10 հարց՝ ուղղված Արմեն Սարգսյանին

10 հարց՝ ուղղված Արմեն Սարգսյանին

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր նախագահի նստավայրի դիմաց նրան հարցեր ուղղեց, քանի որ նախագահը չէր հանդիպել Ղազարյանի հետ, և նա այդ հարցերը ուղղեց հրապարակավ։ Ստորև ներկայացնում ենք Ղազարյանի հնչեցրած 10 հարցերը՝ ուղղված նախագահ Արմեն Սարգսյանին․

«1․Պարոն նախագահ, Դուք առաջիններից մեկն էիք, որ խորհրդակցելով հասարակական- քաղաքական ուժերի և գործիչների հետ, հանդես եկաք հայտտարարությամբ, որ հետպատերազմյան շրջանում, կապիտուլյացիոն այդ խայտառակ հայտարարությունից հետո անհրաժեշտ է վարչապետի հրաժարական։ Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ գործողություններ Դուք արեցիք այդ ժամանակահատվածից հետո, որը պետք է հանգեցներ Ձեր կարծիքով այդ շատ կարևոր գործընթացին՝ վարչապետի հրաժարականին։ Ի՞նչ գործողություններ եք արել Դուք այդ ուղղությամբ, եթե չասենք, որ կատարել եք քայլեր,որոնք, ըստ էության, միտված են եղել ճիշտ հակառակին։ Կատարել եք վարչապետի բոլոր քմահաճույքները, օրինակ՝ ընդամենը Ձեր հրամանագրով մի քանի ամիս առաջ «Ազգային հերոսի» կոչման արժանացած ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին առանց բացատրության ազատել եք զբաղեցրած պաշտոնից՝ միայն այն բանի համար, որ նա ժպտացել է Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի վերաբերյալ հայտարարությունը լսելուց հետո։ Դուք Ձեր գործողություններով, ավելի շուտ՝ անգործությամբ նպաստել եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ԶՈՒ ԳՇ պետի՝ աշխատանքից ազատման գործընթացին։ Այսինքն՝ ըստ էության, կատարել եք գործողություններ, որոնք հակառակ տրամաբանությունն ունեին, այլ ոչ թե միտված էին վարչապետի հրաժարականին։

2․ 2021 թվականի ապրիլի 25-ի վարչապետի հրաժարականի հայտարարության մեջ ասվում է, որ նա խորհրդակցել է Ձեզ հետ, և խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարների հետ, և որոշում է կայացրել ահա այսպիսի գործընթացով գնալ արտահերթ ընտրության։ Եթե Ձեր պաշտոնը, պարոն նախագահ, ապաքաղաքական է, եթե Դուք քաղաքական պաշտոն չեք զբաղեցնում և քաղաքական գործունեություն չեք ծավալում, ի՞նչ գործ ունեք Դուք մասնակցելու քաղաքական ուժերի հետ համատեղ քննարկումների և որոշումների։ Արդյոք անհանգստություն չունե՞ք, որ Ձեր կամքից անկախ կամ գուցե մտածված, ներքաշվել եք կազմակերպված հանցավոր խմբի մեջ, որը միտված է 2018 թվականին օրինական ընտրված ժողովրդի իշխանության տապալմանը և  2021 թվականին ապօրինի ճանապարհով իշխանության զավթմանը։

3․ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Դուք ի պաշտոնե հետևում եք Սահմանադրության պահպանմանը։ Բնականաբար, Դուք տեղյակ եք, Ձեր հրամանագրով է, որ վարչապետի պաշտոնից հրաժարական տված Նիկոլ Փաշինյանը Ձեր կողմից հրաժարականը ընդունելուց հետո շարունակում է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Դուք, որպես Սահմանադրության պահապան, խնդիրներ չե՞ք տեսնում արդյոք առ այն, որ Ձեր կողմից պաշտոնանակ արված պաշտոնյան շարունակում է պաշտոնավարել ճիշտ այնպես, ինչպես որ ձեր կողմից նշանակվել էր պաշտոնում։

 4․  Դուք, հավանաբար, տեղյակ եք, որ մայիսի 3-ին ԱԺ-ի կողմից ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի ընտրություն, որի ընթացքում վարչապետի թեկնածուի օգտին կողմ է քվեարկել ընդամենը 1 պատգամավոր, 132-ից ընդամենը մեկը, բայց անգամ այդ քվեարկությունից հետո մարդը շարունակում է վարչապետի պաշտոնում պաշտոնավարել ճիշտ այն ֆունկցիաներով և լիազորություններով, ինչպես պետք է պաշտոնավարեր, եթե նա վայելեր խորհրդարանի մեծամասնության վստահությունը։ Դուք որպես սահմանադրության պահապան, խնդիր չե՞ք տեսնում արդյոք մեր Սահմանադրության տեսանկյունից, որ խորհրդարանի վստահությունը չվայելող մարդը փաստացի պաշտոնավարում է վարչապետի պաշտոնում լիարժեք ծավալով։

5․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ընդդիմադիր խմբակցություննների ղեկավարների ձերռքբերված պայմանավորվածության մեջ Դուք հանցակազմի հատկանիշներ չե՞ք տեսնում արդյոք, Դուք անհանգստություն չունեք՝ որպես Սահմանադրության պահապան, որ այս գործողությունները տրամաբանական ավարտին հասցնելը կարող է հանգեցնել օրինական ընտրված իշխանության տապալմանը։ 

6․Համաձայն Սահմանադրության 93-րդ հոդվածի՝ ԱԺ հերթական և արտահերթ ընտրության օր նշանակելու բացառիկ իրավասությունը պատկանում է Ձեզ, որպես Հանրապետության նախագահի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետությունում կլինի ոչ միայն ԱԺ արտահերթ ընտրություն, այլև դա կլինի 2021 թվականի հունիսի 20-ին։ Դուք անհանգստություն չունե՞ք, պարոն նախագահ, որ Ձեր կողմից պաշտոնի նշանակված մեկ այլ պաշտոնյա հանդես է գալիս Ձեր փոխարեն, ներխուժել է Ձեր սահմանադրական իրավասությունների տիրույթ և կայացնում է որոշումներ, որոնք Դուք պիտի կայացնեիք։ Եվ Աստված մի արասցե, եթե մայիսի 10-ին պարլամետը վարչապետ չընտրի և արձակվի օրենքի ուժով, Դուք ֆորմալ իմաստով որոշեք ընտրության օրը, համարձակություն ունե՞ք, պարոն նախագահ, ընտրության օր նշանակել ոչ թե հունիսի 20-ը, այս, օրինակ, հունիսի 19-ը կամ հունիսի 21-ը ։

7․ Քանի որ Սահմանադրության 128-րդ հոդվածը Ձեզ իրավունք է տալիս Ձեր իրավասությանը վերաբերող հարցերով ուղերձով դիմել ԱԺ-ին, պատրա՞ստ եք արդյոք հեռավոր Մոսկվայից ուղերձով դիմել Ազգային ժողովին՝ խնդրելով, կոչ անելով նրանց, որ նրանք ոչ թե տապալեն օրինական իշխանությունը, այլ կատարեն իրենց սահմանադրական պարտավորությունը և 2021 թվականի մայիսի 10-ին ընտրեն ՀՀ վարչապետ և թույլ չտան, որպեսզի մեր հասարակությունը հայտնվի ավելորդ լարվածության տիրույթում, որը պաշտոնապես կոչվում է ԱԺ արտահերթ ընտրություն։

8․ Պատրա՞ստ եք արդյոք խորհրդարանի քաղաքական ուժերի հետ այս 2 օրերին ծավալել քննարկումներ, թեև այս բախտորոշ պահին Դուք անձնական այցով գտնվում եք Մոսկվայում, գոնե տեսակապի միջոցով պատրա՞ստ եք խորհրդակցություններ ծավալել խորհրդարանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ՝ մի պարզ ու տրամաբանական խնդիր քննարկելով, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունները և ընտրեն վարչապետ։

9․ Դուք նկատե՞լ եք արդյոք, պարոն նախագահ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հրաժարականի դիմումում բացակայում է ամսաթիվ և հերթական համար, իսկ 2021 թվականի հրաժարականի դիմումում բացակայում է նրա ստորագրությունը։ Երբ Դուք որոշում եք ստորագրել կառավարությունը արձակելու մասին, Ձեզ անհանգստություն չի՞ պատճառել այն փաստը, որ հրաժարական ներկայացրած վարչապետը խուսափել է այդ հրաժարականի դիմումի տակ դնել իր իսկ ստորագրությունը։ Դրա հետ կապված, պարոն նախագահ, Դուք ռիսկեր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

10․Կառավարության հրաժարականի մասին Ձեր հրամանագրերում Դուք հղում եք անում Սահմանադրության 130-րդ հոդվածին, որն իր հերթին ամբողջությամբ հղում է պարունակում Սահմանադրության 158-րդ հոդվածին, որում նկարագրված են կառավարության հրաժարականի բոլոր հնարավոր դեպքերը։ Կարո՞ղ եք մեզ ասել, պարոն նախագահ, թե ո՞րն է պատճառը, որ Դուք ձեր հրամանագրում չեք հստակեցրել և կոնկրետ մատնանշել, թե հատկապես ո՞ր հիմքով եք ընդունել կառավարության հրաժարականը։ Դրա հետ կապված արդյոք Դուք ունե՞ք հետին թաքնված մտքեր, թե՞ ոչ»։