Հանրաքվեն հետաձգելու իրավական ճանապարհ չկա

Հանրաքվեն հետաձգելու իրավական ճանապարհ չկա

Հայաստանում եւս մոլեգնում է աշխարհին պատուհասած կորոնավիրուսը, երեկ վարակակիրների թիվն ավելացավ եւս երկուսով՝ դառնալով ութը։ Լուրեր կան հոսպիտալացված անձանց մասին, որոնց թեստերը դեռ արվում են։ Կառավարությունում հրավիրված խորհրդակցությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր ուսումնական հաստատությունները մինչեւ մարտի 23-ը չեն աշխատելու։ Իսկ ի՞նչ ընթացք կունենա քարոզարշավը, եւ ի՞նչ ավարտ կունենա հանրաքվեն, ու արդյոք դրան կարո՞ղ է խանգարել կորոնավիրուսը։ Իշխանական շրջանակներում, մեր տեղեկություններով, խիստ անհանգիստ են, այս պահին՝ գործող օրենսդրությամբ, հանրաքվեն հետաձգելու իրավական հնարավորություն չկա, ավելի ճիշտ՝ օրենքում կա բաց, որը պետք է կա՛մ լրացնել, կա՛մ խախտումներով հետաձգել հանրաքվեն՝ այնպես, ինչպես սահմանեցին։
ՀՀ օրենսդրության համաձայն՝ հանրաքվեն կարող է հետաձգվել միայն ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում, սակայն եթե նույնիսկ արտակարգ դրություն հայտարարվի, ինչն օրենքով նույնպես անհնար է, քանի որ, համաձայն Սահմանադրության, արտակարգ դրություն հայտարարվում է «սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում», իսկ համաճարակը դժվար թե սպառնա սահմանադրական կարգին, միեւնույն է՝ օրենքում կա բաց եւ հստակ պայման, որ հանրաքվեի ժամկետները հնարավոր է կասեցնել միայն այն ժամանակ, երբ հանրապետության նախագահը դեռ չի ստորագրել հանրաքվե անելու հրամանագիրը։ Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքի 6-րդ հոդվածն ասում է․ «Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից»։ Միեւնույն ժամանակ հավելում է․ «Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչեւ հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են եւ վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո»: 
Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ, մի կողմից, օրենքը չի թողնում չեղարկել կամ կասեցնել հանրաքվեն, մյուս կողմից՝ գործ ունենք հանրությանը սպառնացող վտանգի հետ։ Ի՞նչ կարող է անել իշխանությունը՝ միակ ճանապարհը հապճեպ օրենսդրական փոփոխություն իրականացնելն է։ «Կա՛մ պետք է օրենքում ավելացնեն, որ համաճարակի դեպքում հետաձգվում է հանրաքվեն մինչեւ համաճարակի ավարտը, կա՛մ պետք է ավելացնեն, որ համաճարակը եւս առիթ է արտակարգ դրության»,- ասաց մեր իրավաբան զրուցակիցը։
Ի դեպ, եթե գնան երկրորդ ճանապարհով, ապա նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն, համաձայն օրենքի, անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում։
Ուշագրավ է, որ երեկվա դրությամբ այդպես էլ չհայտարարվեց, որ հանրաքվեի քարոզարշավը դադարեցվում է, վարչապետ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ ընդհատում է արձակուրդը, վերադառնում մարզից, որպեսզի զբաղվի կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպման հարցերով։
Նախօրեին, երբ դեռեւս Հայաստանում երեք վարակված կար, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, դադարեցնեն հանրաքվեի քարոզարշավը, քանի որ մարդկային կուտակումները առողջապահական կազմակերպությունները չեն խրախուսում։ «Անգլիայում լեփ-լեցուն մարզադաշտում անցկացվում են սպորտային միջոցառումներ, եւ Աստված տա՝ չդադարի, բարեբախտաբար, Չինաստանում գրեթե դեմն առնվել է, մեզ մոտ՝ մեր հայրենիքում, բարեբախտաբար, երեւի շնորհիվ նաեւ մեր ժողովրդի կենսախնդության, ապրելու նկատմամբ հավատի եւ սիրո ու տրամադրության, կարծում եմ, որ այս վիրուսն անելու լուրջ բան չունի»,- ասաց պրն Աղազարյանը։ Այդուհանդերձ, իշխանական պատգամավորը հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ ցուցաբերել «քաղաքացիական պատասխանատվություն», եւ եթե Հայաստան են վերադարձել վարակի ավելի ծանր աստիճան ունեցող երկրներից, չշփվել մարդկանց հետ, վատ զգալու դեպքում դիմել բժշկի։ Դիտարկմանը, որ եթե իշխանությունը հենց օդանավակայանից նրանց մեկուսացներ, գուցե այսքան չտարածվեր, Աղազարյանը կրկնեց նախկին միտքը․ «Դրա համար եմ ասում, որ պետք է քաղաքացիական պատասխանատվություն ունենալ, վատ զգալու դեպքում անմիջապես դիմել բժիշկի»։ Աղազարյանի գնահատմամբ, այս պահին հանրաքվեն հետաձգելու անհրաժեշտություն չկա, թե ինչ կլինի 15 օր անց, չի կարող ասել։ Բա ասում եք՝ մենք կենսախինդ ազգ ենք, մեզ բան չի սպառնում․ մեր դիտարկմանն ի պատասխան, Աղազարյանն արձագանքեց․ «Այո, ես այնքան վստահ եմ, որ տղայիս հարսանիքն էլ եմ ապրիլի 3-ին անելու»։