Աշխարհի ոչ մի երկրում չեն խոչընդոտում Կարմիր խաչի աշխատանքը

Աշխարհի ոչ մի երկրում չեն խոչընդոտում Կարմիր խաչի աշխատանքը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անցած շաբաթ հայտարարություն էր տարածել՝ «Ադրբեջանը դիտավորյալ խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունը»։

«Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է ԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլեւ կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սրանով․․․ անտեսում է ՄԻԵԴ 2022 թ․ դեկտեմբերի 21-ի որոշումը, որով պարտավորեցրել է Ադրբեջանին՝ ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը»:

Ապրիլի 29-ից ամբողջությամբ դադարել են ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։ «Ադրբեջանական կողմն առաջ է քաշել հավելյալ պայմաններ՝ պահանջելով ստուգել բուժառուներին տեղափոխող մեքենաները, ինչպես նաեւ Կարմիր խաչի աշխատակիցների եւ բուժառուների անձնագրերը՝ խախտելով մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման»: Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Կարմիր խաչն անգամ դեղորայք մատակարարի Արցախ:

Մենք տեղեկացանք, որ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի նկատմամբ այս ճնշումները նոր չեն` վաղուց են սկսվել: Նախ՝ Ադրբեջանը պարտադրել է, որ Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժի ռեժիմն իրենց նախապես տեղեկացնեն: Ապա պահանջել են, որ հիվանդների ցանկը նախապես տրամադրեն իրենց: Հետո՝ բեռների ցանկը տրամադրեն: Որոշել են, որ այլ երկրներից եկող բեռներ չեն կարող բերվել՝ միայն Հայաստանից: Մինչդեռ սփյուռքի հայ համայնքներից մեծ թվով բեռներ էին գալիս Արցախ: Հետո պահանջել են, որ Կարմիր խաչի մեքենաներն արտաքին զննման ենթարկվեն սահմանի վրա: Ավելի ուշ արտաքին զննումը փոխարինվել է ներքին զննմամբ` բեռների պարունակությունն են ստուգել: Դրան հաջորդել է Կարմիր խաչի մեքենաների վարորդների փաստաթղթերի ստուգումը, ավելի ուշ` նաեւ հիվանդների անձնագրերի, ինչը միջազգային նորմերով արգելված է, եւ աշխարհի ոչ մի երկրում Կարմիր խաչը նման սահմանափակումների չի ենթարկվում: Ապա պահանջել են, որ Արցախի Կարմիր խաչը ենթարկվի Ադրբեջանի Կարմիր խաչին, մինչդեռ Կարմիր խաչի արցախյան մասնաճյուղն ուղիղ ենթակայություն ունի Ժնեւի կենտրոնակայանին, իսկ Հայաստանի Կարմիր խաչի գրասենյակը միայն աջակցում է: Արցախի Կարմիր խաչի գրասենյակում օտարազգի աշխատակիցներ կան, արոնց մուտքն Արցախ խոչընդոտվում է, վիզա են ստանում Ադրբեջանից եւ այլն:

Այս պայմաններում էլ Ադրբեջանը խոսում է անարգել տեղաշարժի մասին, երբ անգամ Կարմիր խաչը չի կարողանում հումանիտար եւ առողջապահական առաքելություն իրականացնել: Այս մասին փորձեցինք ստանալ Կարմիր խաչի մեկնաբանությունը, բայց այս կառույցը, որպես կանոն, հրաժարվում է տեղեկատվություն տալ անգամ իր աշխատանքի առաջ հարուցված արգելքների մասին: Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն մի քանի հարց ուղղեցինք:

- Արցախի ՄԻՊ-ը հստակ նշում է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի աշխատանքը:

- Չեմ կարող մեկնաբանել որեւէ կողմի հայտարարությունը, որովհետեւ ես տվյալ անձի խոսնակը չեմ, ես Կարմիր խաչի խոսնակն եմ, իսկ Կարմիր խաչը չեզոք կազմակերպություն է:

- Ե՞րբ է խոչընդոտվել Կարմիր խաչի աշխատանքը:

- Չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ մենք ճշտում ենք որոշակի հանգամանքներ` մեր գործողությունների հետ կապված, որպեսզի կարողանանք վերսկսել աշխատանքը:

- Ի՞նչն է խնդիրը, որ չեք ասում:

- Չեմ կարող ասել, դրանք քննարկվում են կողմերի հետ, եւ մեզ համար կարեւոր է, որ ճշգրտվեն որոշակի ընթացակարգեր, որոնք կապված են մեր գործողությունների հետ: Այժմ այդ ընթացքում են պրոցեսները:

- Վերջին անգամ ե՞րբ են Արցախից Երեւան հիվանդներ տեղափոխվել:

- Վերջին անգամ տեղափոխություն եղել է ապրիլի 29-ին:

- Իսկ դրանից հետո՞:

- Դրանից հետո չի եղել տեղափոխություն` կապված ընթացակարգերի ճշտման հետ:

- Ի՞նչ ընթացակարգի մասին է խոսքը:

- Չենք կարող մեկնաբանել նման բաներ: Խնդրում եմ ինձ մի ճնշեք: Մենք նեյտրալ կազմակերպություն ենք, դուք ոչ մի ինֆորմացիա չեք ստանա այդ մասով: