Ինչո՞վ է զբաղվելու չորրորդ փոխնախարարը

Ինչո՞վ է զբաղվելու չորրորդ փոխնախարարը

Հայաստանը վերափոխելու համար 16 գերնպատակ պետք է հաղթահարենք։ Եթե մինչեւ 2050 թվականը կարողանանք այդ «լեվլներն» անցնել, 30 տարի հետո կունենանք մեր երազանքների երկիրը։ Սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը հենց այդ մասին էր։ 

Կիրթ ու կարողունակ քաղաքացուց մինչեւ գիտելիքահեն, ճանաչված ու հյուրընկալ Հայաստան կարող ենք ունենալ, եթե ապավինենք սեփական ուժերին եւ առաջ գնանք դանդաղ, բայց խելամիտ ու հաստատուն քայլերով։ Մոտավորապես այսպես կարելի է բանաձեւել Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որին կետառկետ անդրադարձավ վարչապետը։ Փաշինյանը որոշ բաներ էլ ներկայացրեց առանց սլայդի։ Օրինակ, որ մինչեւ 2050 թվականը պետք է քսանապատկել Հայաստանի ՀՆԱ-ն։

Նույն ժամանակ, սակայն, հայտնի դարձավ, որ իշխանական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը без пятьи минут արտակարգ իրավիճակների փոխնախարար է՝ ԱԻ չորրորդ փոխնախարարը։ Նկատենք, որ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս Փաշինյանի խոսքում ոչ մի բառ չկար պետական համակարգը ծանրաբեռնելու մասին։ Չասվեց, թե կոնկրետ որ ոլորտն ուժեղացնելու համար է հերթական փոխնախարարը նշանակվում, կամ՝ ինչ գործառույթ է իրականացնելու, եթե կառույցը երեք փոխնախարար արդեն ունի։ Այդ ի՞նչ խնդիր է դրված ԱԻՆ ղեկավարության առջեւ, որ երեք փոխնախարար՝ պլյուս նախարար, չեն կարողանում կատարել։
Փաշինյանը չասաց, թե ինչ փոփոխություններ են եղել կամ սպասվում, որ նախարարություններում չորրորդ փոխնախարարի կարիք է զգացվում։ Հիշեցման կարգով ասենք, որ ԱԻ երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանն ընդամենը երկու տեղակալ ուներ՝ Դավիթ Կարապետյանն ու Հայկարամ Մխիթարյանը։ Իսկ «թավշյա» ԱԻՆ-ում այսօր չորրորդն են «ստանում»։

Եթե հեղափոխական իշխանությունը մտադիր է պետական ծախսերն ավելացնելու ճանապարհով հասնել ՀՆԱ-ի քսանապատկման, ապա ակնհայտորեն սխալ ճանապարհ է ընտրել։ Եվ հետո՝ պետական գերատեսչության ցանկացած մակարդակի ղեկավար՝ վարչության պետ, առընթեր ՊՈԱԿ-ի ղեկավար եւ այլն, պատկերավոր ասած՝ մի փոխնախարար է, կարող է նախարարին ներկայացնել ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրներն ու ապագայի տեսլականը։
Պետական ապարատն ուռճացնել պետք չէ։ Ցանկացած նախարար երկու տեղակալից ավելի չպետք է ունենա։ Էլ ինչի՞ համար են վարչությունների պետերը։ Եվ հետո․ ո՞վ ասաց, թե տեղեկությունը վարչության պետ-փոխնախարար-նախարար կապով ավելի օպերատիվ ու ավելի արժանահավատ է, քան վարչության պետ-նախարար կապով։

Գալուստ Սահակյանի ականջը կանչի․ ԱԺ նախագահ եղած ժամանակ 22 օգնական ու խորհրդական ուներ, ինչի համար սուր քննադատության էր ենթարկվում։ Նախա«թավիշը» սխալ էր, ինչի համար մերժվեց, իսկ ինչո՞ւ պիտի ներվի «թավիշը», եթե կրկնում է նույն սխալները։
Եթե հեղափոխական իշխանությունը նպատակադրվել է մինչեւ 2050 թվականը Հայաստանը դարձնել գիտելիքահեն ու բարձրտեխնոլոգիական արդյունաբերության երկիր, ապա պետական ապարատն ուռճացնելն ու վարչակազմի վրա գերածախս անելը, մեղմ ասած, չեն նպաստում դրան։