Ի՞նչ հակադրել նեոբոլշեւիզմին եւ թալանի խոսույթին

Ի՞նչ հակադրել նեոբոլշեւիզմին եւ թալանի խոսույթին

Հայաստանյան քաղաքական ամռան թվացյալ անհոգությունն իրականում խիստ մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, թե ինչ արագությամբ են զարգանում դեպքերը մեր անմիջական հարեւանությամբ։ Մենք դեռեւս շարունակում ենք կրել հաղթվածի խարանը եւ հետպատերազմյան նման նինջի կամ արբեցման դեպքում կարող ենք ընդհուպ դուրս մղվել աշխարհի քաղաքական քարտեզից։ Տարիներ առաջ ո՞վ կպատկերացներ, որ որպես նոմինալ միավոր՝ Հայաստանը կարող է իրապես կանգնել կորստյան սպառնալիքի առջեւ, երբ անգամ Ռուսաստանի հետ միութենական պետությունը կներկայացվի որպես փրկության ճանապարհ եւ չարյաց փոքրագույն։ «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկող երիտասարդությունն արդյոք այսպիսի՞ երկիր ու մթնոլորտ էր ուզում տեսնել եւ հիմա իրեն ավելի ամո՞ւր է զգում հայրենի հողի վրա։

Անկախության սերնդի գաղափարական հենասյուն դարձած արցախյան ազատամարտն ու փառավոր հաղթանակը, հաճախ նաեւ հանիրավի, ժամանակին վերագրվեցին նաեւ դրա հետ քիչ աղերս ունեցող մարդկանց, բայց հանրությունն ըմբռնումով մոտեցավ դրան՝ թերեւս հաղթողի մեծահոգությամբ։ Աղետալի պարտության բեռը, սակայն, այդպես էլ ոչ ոք չստանձնեց։ Արեւմտյան Հայաստանի վերադարձի մասին բարձրաձայն խորհող մտավորականությունն ու հասարակական դաշտն անպատվաբեր լռություն պահպանեցին Շուշին, Քարվաճառը, Շուռնուխը, Որոտանը, շուտով նաեւ՝ Երասխն ու Ոսկեպարը թշնամուն օտարելու դավադիր գործողությանը։ 2020-ի հոկտեմբերի սկզբից լավ իմանալով ճակատում իրերի իրական դրությունը՝ կարծիքի առաջնորդները, թերեւս զգուշանալով քրեորեն հետապնդվելուց, լուռ սպասեցին պարտության արձանագրմանը, անգամ ձայնակցեցին «Հաղթելու ենք» մանտրային։

Այն, որ հայ ժողովուրդն իր հավաքական կամարտահայտությամբ աններելի սխալ է գործել՝ իշխանության բերելով Նիկոլ Փաշինյանին, դեռեւս չի նշանակում, որ այդ ժողովուրդը վերջնականապես եւ անդառնալիորեն դատապարտված է, իսկ երկիրն էլ՝ մեկընդմիշտ կորսված։ Նույն այդ ժողովուրդն իր մեջ կգտնի՞ կամք՝ շտկելու սեփական սխալն ու ի վերջո հանգուցալուծելու մեկուկես տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամը, դա էլ կտա ժողովրդի կենսունակության հարցի պատասխանը։ Իր աննախադեպ ռեկորդներով հպարտացող Փաշինյանն իրապես հաջողել է մի աննախադեպ արդյունք գրանցել՝ զրոյացնել Երրորդ հանրապետության պատմությունը, արժեքները, հիմնադրույթները, գոյության իմաստը՝ առհասարակ։ Այդ պատմության ինստիտուցիոնալ կրողները՝ ՀՀ նախկին երեք նախագահները, ե՛ւ պատերազմի օրերին, ե՛ւ դրանից հետո հանդիպել են, եւ դա իրապես ուրախալի լուր էր։

Այսօր, սակայն, ներընդդիմադիր ճամբարավորումներից ելնելով, նախկին նախագահներին գրեթե անհնար է մեկտեղել, այն դեպքում, երբ դա իրապես Փաշինյանի գիշերային մղձավանջը կլիներ, միաժամանակ կնշանավորեր նաեւ քաղաքական վերածնունդը կամ ճահճացման հաղթահարումը։ Բողոքավոր զանգվածը կարոտ է ճշմարիտ առաջնորդի, եւ անիմաստ է հույս դնել ինքնակազմակերպման, ապակենտրոնության կամ ժողովրդի բնազդի վրա, դրանք չեն կարող փոխարինել ընդդիմադիր լիդերին։ Արդյունքում՝ տեւականորեն չի հաջողվում պաշտոնազուրկ անել Փաշինյանին, իսկ նրա մոլեռանդ պաշտպանները, որոնք, բացի վարչական ռեսուրսով տարբեր հավաքների բերվող զանգվածից, իրապես ապրում են մեր կողքին, կենդանական սարսափ են ներշնչում անհայրենիքության եւ կռապաշտության իրենց մակարդակով։

Այդ ագրեսիվ փոքրամասնությանը կարելի է հավերժ սնուցել նախկինների եւ թալանի իռացիոնալ խոսույթով, կողոպտված լինելու զգացումը քաղաքականապես ձեւակերպել որպես իդեա-ֆիքս։ Ինչպես ցանկացած աղքատ երկրում, այդ թվում՝ նոր խորհրդայնացած Հայաստանում, այդ նեոբոլշեւիկյան թեզը լիուլի կօգտագործվի։ Ընդդիմությանը մնում է դրա անխոցելի հակամիջոցը գտնել եւ այն իբրեւ գործիք ծառայեցնելով՝ գլուխ բերել իշխանափոխության դժվարին առաքելությունը։

Դավիթ Սարգսյան