Ինչո՞ւ Իրանը չի հարվածի Ադրբեջանին
Տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Իրանի նախագահ Փեզեշքիանը՝ Իսրայելին ուղիղ հարված հասցնելու փոխարեն այլ տարբերակ էր առաջարկել: Մասնավորապես, նա առաջարկել էր հարվածել Ադրբեջանում և Քուրդիստանում իսրայելական օբեյտկներին ու տվյալ երկրների հետ համաձայնության գալով այս հարցը փակել: Վերջինիս այս առաջարկությունը բացատրվում էր այն հանգամանքով, որ Փեզեշքիանն այդպիսով փորձում է խուսափել Իսրայելի հետ ուղիղ պատերազմի մեջ մտնելուց:
Քաղաքական վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ արտահոսքերին հակված չէ շատ հավատալ:
«Ինչո՞ւ, որովհետև իրենք կարող են ցույց տալ ընդհանուր տրամաբանությունը, թե ինչ մթնոլորտ կա, իսկ ֆակտոլոգիան կարող է իրականությունից մի քիչ հեռու լինել: Ես կարող եմ ընդունել և համաձայնվել այն մտքի հետ, որ այո, Իրանը դեռ, փաստացի ներսում քննարկում է, թե ինչպես պատասխանել: Բայց նախապատրաստական աշխատանքները բոլորս տեսնում ենք. Իրանի ՀՕՊ համակարգերն արդեն վերջին օրերի ընթացքում մարտական պատրաստվածության վիճակում են գտնվում, բանակցություններ և հանդիպումներ են Ռուսաստանից ներկայացուցիչների հետ՝ նկատի ունեմ, որ օրակարգը կա: Թե ինչքանով է դա ուղղված Իսրայելի դիրքերին՝ դա ուրիշ հարց է»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:
Նա նկատեց, որ Իրանում շահագրգռված չեն ստեղծել լարվածություն իրենց ուղղակի սահմաններին մոտ: Իրանը երկար տարիներ շարունակ պայքարում էր մեկ սպառնալիքի դեմ իր սահմաններից հեռու, թույլ չտալ, որ սպառնալիքը լինի ուղղակի իր սահմանի մոտ: Հետևաբար, կրակ վառել իր սահմանի մոտ՝ հարվածելով Ադրբեջանին, Իրանում դրան պատրաստ մարդիկ այդքան շատ չկան:
«Ինչ վերաբերվում է ուղղակի կամ անուղղակի պատասխանին, շատ կարևոր է ներքաշված չլինել Իսրայելի դեմ պատերազմին, որտեղ Իսրայելի կողքին ուղղակի կանգնած կլինեն իր դաշնակիցները՝ առաջին հերթին ԱՄՆ-ն, որովհետև Իրանը այսօր պատրաստ է բանակցությունների ԱՄՆ-ի հետ, որպեսզի ինչ-որ մի ձև պայմանավորվածության գան: Հետևաբար, ոչ պրոպորցիոնալ պատասխանը կարող է բերել էսկալացիայի աճման ուղղությամբ, որում թե Իրանը, թե ԱՄՆ-ն շահագրգռված չեն»,-ասաց Մելքոնյանը:
Պատասխանի տարբեր տարբերակներ կարող են լինել՝ հարվածներ Իսրայելի երրորդ երկրների տարածքում կամ Իրանի գործընկերների և պրոքսիների, դաշնակիցների միջոցով հարվածել ուղղակի Իսրայելի տարածքին և այլն: Բացի այդ, կարելի է տեսնել, որ Իրանն իր պատասխանի գինն է «թանկացնում»՝ նկատում է քաղաքական վերլուծաբանը: Դա հասկանալի է Իրանի գործողություններից, թե ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ են տարվում, տարվող քարոզչությունը, որ Իրանը շուտով լայնամասշտաբ պատասխան է տալու Իսրայելին և այլն, և այլն:
«Դա փաստացի իր պատասխանի գինն է ավելացնում, որը Իրանը կարող է օգտագործել բանակցությունների ժամանակ: Օրինակ, այս քայլը չենք կարող թողնել անպատասխան, բայց այս քայլին չենք հասցնի, դրա փոխարեն եկեք այլ հարցով պայմանավորվենք՝ լինի դա Գազայի շուրջ, լինի դա Հեզբոլլահի վերաբերյալ, թե լինի դա ուղղակի Իրան-ԱՄՆ պայմանավորվածություն, սանկցիաների շուրջ, թե մի այլ բան»,-եզրափակեց Սերգեյ Մելքոնյանը:
Կարծիքներ