Ինչու՞ այսքան հայատյաց

Ինչու՞ այսքան հայատյաց

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«ԻՆՉՈՒ՞ ԱՅՍՔԱՆ ՀԱՅԱՏՅԱՑ

Համոզումով եմ պնդում՝ մեր կառավարության ամենավճռորոշ, կասեի՝ ամենաճակատագրական նախարարությունը ԿԳՄՍ նախարարությունն է: Եվ ոչ այն բանի համար, որ մեկ տանիքի տակ մեխանիկորեն խոթելով մի քանի ոլորտ, գերնախարարություն ստեղծեցին…

Պարզապես այն անառարկելի, բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված ճշմարտության համար, որ որևէ երկրում անհնար է լայնամասշտաբ ռազմավարական նշանակության ձեռքբերումներ և հաջողություններ գրանցել, եթե մտածված, հեռանկարային, սրտացավ և թիրախային քաղաքականություն չի վարվում հատկապես մշակույթի և կրթության ոլորտներում:

Սա բնական է, ապացուցման կարիք չունեցող՝ մշակույթով և կրթությամբ է ստեղծվում հասարակության արժեքաբանական, գաղափարական էությունը, արժեքների, համոզումների և առաջնահերթությունների այն ամբողջությունը, որը համախմբում է հասարակությանը, ապահովում նրա ներդաշնակությունը, միևնույն տեսակին պատկանելությունը, սնում ու ամրապնդում ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ: Բանալի բառը՝ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ…

Թվում էր, այս պարզունակ ճշմարտությունը ԿԳՄՍ նախարարության փիլիոսոփայության առանցքը պիտի լիներ, բայց՝ ՈՉ, ցավալիորեն ողջ ընթացքում բախվեցինք հակառակ իրողության հետ: Այս ընթացքում նախարարությունից որևէ որլորտի ուղղությամբ հայեցակարգային, ծրագրային, ռազմավարական և ոչ մի փաստաթուղթ չծնվեց, փոխարենը՝ բախվեցինք հայեցողական, կամայական կառավարչական մի վարքագծի հետ, որի առանցքում ոլորտի խնդիրների խորը չիմացությունն է, ոչ պրոֆեսիոնալ կառավարումը, քաոսը և ամենատխուրը՝ ազգային բաղադրիչի նկատմամբ անթաքույց արշավն ու հակակրանքը:

Օրինակների պակաս չկա. Շատ ենք անդրադարձել…/Ցեղասպանության իստիտուտ-թանգարանի մթնոլորտն ու թնջուկը այս շարքում…/
Նախարարությունից ստացվող լուրերն ու նորություններն, այս էլ որերորդ անգամ, այլևս չզարմացնելով, հաստատում են վերոհիշյալ պնդումը:

Օրերս պարզ դարձավ, որ նախարարի որոշումով կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, և հատկացված 14մլն դրամը փոխանցվել պետության պահուստային ֆոնդ: Իհարկե, 14մլն-ը այն գումարը չէ, որ բավարարի նորօրյա պաշտոնյաների պարգևավճարային նկրտումներն ու հավակնությունները, բայց ինչու՞ զրկել հայ գրականությունը միջազգայնացնելու, հանրահռչակելու, մեզ՝ հայերիս որակյալ միջազգային երկխոսության մեջ ներգրավելու, հավասարների հետ մշակույթի լեզվով խոսելու հնարավորությունից…

Պարզ է՝ կամ աշխատել չգիտեք կամ՝ պարզապես չեք ուզում: Հայ գրականությունը ձեր վերջին հոգսն է, դուք բոլորովին այլ օրակարգ եք սպառում…..Մնացյալը հեքիաթ է:

Ոլորտի կառավարիչներն իրենց «ներշնչանքներում և հանձնառություններում» հետևողական են և համառ: Հիշում ե՞ք անցյալ ուսումնական տարում ԿԳՄՍ նախարարն ու որոշ քայլականներ ինչպես էին տակնուվրա եղել հանրակրթական դպրոցներից մեկում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի ներկայությունից:

Հիշում եք նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վերջին երկու տարիներին արձանագրվող նսեմացման և արժեզրկումի արշավը: Մի՞թե կարիք կա հաստատելու, արձանագրելու, թե մեր ազգային ճակատագրում, մեր ինքնության մեջ մեր եկեղեցին իբրև ազգային կարևորագույն ինստիտուտ, ինչ բացառիկ դեռակատարություն է ունեցել:

2007 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի ընդունումը հենց այս իստիտուտի մեր ազգային նկարագրի և լինելիության մեջ ունեցած բացառիկության գիտակցումով էր պայմանավորված:

Մեր վատագույն մտածումներում դժվար էր պատկերացնել, որ մեր եկեղեցին, մեր հավատը մեր անկախ պետության մեջ պիտի պաշտպանության կարիք ունենա:
Բայց, ԿԳՄՍ-ն թույլ չի տալիս կամ համառորեն շարունակում է լինել իր <<հանձնառությունների>> տիրույթում. ապականել այն ամենն, ուր ազգային հենք ու նպատակադրում կա: /ԲՈՒՀ-երի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի դասաժամաերի հարցը լուծելուց հետո՝ հերթը հանրակրթությանն է/:

Հրապարակվում է հանրակրթության պետական նոր չափորոշիչի նախագծը և պարզվում է, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան որպես ինքնուրույն առարկա փաստացի վերանում է: Ինչպես և բոլոր դեպքերում, այս անգամ էլ իշխող քաղաքական ուժն հավատարիմ է իր ձեռագրին՝ որոշումներն ընդունվում են առանց հանրային քննարկումների և հիմնավորումների:

Հիշեցնեմ, որ գործող չափորոշիչով Հայոց եղեկեցու պատմությունը, նաև վերոնշյալ օրենքով սահմանված, երաշխավորված դասավանդվում է 5-ից 9-րդ դասարաններում, ի դեպ, նույն օրենքով առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը մասնակցության իրավունք ունի նաև եկեղեցին:

Եվ մյուս աղետալի վտանգը՝ ըստ պետական նոր չափորոշիչի նվազելու են նաև հայոց լեզվի և գրականության ժամերը, գրեթե հավասարեցվելով օտար լեզուների դասաժամերին:

Ասել, թե սրանք պատահական, մասնագիտական խնդիրներ են, կնշանակի չգիտակցել այն բոլոր քաղաքական, բարոյական, հոգևոր, արժեքաբանական նպատակները, որ քողարկված են այս «բարեփոխումներում»:
Հստակ է և աներկբա՝ այս «հանձնառությունները» ազգային դիմագիծ փոխելու, ազգային դիմադրողականություն թուլացնելու ծրագիր են հետապնդում:

Մեր՝ հասարակության խնդիրն է դիմադրել և չհանդուրժել այն, ինչի համար տասնյակ սերունդների համար ինքնության կոդ է եղել»: