Կրկնակի  պարգեւատրում՝  կնիք դնելու համար  

Կրկնակի  պարգեւատրում՝  կնիք դնելու համար  

Հրազդանի  քաղաքապետ Սեւակ Միքայելյանը 7 ամիս է,  ինչ պաշտոնավարում է: Այս ժամանակահատվածում համայնքում որոշ աշխատանքներ կատարվել են, սակայն ոչ թե համայնքի բյուջեով, այլ Միքայելյանի միջոցներով, քանի որ, ըստ քաղաքապետի, համայնքի բյուջեն դատարկ է:  Միքայելյանը համայնքի դատարկ բյուջեով տարեվերջին պարգեւատրեց  իրեն, օգնականներին, խորհրդականներին, բաժնի պետերին՝ մեկ աշխատավարձի  չափով:   Պարզվում է, որ Հրազդանի քաղաքապետարանում կրկնակի պարգեւավճար են ստանում՝ փաստաթղթի վրա կնիք դնելու համար: 

Քանի որ Հրազդանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատուն զբաղվածության  պատճառով ժամանակ չունի մեր հարցերին բանավոր պատասխանել, մենք հարցերը գրավոր ուղարկեցինք: 

- 2018թ. տարեվերջին քաղաքապետարանի աշխատակազմը 1 ամսվա աշխատավարձի չափով պարգեւավճարներ ստացավ: Այս 4 ամիսների ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմը (կամ համայնքապետարանի որեւէ գլխավոր պաշտոն զբաղեցնող անձը) կրկի՞ն պարգեւավճար ստացել է 1 ամսվա աշխատավարձի չափով: Եթե այո, ապա ո՞ր կատարած աշխատանքի համար:
 
- Վերջին 4 ամիսների ընթացքում մեկ աշխատավարձի չափով պարգեւատրվել է աշխատակազմի  քարտուղարը՝ իր պարտականությունները բարեխղճորեն կատարելու, բացի ՔԿԱԳ բաժնի պետի պաշտոնակատարի պարտականությունները, 2018 թվականի դեկտեմբերի 12-ից մինչեւ 2019 թվականի ապրիլի 4-ը համատեղ կարգով աշխատելու համար, ինչի արդյունքում բյուջեից խնայվել է մոտ 1մլն ՀՀ դրամ: 

- Բացի քաղաքապետարանի աշխատակազմից, պարգեւավճարներ ստացել են ՀՈԱԿ-ների տնօրեններն ու աշխատակիցները: Որքա՞ն է կազմել պարգեւավճարների ընդհանուր գումարը:

 - Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ պարգեւատրվել են «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի 25 աշխատակիցներ՝ մաքրուհիներ, յուրաքանչյուրը 15000-ական դրամով: Պարգեւատրման ընդհանուր գումարը կազմել է 375 ՀՀ դրամ: 

- Համայնքապետարանի աշխատակազմում քանի՞ հայեցողական պաշտոններ կան:  

- Համայնքապետարանի աշխատակազմում հայեցողական պաշտոնների վերաբերյալ վերջին ամիսների ընթացքում Ձեր կողմից իսկ բանավոր կերպով հարցում իրականացվել է եւ տրվել է պատշաճ պատասխան: 

 -100 օրը լրանալուց հետո քաղաքապետը լռեց: Ե՞րբ տեղի կունենա քաղաքապետ Սեւակ Միքայելյանի մամուլի ասուլիսը: 

-100 օրը ասվածը օրենքով ամրագրված չի: Համայնքի ղեկավարը պարբերաբար համայնքում իրականացված աշխատանքները հանրայնացնում է իր ֆեյսբուքյան եւ համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով: Մամուլի ասուլիսի վերաբերյալ այս պահին հստակ ոչինչ ասել չենք կարող:

Հ.Գ. Ստացվում է, որ Հրազդանի նորընտիր քաղաքապետը նախորդինի պես  խուսափում է մամուլի ասուլիսով հանդես գալ եւ հարցերին սկսում է գրավոր ձեւով պատասախանել, իսկ  գրավոր հարցերն ու  դեմ առ դեմ  հարց ու պատասխանը միանգամայն տարբեր բաներ են:  Քաղաքապետարանի  մամուլի պատասխանատուն  էլ՝  թող չսահմանափակվի  քաղաքապետի որեւէ  աշխատանքի մասին լուրեր տարածելով, այլ  ալարի  բանավորից բացի, հարցին գրավոր պատասխանել: