Ընդունենք՝ դուք ճիշտ եք

Ընդունենք՝ դուք ճիշտ եք

Մի պահ ընդունենք, թե ճիշտ են Նիկոլ Փաշինյանը, իր թիմակիցները եւ իրենց համակրող այն քաղաքացիները, որոնք ասում են, թե բանակի զենքն ու զինամթերքը 30 տարի շարունակ դարձել են դղյակներ: Թալանի պատճառով արդիական զենք ձեռք չի բերվել, չի հզորացել երկիրը, եւ դա էր 2020 թվականի ողբերգական պարտության ու մեր բոլոր դժբախտությունների պատճառը: Անգամ պատրաստ ենք համաձայնել, որ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի, Վովա Գասպարյանի, Սերժի Վաչոյի եւ մյուսների պատճառով է մեր պետությունը հետ մնացել Ադրբեջանից, եւ հենց նրանք են մեղավոր, որ մենք արժանի հակահարված չենք կարողանում այսօր տալ թշնամուն, ուստի ստիպված ենք հաշտվել պարտվող կողմի ստորացուցիչ դերի հետ եւ թշնամուց խաղաղություն մուրալ:

Բայց քիչ թե շատ տրամաբանող յուրաքանչյուր մարդու մոտ հարցեր կառաջանան. 2018-ից այս կողմ գործող իշխանություններին կհարցնեն` իսկ դուք ի՞նչ եք արել ձեր կառավարման հինգ տարում, որպեսզի բանակը հզորացնեք, զենք-զինամթերք ձեռք բերեք, արդիական տեխնիկայով հագեցնեք պաշտպանական համակարգը: Չէ՞ որ 5 տարին քիչ ժամանակ չէ: Եվ եթե հավատանք ձեր ճոռոմաբանություններին` այս 5 տարում կրկնապատկել-եռապատկել եք պետական բյուջեն, անհաշիվ եկամուտներ եք ունեցել, այնքան ֆինանսական միջոցներ եք կուտակել, որոնք չեք հասցնում ծախսել: Դրան գումարած` պետական պարտքն եք մեծացրել: Անհասկանալի է, թե ինչի վրա ծախսելով փոխառված փողերը: Քանի՞ միավոր զենք եք այս ընթացքում ներմուծել, քանի՞ միավոր արտադրել, բանակի վրա ի՞նչ ծախսեր եք արել: Չէ՞ որ ձեր ասելով` այլեւս համակարգային կոռուպցիա չկա, բյուջեն չեք թալանում, դղյակներ չեք կառուցում: Ինչի՞ վրա եք ծախսել, շատ հետ չգնանք` 2020 թվականից հետո գոյացած պետական միջոցները: