Հայաստանյան փաստաբանությունը կրկին ապացուցեց, որ հանդիսանում է անկախ ինստիտուտ

Հայաստանյան փաստաբանությունը կրկին ապացուցեց, որ հանդիսանում է անկախ ինստիտուտ

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը գրում է. 

«Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին աննախադեպ, ակտիվ մասնակցության համար:

Հայաստանյան փաստաբանությունը կրկին ապացուցեց, որ հանդիսանում է անկախ և ինքնակառավարվող ինստիտուտ:  

ՀՀ փաստաբանների պալատի Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող 2 811 փաստաբանից 1 550 փաստաբան (55.14 տոկոսը) սեփական կամահայտնությամբ իրացրեցին գործադիր մարմին ձևավորելու իրենց լիազորությունը:

Ասվածի շրջանակներում, ուզում եմ շնորհավորել Փաստաբանների պալատի խորհրդի նորընտիր անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր և արգասաբեր աշխատանք: Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր թեկնածուներին ընտրական գործընթացում մասնակցության համար:

Ընդհանուր ժողովը ընդունեց նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12.06.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-285-Ն օրենքի՝ փաստաբանությանը առնչվող խնդրահարույց կարգավորումների մասով դատապարտող հայտարարություն: 

Հատկանշական է, որ ՀՀ փաստաբանների պալատը իր բարձրագույն մարմնի մակարդակով, 1425 «Կողմ» ձայներով հայտարարեց, որ դատապարտում է և անընդունելի համարում իրավասու պետական մարմինների կողմից իրականացվող, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և խտրական հարկային քաղաքականությունը փաստաբանական համայնքի նկատմամբ.

Կոչ է անում իրավասու պետական մարմիններին անհապաղ նախաձեռնել և իրականացնել խնդրահարույց օրենսդրական կարգավորումների փոփոխություններ` փաստաբանական գործունեությունը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումն ազատելով ավելացված արժեքի հարկից:

Հ.Գ. Իրավական պետությունում փաստաբանությունը չի կարող ճնշման ենթարկվել, դրանով ի ցույց է դրվում անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրական մակարդակը»: