Վտանգավոր իրավիճակ

Վտանգավոր իրավիճակ

Երեք տարում չորրորդ տնօրենը․ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնվել է փոխանցիկ դրոշի կարգավիճակում։ Բայց եթե մյուս համակարգերում թույլատրելի են հաճախակի կադրային փոփոխությունները, ԱԱԾ-ում դա անթույլատրելի է եւ վտանգավոր։ Եվ պատահական չէ, որ այսօր մեր երկրի թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, եւ այն խոցելի վիճակում է հայտնվել։ Ու անգամ Արցախում պատերազմը չէ դրա պատճառը, այլ համակցված պատճառների մի փունջ կա այսօր։

Հայրենիքի դավաճաններ են հայտնաբերվել, պետական կարեւոր տեղեկատվություն են փոխանցել՝ չգիտես ում, սեւազգեստներ են հայտնվել, օտարերկրյա գործակալներ են մեր երկրում գործում․ նման հաղորդագրություններ եւ գրառումներ են պարբերաբար տարածում ՀՀ ԱԱԾ-ն, երկրի վարչապետը։ Այսպիսի իրավիճակ Հայաստանում երբեւէ չի եղել։ Իհարկե, անգամ դավաճանության հոդվածով դատվողներ են եղել անցյալում, բայց դա հրապարակման ենթակա չի եղել՝ գոնե քրեական գործը մինչեւ դատարան հասնելը։ Հիմա ոչ ոք չի հասկանում, թե որն է ԱԱԾ-ի դերը մեզանում, եւ ինչն է հրապարակման ենթակա, ինչը՝ ոչ։ Ավելին՝ ԱԱԾ-ն վերջին երկու տարում (թերեւս, անցյալում էլ է օգտագործվել, բայց ոչ այսքան) օգտագործվել է բացառապես քաղաքական նպատակներով։ Նա զբաղված է իշխանության շահերի սպասարկմամբ՝ ընդդիմության դեմ քրեական գործեր, հարցաքննություններ, գաղտնալսումներ, լրատվամիջոցների ղեկավարներին ուղղված ուլտիմատումներ։

Ակնհայտ է, որ այս կարեւոր ծառայությունը հեռացել է իր բուն առաքելությունից եւ կամայական հրահանգներ է կատարում։ Միայն երեկվա հայտարարությունը՝ վարչապետի շուրթերից հնչած, ռազմաճակատի գծում ինչ-որ դավաճանի հայտնաբերման լուրերի տեսքով, արդեն խոսում է այն մասին, որ անվտանգության հարցերում չկա գիտակցված, պետականամետ մոտեցում։