Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներին մի կերպ են համոզել
Գյումրիում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ճգնաժամ է հասունացել։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող շուրջ 2000-ից ավել ՀՈԱԿ աշխատակիցների աշխատավարձերը փոխանցող չկա։ Գյումրիի համայնքապետարանը կոլապսի մեջ է, համայնքը ղեկավար ու տեղակալներ չունի, չկան ո՛չ ֆինանսական, ո՛չ քաղաքաշինական, ո՛չ վարչական վարույթների գծով պատասխանատուներ։ Ավելի վաղ գրել էինք, որ «Բալասանյան դաշինքի» 14 ավագանու անդամների, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացվել էր, աշխատողները մասսայաբար հրաժարականի դիմում են գրում։
Hraparak.am-ը տեղեկացավ, որ այսօր արդեն լցվել է կոմունալ բաժնի աշխատակիցների համբերության բաժակը եւ առավոտյան հայտարարել են, թե գործադուլ են անում, հրաժարվել են մաքրել փողոցները, աղբահանություն իրականացնել։ Մինչ մենք տեղում փորձեցինք պարզել, թե ինչ է կատարվում, տեղեկացանք, որ համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտակ Ոսկանյանին հաջողվել է համոզել աշխատակիցներին, դադարեցրել են երկուժամյա գործադուլը։ Թեև Ոսկանյանին հանդիպել մեզ չհաջողվեց, բայց մաքրուհիներից մեկի հետ զրույցում պարզեցինք, որ բաժնի պետը հավաստիացրել է, թե աշխատավարձերի հարցը կարգավորած է եւ ընդամենը երկու օր համբերելու դեպքում՝ նոյեմբերի 15-ին կվճարվեն։ Խնդիրը կարգավորվել է Տարածքային կառավարության եւ ֆինանսների նախարարության շնորհիվ։
Ի դեպ, քաղաքապետարանի ամենաաշխատատարը եւ ամենածախսատարը կոմունալ բաժինն է։ «Թե չվճարեցին, էս ցախավելը գիտեք՝ ուր կմտցնեմ․․․․»,- բարկացած ասաց մաքրուհին՝ խնդրելով չլուսանկարել եւ չհրապարակել անունը։
Նկատենք, որ Հանրապետության երկրորդ քաղաքի փողոցներում արդեն իսկ աչքի համար անսովոր աղբակույտեր են նկատվում, աղբամանները նախկին օրերի նման ժամանակին չեն դատարկվում ։
Կարծիքներ