Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներից 6 հոգու բերման ենթարկեց

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներից 6 հոգու բերման ենթարկեց

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումը՝ «Կարմիր բերետները», ուրբաթ առավոտյան բերման են ենթարկել փաստաբան, «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանին, ով իր կողմնակիցների հետ փակել էր Նալբանդյան փողոցն ու իրազեկման ակցիա էր անցկացնում՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել երեկոյան 18:30-ին ծրագրված հանրահավաքին։ 

Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ բերման ենթարկված անձանց տարել են ոստիկանության տարբեր բաժիններ. «Սախարովի հրապարակից 6 անձ բերվել է ոստիկանություն ՎԻՎ 182 հոդվածով (հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար»։

Հիշեցնենք, որ Երևանում արդեն մի քանի օր է՝ ինչ անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից հանրայնացնել Ադրբեջանի հետ նախատեսվելիք սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին փաստաթղթի բովանդակությունը։