Մեղքը ժողովրդի վրա գցելու հերթական քայլը

Մեղքը ժողովրդի վրա գցելու հերթական քայլը

Լրատվական կայքերից մեկը հիշեցրել է, որ անցյալ տարվա ամռանը Փաշինյան հայտարարել էր, թե ԵՄ անդամակցության առումով հանրաքվե չի լինելու: Որովհետև, ըստ նրա, ինքը տեղյակ է հանրության տեսակետի վերաբերյալ: Եվ դա, ավելացնեմ, բավարար է, քանի որ հանրությունն ու ինքը, իր կարծիքով, նույնն են: Ավելացնեմ նաև, որ դրանից առաջ՝ գարնանը, Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակում ամենամյա սոցհարցում էր անցկացվել: Դրա արդյունքները չէին հրապարակվել, բայց, բնականաբար, տեղեկացրել էին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Չէին հրապարակայնացվել, քանի որ արձանագրվել էր 60 տոկոսից բարձր դժգոհություն երկրի բոլոր և այդ թվում՝ պետական, ինստիտուտների նկատմամբ: Ի դեպ, պարզվել էր նաև ԵՄ անդամակցության նկատմամբ երկրի բնակչության հակվածության մասին: Ինչի մասին ավելի վաղ տողերիս հեղինակը հոդվածներ էր գրել «Հրապարակ»-ի համար: 
Ինչևէ, իսկ տարեսկզբի կառավարության նիստում Նիկոլը հայտարարում է, որ ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով: Արմտամետների նախաձեռնությունն էլ, բնական է, քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում: Վերջիններս էլ ներկայացնելու են այն ԱԺ-ում: Դրանցից Խզմալյան Տիգրանն էլ հայտնել էր, թե Հայաստանի իշխանությունները «3-4 ամսում հասկացան՝ ԵՄ-ին այլընտրանք չկա»: Կարծում եմ, որ Խզմալյանն այդ հարցում սխալվում է: Ընդհակառակը, ռուսական զգուշացումներից հետո վարչապետի աթոռից կառչած անձը հասկացել է, որ դա վտանգավոր քայլ է: Բայց քանի որ գործընթացն արդեն սկսվել էր, որոշել է, որ դրա բացասական հետևանքների մեղքը պետք է բարդել ժողովրդի վրա: Եվ եթե այդ գործընթացի պատճառով վաղը ռուսները թանկացնեն գազը, կամ խնդիրներ ստեղծեն այլ ապրանքների մատակարարումների առումով, ապա ինքը կարող է չքմեղանալ, թե դա ժողովրդի որոշումն էր: Ուրեմն ժողովուրդն էլ պետք է կրի իր որոշման բացասական հետևանքներըի պատասխանատվությունը: Հիշենք՝ պատերազմի խայտառակ պարտության համար ինքը պատասխանատու էր, բայց ոչ մեղավոր: Բայց եթե հանրությունը ցանկանում է նաև մեղավոր կարգել իրեն, ապա այս վերջին հարցում մեղավոր կլինի իր «սիրելի» ժողովուրդը:  
Ի դեպ, ժողովրդի գրագետ զավակները դա հասկանում են, բայց իր ամբողջությամբ մեջ վերջինս դա չի գիտակցում: Համենայն դեպս, դա են ցուցադրում փողոցներում կատարվող հարցումները, որ իրականացվում են այս կամ այն լրատվամիջոցների կողմից: Մեր ժողովրդին թվում է, թե Եվրոպան մեզ պաշտպանելու է կովկասյան մահմեդականներից (այդպես էին դրանք կոչվում մինչև նախորդ դարասկզբում ռուսական կայսրության կործանումը): Իսկ Ռուսաստանն էլ, իր հերթին, ապահովելու է էժան գազով, հացահատիկով և մնացած ամեն ինչով: Այդպես չի լինում, ու եթե հանրաքվեին ասվեց «այո», ժողովուրդն է կրելու դրա ողջ բեռը: Մի ժամանակ ոմանց համար բեռ էր համարվում Արցախը, որի կորստից հետո ժողովուրդն ավելի անվտանգ ու հանգիստ չապրեց: Իսկ հանրաքվեից հետո էլ ոչ միայն հանգիստ չի ապրի, այլ կապրի շատ ավելի դժվար՝ երանի տալով նախկինների ժամանակվա ապրուստին:
Եթե ժողովուրդը մի փոքր ավելի գրագետ լիներ ու հանրային հեռուստատեսության փոխարեն լրատվության այլ աղբյուրներ ևս օգտագործեր, ապա կիմանար, թե ինչ կատարվեց տարեվերջին Աբխազիայում: Երբ այդ երկրի խորհրդարանում քննարկվում էր ռուսական ներդրումները թույլատրելու վերաբերյալ օրինագիծը, դա հանգեցրեց խռովության: Հիմնավորումն այն էր, որ օրենքը ռուսական ընկերություններին թույալտրելու էր ձեռք բերել անշարժ գույք: Արդյունքում, գորժող իշխանությունը տապալվեց ու ընդդիմության կողմից ձևավորվեց ժամանակավոր ղեկավարություն: Ռուսաստանը, որպես պատասխան, դադարեցրեց գազի մատակարարումն ու արգելակեց աբխազական մանդարինի ներկրումը: Վերջինս Աբխազիայից ՌԴ արտահանվող հիմնական ապրանքն է: Իսկ գազն էլ, որքան տեղյակ եմ, մինչ այդ բնակչությանը մատուցվում էր ներռուսական գներով: Մեկ-երկու շաբաթ անց նոր իշխանությունը ստիպված եղավ խնդրել, որպեսզի վերականգնվի գազի մարդասիրական մատակարարումը: Բնական է, որ այն շատ ավելի պակաս պետք է լինի նախորդ ծավալից:
Այդ օրինակը ցույց է տալիս, թե ինչ չպետք է անել: Եվ եթե ոմանց թվա, որ ռուսական գազը հանգիստ կարող է փոխարինվել ադրբեջանականով, ապա պետք է մտածեն նաև, որ այդ դեպքում պետք է ցտեսություն ասվի մեր երկրի ինքնիշխանության այն պատառիկներին, որ դեռևս մնացել է Նիկոլի վարչապետության արդյունքում: Ու մենք ոչ միայն կանկախանանք Ռուսաստանից, այլ ավելի մեծ կախման մեջ կընկնենք արևելյան թշնամուց: Եվ Եվրոպան էլ ոչինչ չի անելու մեզ պաշտպանելու համար: Չէ՞ որ թշնամի երկրի ղեկավարը եվրոպական բարձրաստիճան չինովնիկների հուսալի գործընկերն է մեր տարածաշրջանում: Ինչի համար կարելի կլինի «շնորհավորել» թե՛ Խզմալյանին ու մնացածներին և թե՛ մեր ողջ ժողովրդին: