Ադրբեջանում հիասթափված են Բոլթոնի պաշտոնաթողությամբ

Ադրբեջանում հիասթափված են Բոլթոնի պաշտոնաթողությամբ

ԱՄՆ նախագահ Թրամփը պաշտոնազրկել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնին: Այդ առթիվ պաշտոնական վերաբերմունք են արտահայտել Իրանը եւ Ռուսաստանը: Երկու դեպքում էլ նկատելի է այսպես ասած բավարարվածության հանգամանքը: Իսկ Ադրբեջանում, երեւում է, հիասթափված են Թրամփի որոշումից: Մամուլում տեղ են գտել հրապարակումներ, որոնցում այն տեսակետն է առաջ մղվում, որ Բոլթոնը Հարավային

Կովկասում ԱՄՆ-ի լավագույն գործընկեր դիտարկում էր Ադրբեջանը եւ նույնիսկ ուներ ղարաբաղյան կարգավորման իր ծրագիրը, որը «նախատեսում էր հայկական ուժերի անվերապահ դուրսբերում օկուպացված տարածքներից եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում»: Կա՞ր նման «ծրագիր»՝ ոչ մի փաստ չի մատնանշվում, միայն վկայակոչվում է Երեւանում Բոլթոնի այն հորդորը, թե վարչապետ Փաշինյանը «պետք է վճռական քայլեր ձեռնարկի ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ»:

Զգացվում է, որ Բաքվում կարեւորություն են տալիս Բոլթոնի պաշտոնանկությանն այնքանով, որ դա կարող է ենթադրել Իրան-ԱՄՆ հարաբերությունների վերաբեռնում: Մանավանդ որ ազգային անվտանգության հարցերով խորհրդականին պաշտոնազրկելուց երկու օր առաջ ԱՄՆ նախագահը հնարավոր էր համարել հանդիպումն Իրանի նախագահի հետ: Եթե ճիշտ է այն տպավորությունը, որ Բոլթոնի պաշտոնանկությամբ կփոխվի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արեեւլքի հարցով, ապա Ադրբեջանի համար դա նշանակում է, որ շատ սպասումներ ի դերեւ են լինում: Այստեղ շատ էական է, որ Բաքվում ակնկալիքներ կային, որ Իրանի հետ առճակատման դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի դեմ, կպարտադրի փակել հայ-իրանական սահմանը: Գործնականում դա հավասարազոր կլիներ նրան, որ ԱՄՆ-ը Բաքվին արտոնում է Լեռնային Ղարաբաղի հարցում դիմել ուժային սցենարի: Բոլթոնի պաշտոնաթողությունը, ինչպես փորձագետների մեծ մասն է կարծում, կարող է ճանապարհ հարթել Իրան-ԱՄՆ բանակցությունների համար: Իսկ եթե նման գործընթաց սկսվի, ապա Ադրբեջանը դուրս է մնում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հաշվարկներից՝ որպես Իրանի դեմ գործողությունների հենակետ: Թե ի՞նչ զարգացումներ կհետեւեն Բոլթոնի պաշտոնանկությանը, դժվար է կանխատեսել: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Բաքվում հիասթափված են եւ հույս են փայփայում, որ «Ադրբեջանը չի կորցնի հետաքրքրությունը Միացյալ Նահանգների համար»: