Մեկը՝ բերդում, մյուսը՝ Եվրոպայում

Մեկը՝ բերդում, մյուսը՝ Եվրոպայում

Արդարությունից, հավասարությունից, օրենքի գերակայությունից խոսողներին պետք է խնդրեմ ինձ բացատրել, թե ինչպես է ստացվում, որ վայոցձորցի փոխգնդապետին՝ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկած անձը, որի գործողությունների պատճառով զինվորականը սեպտեմբերի 17-ից առայսօր կոմայի մեջ է, եւ օրեցօր նվազում են կոմայից դուրս գալու շանսերը, ազատ է արձակվում, իսկ շատ ուրիշ գործերով, շատ ավելի թեթեւ մեղադրանքներով անձինք կալանավայրերում են։ Այդ ի՞նչ տրամաբանությամբ է գործում դատական իշխանությունը եւ առհասարակ՝ իշխանությունը, որը զինվորական մարդուն մահվան դուռը հասցրած անձին գրավով ազատ է արձակում, իսկ, այ, Հ5-ի սեփականատեր Արմեն Թավադյանին, որին մեղադրում են ինչ-որ մեկին ինչ-որ անորոշ հրահանգ տալու մեջ, սակայն այդ մեկն ազատության մեջ է, եւ հրահանգի փաստն էլ ապացուցված չէ, պահում են բանտում։ Այդ ո՞ր տրամաբանությամբ է, ասենք, անհրաժեշտ մինչեւ դատավճռի կայացումը բանտում պահել Ռոբերտ Քոչարյանին՝ այն պարագայում, որ ակնհայտորեն գործի քննությունը կարող է տարիներ տեւել, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյանին կարելի է թույլատրել, որ մեկնի Եվրոպա եւ եվրոպական տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենա։

Օրենքի առաջ հավասարությունի՞ց է արդյոք բխում Աբովյանի քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը, եթե նույնանման եւ տասնապատիկ ավելի լուրջ փաստեր կան Հայկ Մարությանի դեմ, սակայն Երեւանի քաղաքապետի դեմ գործ չի հարուցվում, մեղադրանք չի առաջադրվում։ Սրանք չնչին մասն են այն փաստերի, որոնք խոսում են երկակի ստանդարտների մասին, եւ որոնց առկայությունը վկայում է, որ երկրի իշխանությունն է որոշում՝ ով բերդում լինի, ով՝ ազատության մեջ, ում գրավով ազատ արձակեն, ում պահեն ճաղերի ետեւում։