Իրեն այդպես չէր կարող պահել Լիբանանի կամ Հալեպի հայ համայնքի մոտ

Իրեն այդպես չէր կարող պահել Լիբանանի կամ Հալեպի հայ համայնքի մոտ

Հարցազրույց գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի հետ

- Պարոն Ղարաբաղցյան, մայիսի 9-ի՝ մեր երբեմնի եռատոնի օրը որտե՞ղ եւ ինչպե՞ս դիմավորեցիք։

- Այսօր սովորական օր չէ ոչ մի հայ մարդու համար, ոնց որ չար երազի մեջ լինենք ու կարծես չենք էլ արթնացել։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում մեզ հետ․․․

- Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի պետական մակարդակով ոչ մի պաշտոնյա չգնաց Եռաբլուր, այլ միայն՝ Հաղթանակի զբոսայգի, ինչո՞վ եք դա բացատրում։

- Նույնիսկ չեմ էլ հետեւել՝ գնացել են, թե ոչ, դա ինձ չի հետաքրքրում, որովհետեւ նրանց գնալը շատ դեպքերում՝ գիտեք ինչի է վերածվում, երեւի արդեն ամաչում էլ են Եռաբլուր գնան, կամ դա էլ հիշողության հերթական օտարումն է։ Հետո՝ նախ Եռաբլուրին արժանի պիտի լինեն, որ գնան, բայց իրենք էլ գիտեն, որ արժանի չեն այդ հողը տրորելու, այնտեղ խոնարհվելու համար։ Առավոտյան Մոսկվայի զինվորական շքերթն էի նայում, տեսա՝ մեր խեղճուկրակն էլ էր այնտեղ․․․

- Ի դեպ, Փաշինյանն օրերս խոսելով հայրենասիրության մոդելի մասին՝ նշեց, որ մեր երկրում արքաների, թագավորների արձաններ չկան, որովհետեւ հայրենասիրության մեր մոդելը պետական չէ։ Դուք տրամաբանական կապ տեսնո՞ւմ եք այստեղ։

- Նա այնքան աբսուրդ բաներ է ասում․․․ հետո՝ հայրենասիրության մոդելը ո՞րն է, հայրենասիրությունը մոդել չէ, այլ արյան բաղադրություն, պատմություն։ Երեւի ինքը դրանք չունի, դրա համար մոդել է փնտրում, բայց հայրենասիրությունը տարվա եղանակ չէ, որ դրսում ցուրտ է, դու տաք կոշիկ հագնես՝ չմրսես․․․։ Իր մտքի գոհարներին դեռ շատ կհանդիպենք, եթե այսպես շարունակվի։ Դա պետական մտածողություն ունեցող մարդու խոսք չէ, ինքը խոսքի արժեքը չգիտի, իրեն թվում է, որ 2018-ին մարդկանց խոսքերով կերակրելով եկավ, դիմացինն էլ չգիտի խոսքի արժեքը, ու թե ով է ասողը։ Հասարակության այն հատվածը, որ կլլել է այդ հաբը, շատ լավ հասկանում է, թե ում հետ գործ ունի։

- Հայրենասիրության հետ կապված դիտարկումներ Փաշինյանն արեց նաեւ օրերս՝ Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան մի նկարչի դիտարկմանը հայտարարելով, թե «հողը դուք եք հանձնել, որ եկել՝ երջանիկ կյանքով ապրում եք Պրահայում»։

- Ու իր՝ այսպես ասած, «բախտը բերեց», որ այդ նկարիչն արցախցի էր, ու ստացվեց, որ էլի Արցախն էր մեղավոր, արցախցին էլ՝ գումարած դրան։ Ես գիտեմ այդ մարդուն՝ տաղանդավոր նկարիչ է։ Եթե քո արվեստագետը դրսում է ապրում, դրսում է ստեղծագործում, դու այդ մարդու նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունք պիտի ունենաս, նա իր արվեստով ապրող մարդ է, ուրեմն պայմաններն են, չէ՞, այնքան վատը եղել, որ ուզում է Արցախում լինի, թե Գյումրիում՝ գնացել է, ընդ որում՝ այդ մարդը եզակի չէ։ Հետո՝ Պրահայի հայ համայնք ասելը մի քիչ հարաբերական է, ես այնտեղ մարդիկ տեսա, որոնք համայնքի ընտրովի մի մասն էին միայն, որովհետեւ իրենք կարծես նախօրոք պատրաստված հարցեր տային։ Օրինակ, նա իրեն այդպես չէր կարող պահել Լիբանանի կամ Հալեպի հայ համայնքի մոտ, այսինքն՝ կայացած ճակատագիր ունեցող հայ համայնքների առաջ։ Դրանք տարբեր բաներ են։

- Փաշինյանի այստեսակ հայտարարությունները եւ սփյուռքին ուղղված մեղադրական տոնը, որ նույն նկարչի արած բարեգործություններին հակադարձեց՝ «Հայաստանին չվերաբերվել որպես որբանոցի», եւս մեկ անգամ սեպ չե՞ն խրում հայրենիքի ու սփյուռքի միջեւ։

- Դա գաղտնիք չէ, ավելին՝ 2018-ից այդ նույն բաներն ասել է, հիմա ավելի պարզ լեզվով է ասում եւ ավելի ճակատային։ Նրա խոսքերի մեջ միշտ էլ մեղադրանքի տոնը, մեղավորի փնտրտուքը կա, եւ նա առիթը բաց չի թողնում՝ երկիրը, հայրենիքը դատարկելու հարցում՝ նոր մեղավորներ փնտրելու եւ մեղքերը գնացողի վրա բարդելու հարցում։ Սա նորություն չէ, նա բացահայտ ասել ու ասում է։

- Այսօր Արցախում մեծ հանրահավաք էին անում, արդեն մի քանի ամիս շրջափակված Արցախի ճակատագիրը ո՞նց եք տեսնում, եւ ի՞նչ կեցվածք ունի ստեղծված իրավիճակի լուծման հարցում թե՛ Հայաստանը, թե՛ միջազգային հանրությունը։

- Նախ՝ այդ միջազգային հանրություն ասվածը, ինչպես տեսանք, փուչիկ է՝ սկսած Ֆրանսիայի դեսպանից մինչեւ այդ եվրադիտորդները, որ պտտվում են սահմանով, ու, ինչպես նրանք պարզ խոստովանեցին, Ալիեւին են զեկուցում այդ բաները, գումարած Ֆրանսիայի դեսպանի այս խայտառակ պահվածքը։ Դրա համար, եթե պատմությանը մի քիչ տեղյակ լինեինք, այդ միջազգային հանրությանն այսքան չէինք կարեւորի, որովհետեւ նույնը նաեւ հիմա է կրկնվում։ Ինչ վերաբերում է Արցախի վիճակին, ապա միայն իշխանություններն են Արցախն օտարել, բայց Հայաստանն Արցախը չի օտարել։ Թե այսպես ինչքան կդիմանան, այդ մի բանում հաստատ վստահ եմ՝ Արցախը կդիմանա, որովհետեւ այնտեղ միայն Արցախի ճակատագիրը չի որոշվում, այնտեղ նաեւ Հայաստանի ու համայն հայության ճակատագիրն է որոշվում։

- Թե՛ Փաշինյանը, թե՛ պաշտոնատար այլ անձինք պարբերար խոսում են, որ կա էսկալացիայի մեծ վտանգ, ավելին՝ որ առկա է նոր ցեղասպանության վտանգ։ Այստեսակ հայտարարություններով նոր պատերազմի՞, թե՞ նոր զիջումների են նախապատրաստում մեզ բոլորիս։

