«Ֆրեսկո»-ն այս տարի կանցկացվի ներառական ուղղվածությամբ

«Ֆրեսկո»-ն այս տարի կանցկացվի ներառական ուղղվածությամբ

Օգոստոսի 18-28-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ, «Միասին կարող ենք» խորագրի ներքո: «Ֆրեսկոն» այս տարի մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչեւ միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչեւ մրցանակ:

Հայաստանյան եւ միջազգային ֆիլմերը, միջոցառումները դուրս կգան դահլիճներից. շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները 10 օր շարունակ կդառնան հայաստանցիների եւ զբոսաշրջիկների առօրյայի անբաժան մասը՝ ծավալվելով մայրաքաղաքի սրտում եւ գեղատեսիլ Լոռու մարզում: Երեւանի Սուրբ Կաթողիկե եւ Սուրբ Աննա եկեղեցիների տարածքում, Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, ինչպես նաեւ մարզային ներառական մշակութային ճամբար: Այս տարի փառատոնն աշխարհի տարբեր երկրներից իր շուրջը կհամախմբի արվեստագետների, կինոգործիչների եւ մտավորականների:

Փառատոնի նպատակներից է՝ ակտիվացնել հատկապես մարզային մշակութային կյանքը: Վանաձորում տեղի կունենան հանդիպումներ հայաստանյան եւ օտարերկրյա արվեստագետների հետ, որոնց թվում կլինեն վրաց լուսանկարիչ Յուրի Մեչիտովը («Փարաջանովի ֆենոմենը» խորագրով հանդիպում), իսրայելցի լուսանկարիչ, լրագրող Դմիտրի Բրիկմանը («Երուսաղեմի աղոթքը. ֆոտոթարգմանություն» խորագրով հանդիպում) եւ այլք: Փառատոնի շրջանակում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կիրականացվի նաեւ մշակութային օր. կցուցադրվի միջազգային ներառական ֆիլմ, տեղի կունենա հանդիպում-քննարկում փառատոնի օտարերկրյա մասնակիցների հետ:

«Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի եւ ճաշակի հանդիսատեսի՝ ռոքից մինչեւ դասական, դասականից մինչեւ ժողովրդական: Համերգային ծրագրին կմասնակցեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները, դաշնակահար Հայկ Մելիքյանը, երաժիշտ Վահան Արծրունին, «Հորովել» երգի-պարի անսամբլը, Վանաձորի կամերային երգչախումբը, «Հովել» երաժշտական նախագիծը եւ «Ադանա փրոջեքթ» ռոք խումբը: Հանրաճանաչ արտիստները ելույթ կունենան հաշմանդամություն ունեցող տաղանդաշատ երաժիշտների հետ: Համերգները կհամալրվեն յուրօրինակ պերֆորմանսներով:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի ավելի քան 40 միջազգային ֆիլմ (Հայաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կորեա, Իսպանիա, Իտալիա, Բրազիլիա եւ այլն)՝ խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում են խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին՝ ներկայացնելով նրանց կարողությունները, արարելու եւ աշխատելու ներուժը:

Այս տարի փառատոնի շրջանակում Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում կիրականացվի ներառական մշակութային ճամբար, որին կմասնակցեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ այլ մասնագիտացված կառույցների սաներ: Իրենց տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները երեխաների համար ոչ միայն հասարակության լայն շրջանակում ինտեգրվելու հրաշալի միջոց են, այլեւ Հայաստանը ճանաչելու նոր ձեւաչափ: