆիլմեր նայել, համերգներ ունկընդրել, շրջել աշխարհի հայտնի թանգարաններով, վերջապես՝ հեռավար ուսուցման դասընթացների մասնակցել։ Նրանք, ովքեր տարիներով ժամանակ չեն ունեցել օտար լեզու սովորելու, ինչ որ դիսցիպլին ուսումնասիրելու, այսօր եկել է դրա ժամանակը։ Այս տնային բանտարկության օրերը կարճելուն մեզ կօգնի նաեւ հեռախոսակապը։ 

Մի պահ պատկերացրեք, թե 18-19-րդ դարերում ինչ դաժան պատիժ կարող էր դառնալ այս ինքնամեկուսացումը՝ երբ չկար հեռուստացույց, հեռախոս, ինտերնետ։ Այնպես որ մխիթարվենք, որ այս ամենը տեղի է ունենում 21-րդ տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում։ 
Եւ վերջում, հուսանք, որ այս ընթացքում՝ երբ մենք կարդում ենք, սովորում ենք, ինքնակրթվում եւ ինքնազբաղեցնում ենք մեզ, աշխարհի գիտնականները տքնաջան աշխատանք են կատարում՝ մարդկությանը սպառնացող այս չարիքի բուժման մեթոդը եւ վակցինան գտնելու համար։ Հուսանք, որ այն գտնվելու է եւ մենք տեսնելու ենք կովիդ-19-ի պարտությունը մարդկային հանճարի եւ ստեղծագործ մտքի առաջ։