Իրենք էլ գիտեն, որ մեր տունն ու հողը զավթել երբեք չեն կարողանա

Իրենք էլ գիտեն, որ մեր տունն ու հողը զավթել երբեք չեն կարողանա

Ազատամարտիկներ Աղաբեկ Խաչատրյանն ու  Մարտին Բաղդասարյանը, ինչպես Արցախյան ազատամարտի ժամանակ, այնպես էլ այս պատերազմում միասին առաջնագծում են։ Մեզ հաջողվեց կապ հաստատել նրանց հետ և կարճ զրույց ունենալ։ Աղաբեկ Խաչատրյանը՝ Գեներալ Բեկը, կարճ խոսեց՝ ասելով հետևյալը․ «Մենք ուժեղ ենք, թուրքին մի մետր էլ հող չենք տալու։ Սա մեր վերջին կռիվն ա, վերջին մարդն էլ զոհվելու է, բայց պիտի հաղթենք»։  Խոսեցինք նաև փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանի հետ․ «Կռիվ է, ռմբակոծություն, թշնամու դեմ պատրաստ կանգնած ենք, նրանք մեր դեմն են, մենք էլ իրենց դեմը։ Մենք բոլոր դեպքերում էլ այստեղ ենք, իհարկե, հիմա մենք Քաջարի ջոկատում ենք։ Ես կոչ եմ անում, որ բոլոը զենք վերցնեն, գան զինվորին թիկունք կանգնեն, ֆիզիկապես օգնեն, որ հայ ժողովուրդը ոտքի կանգնի ու թիկունք լինի առաջին գծում մարտնչող զինվորին։ Առանց որևէ հապաղումի, առանց որևէ հետին մտքերի, առանց որևէ մի կապիկությունների։ Սա մեր վերջին ճակատամարտն է, մեր պետականությունը պաշտպանելու, մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու, մեր հաղթանակը ապահովելու և մեր ժառանգներիn փոխանցելու, որպեսզի նրանք կարողանան խաղաղ ապրել այս երկրում։ Հիմա զինվորները կռվում են իրենց հողը, իրենց մշակույթը, իրենց իրավունքներն ու պատմությունը պաշտպանելու համար»։

Փոխգնդապետ Բաղդասարյանի խոսքով՝ թեև 1988-94 թվականների համեմատությամբ հիմա ավելի բարդ է, բայց բարոյահոգեբանական վիճակը կայուն է․ «Սկսած 1988 թվականից մինչև այսօր պայքարում եմ, այդ թվում նաև 2016 թվականին, հիմա էլ այստեղ՝ թեժ գծում կանգնած, մենք երբեք չենք տրտնջում, կանգնած ենք հաստատուն և կայուն, հաղթանակով, մենք եկել ենք հաղթանակը բերենք և տանք հայ ժողովրդին, մեռնք դրա համար ենք այստեղ։ Եթե համեմատենք 1988-ի հետ, հիմա մի քիչ բարդ է, բայց դա չի նշանակում, որ մեր բարոյահոգեբանությունը կարող է ընկճվել, հիմա հրթիռահրետանային, օդային պայքար է, բայց դե հայ ժողովուրդը ուժեղ է, հայոց բանակը շատ ուժեղ է, դրա համար ինքը միշտ պաշտպանում է խաղաղություն, բայց Թուրքիան, որ միջազգային տեռորիստական ամբողջ խումբը, որ հանել, բերել է և ուզում է մտցնել Միջին Ասիա և Կովկասում դեր ունենալ, բայց իրենց այդ ծրագրերը չեն իրականանա, որովհետև հայ ժողովուրդը սարի պես կանգնած այդ անարդարության դեմ պայքարում  է և կպայքարի, որովհետև մենք արդար ենք, մենք մեր տունն ենք պաշտպանում, մեր հողն ենք պաշտպանում, իր երեխային է պաշտպանում։ Իրենք էլ լավ գիտեն, որ մեր տունն ու հողը զավթել իրենք երբեք չեն կարողանա, հասկանո՞ւմ ես, մեռնեմ քզի, դրա համար մենք շատ ուժեղ ենք»։