- Նոր պատերազմներով վախեցնելով՝ հերթական զիջումներն արդարացնելու խաղն է գնում, բայց որ իրոք անհանգիստ են տարաշրջանն ու աշխարհը, էսկալացիաների վտանգը կա, միայն իր ասելով չէ, դա մենք եւս տեսնում ենք։ Բայց այդ էսկալացիաների վտանգը նաեւ մոտեցնում է օրվա իշխանությունների ամեն մի օրը, երբ նրանք իշխանության ղեկին են։ Հետո՝ այդ «նոր ցեղասպանություն» բառը պետք է մեր լեքսիկոնից հանենք, որովհետեւ նորից խեղճության է տանում, ինչի՞ց ենք վախենում, ի՞նչ նոր ցեղասպանություն, երբ 30 տարի առաջ մենք մեծ հաղթանակներ ենք կերտել։ Ընդհանրապես, հաղթանակներ կերտող ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի՝ վերականգնվի։

- Դուք հիմա մեր ժողովրդի մեջ տեսնո՞ւմ եք այդ ուժը, լինի դա Սյունիքում, որտեղ արդեն ադրբեջանցիները բնակիչների տներն են մտնում, վարելահողեր  զավթում, թե Երեւանում, գուցե ավելի շատ հաշտվողական տրամադրություննե՞ր եք տեսնում։

- Հաշտվողականությունը նույն պարտությունն է, հատկապես այս վիճակում՝ ո՞ւմ եւ ինչի՞ հետ հաշտվես։ Լավն այն է, որ այս թոհուբոհի մեջ հիշողության հուշարձան է նորից կանգնեցվում, որը շատ լավ նշան է նաեւ թշնամիների անհանգստության դրսեւորումների մասով։ Իրենց անհանգստությունը նաեւ այսօրվա  վարչախմբի վախն է, քան թե թուրքերի, չնայած երկուսն էլ նույն բանն են։ Բայց երբ այնտեղից քո առաջ էլի մատ են թափահարում քո հիշողության վրա, պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել։ Այսինքն՝ դու հիշելու իրավունք չունես, մենք քեզ այդ հիշելու իրավունքը չենք տվել, դու քանի՞ գլխանի ես, որ Նեմեսիսի հուշարձան ես կանգնեցնում, մոտավորապես էսպիսի մի բան է ստացվում։

- Օրերս IRI-ը հրապարակել էր 2023 թվականի մարտին Հայաստանում անցկացված հարցումների արդյունքները, ըստ որի՝ ընդդիմության վարկանիշը շատ ավելի ցածր է, քան ներկա իշխանությունների ու առաջնորդի վարկանիշը։ Ինչո՞վ եք դա բացատրում, ինչո՞ւ է ընդդիմությունն այսքան պասիվ՝ հատկապես շրջափակված Արցախի ու վերջին իրադարձությունների ֆոնին։

- Ես վստահ եմ, որ հրաբուխները նաեւ քնած են լինում, հիմա մենք քնած հրաբխի վրա ենք նստած․․․

- Կարծում եք՝ այն մի օր կպայթի՞ նոր ալիքով։

- Առանց «կարողա»-ի՝ վստահ եմ։ Ընդհանրապես, կայծ է պետք, որ ամեն ինչ նորից ոչ թե կրկնվի, այլ նորովի սկսվի, որովհետեւ հիմա պայքարի ձեւերն էլ են փոխվել։

- Այսինքն՝ փողոցային պայքարը չարդարացրեց, պայքարի նոր ձեւերի սպասենք։

- Դա իմ կանխազգացումն է ու ցանկությունը։ Երբ շփվում ես մարդկանց հետ, զգում ես, որ բոլորի մոտ սպասողական վիճակ է, նաեւ ժամանակ է պետք՝ սթափվելու եւ ուշքի գալու համար, բայց ինձ թվում է՝ 5 տարին արդեն հերիք է։ Ես ուզում եմ հավատալ, որ մենք Շուշիում դեռ հանդիպելու ենք։