ԿԸՀ-ն ո՞նց է թիվ փոխում ինքն իրենով

ԿԸՀ-ն ո՞նց է թիվ փոխում ինքն իրենով

ՀՀԿ-ն չի բողոքարկի ընտրության արդյունքները։ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը կարծում է՝ որոշակի խախտումներ եղել են, բայց դրանց ծավալը չէր կարող ազդել ընտրության արդյունքների վրա։ ՀՀԿ-ին մոտ 4 հազար ձայն էր պակասում, որ հաղթահարեր անցողիկ 5 տոկոսանոց շեմը։ Ու հիմա կասկած ունեն, որ տեղամասերում ՀՀԿ-ի քվեաթերթիկները պակաս են հաշվել, անվավեր են ճանաչել։ Եթե 2 հազար տեղամասից յուրաքանչյուրում 2-3 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչեին կամ պակաս հաշվեին, բավական էր, որ այդ 4 հազար ձայնը պակասեր ՀՀԿ-ից։ Բայց Հարությունյանն իրատեսական չի համարում այդ բոլոր տեղամասերը ստուգելը։ Նրանք ընդունում են ընտրությունների արդյունքները, ինչպես ժամանակին ընդունեց 2017-ի ընտրությունների արդյունքները Նիկոլ Փաշինյանը։

Ընտրությունների օրը ԿԸՀ-ին զուգահեռ իր առանձին հաշվարկն էր կատարում shantnews.am լրատվական կայքը, երբեմն ԿԸՀ-ից ավելի արագ, բայց ինչ-որ պահի «Շանթի» հաշվարկը կանգնեց, հետո սկսեց ԿԸՀ-ն առաջ անցնել, ու ՀՀԿ-ի, նաեւ ՀՅԴ-ի ձայները սկսեցին նվազել, եւ սա կասկածների տեղիք տվեց, թե գուցե ինչ-որ մանիպուլյացիաներ են արվել թվերի մեջ, քանզի մի պահ shantnews.am-ի տվյալներով՝ ՀՀԿ-ն ուներ 4.8 % ձայն, հետո ԿԸՀ-ի տվյալներով դա դարձավ 4.7 տոկոս։

Shantnews.am-ի խմբագիր Աղասի Հունանյանն այս առնչությամբ ասաց․ «Չկանգնեցվեց, մենք ոչ բոլոր ընտրական տեղամասերից ինֆորմացիա ունենալու հնարավորություն ունեինք, խնդիրը դա է։ Էդ որ ասում են՝ մեր մոտ ուրիշ թվեր էին, հետո ԿԸՀ-ի մոտ ուրիշ թվեր էին, դա պարզ ստախոսություն է, որովհետեւ դրանից հետո ԿԸՀ տվյալներում էլի բարձրացավ ՀՀԿ-ինը՝ էդ մեր տվյալների ոտքի կանգնելուց հետո, էլի հասավ 4.7-8-ի, էլի իջավ։ Էդ ի՞նչ ա նշանակում՝ ԿԸՀ-ն է՞լ էլի կտրուկ բարձրացրեց, իջացրեց։ Էդ նույն սցենարն ա, ուղղակի ԿԸՀ-ն ավելի դանդաղ էր գալիս, եկավ կրկնեց մեզ, հետո եկավ, անցավ-գնաց իր ուղղությամբ»։ Ըստ նրա՝ իրենք եւ ԿԸՀ-ն տարբեր տեղամասերից էին տվյալներ ամփոփում, հետեւաբար, կարող էր տարբերություն տալ։ Հունանյանը, սակայն, չասաց, թե իրենք ինչ սկզբունքով էին այդ հաշվարկը կատարում՝ համարելով դա «մասնագիտական գաղտնիք»։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ասաց, որ ինքը չգիտի՝ shantnews.am-ն ինչպես է հաշվարկել, ինչ տեղեկատվական աղբյուրից է օգտվել։ Նաեւ նշեց, որ ԿԸՀ-ն առայժմ նախնական տվյալներն է հրապարակել, դեռ վերջնական արդյունքները չկան․ «Վերջնական տվյալներն ամփոփվում են վերջնական արձանագրությամբ։ Հիմա մենք ունենք վերահաշվարկներ, նույն թեկնածուները դիմում են, ասում են՝ մեխանիկական ինչ-որ խնդիրներ կան, թիվն արձանագրության քաղվածքի մեջ այլ է, բայց կայքում այլ թիվ է ֆիքսված։ Էդ ամբողջի ճշգրտման աշխատանքներն են կատարվում հիմա»։

- Այդ դեպքում կարող է կասկած առաջանալ, թե ինչո՞վ վստահ լինենք, որ ԿԸՀ-ում ինչ-որ թվեր չեն փոխվել։

- Դրա համար գոյություն ունի արձանագրություն, գոյություն ունի գրանցամատյան, էդ բոլորը հրապարակային է, կարող են գալ, վերցնել, նայել, ծանոթանալ, համոզվել։ ԿԸՀ-ն ո՞նց է թիվ փոխում ինքն իրենով։

- ԿԸՀ-ի հրապարակած տվյալների նկատմամբ միշտ կասկած եղել է թե՛ նախորդ իշխանության օրոք, թե՛ հիմա։ Դուք բացառո՞ւմ եք, որ բացի մեխանիկականից, որեւէ այլ սխալ լիներ։

- Միանշանակ եմ բացառում, ու բոլորը կարող են դրանում համոզվել, որովհետեւ տեղամասերում եղել են վստահված անձինք, դիտորդներ, ստացել են էդ արձանագրությունները, դրանք կարող են վերցնել, համեմատել։ Ես նշեցի, որ կարող են լինել առանձին տվյալներ, որոնք բացառապես մուտքագրման անճշտություն կարող են լինել։

- Ասենք, ՀՀԿ-ի դեպքում 4 հազար ձայն էր պակասում, եւ բավական էր, որ ամեն տեղամասից 1-2 ձայնի անճշտություն լիներ, կամ անվավեր ճանաչեին, սխալ հաշվեին, ինչ-որ մեկն աչք փակեր, «չնկատեր»․․․

- Չէ, բայց ինչի՞ց ենք ենթադրում, որ ինչ-որ մեկն աչք ա փակում կամ ինչ-որ մեկը չի նկատում։ Դրա համար գոյություն ունի հանձնաժողովի անդամների ինստիտուտ, որոնք նշանակվում են կուսակցությունների կողմից։

- Ենթադրում ենք նրանից, ինչից որ ենթադրում էինք նախորդ իշխանության ժամանակ։

- Այսի՞նքն։

- Դե, ինչ կասկածներ որ կային նախորդ իշխանության ժամանակ, այդ նույն կասկածները կարող են հիմա էլ լինել։

- Ներողություն, ես խոսում եմ փաստերով, ոչ թե կասկածներով։ Հանձնաժողովներում կա բազմակուսակցական կազմ, հանձնաժողովներն աշխատում են, էդ ամբողջն իրենք են հաշվարկում, ֆիքսում, ամբողջ գործընթացին հետեւում են վստահված անձինք, դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։ Եթե որեւէ խնդիր լիներ, ես վստահ եմ, որ էդ մասին շատ ավելի շուտ բարձրաձայնված կլիներ։