Միրզոյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց «Լեռնային Ղարաբաղի հայություն» հակաարցախյան եզրույթը

Միրզոյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց «Լեռնային Ղարաբաղի հայություն» հակաարցախյան եզրույթը

«Մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ»,-այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու դեպքին։

«Եւ ես պետք է արձանագրեմ, որ նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցը արագորեն հարթվել է։ Եւ, ընդհանրապես, կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք բերված են, արձանագրված են բոլոր կողմերի կողմից և հանրահայտ են, հանրահռչակված են։ Անշուշտ, պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցը դեռ կարգավորված չէ և նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրացմանը՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, սա արդեն մեկնաբանությունների հարց է»,-ասաց Միրզոյանը։

Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, որտեղ նա դժգոհել է, թե Արցախի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր գոյություն ունեն։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում։ Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, և այս միավորման, բանակի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանությունն է, ինքնապաշտպանությունը։ Եւ այս առաքելությունն այսօր առավել, քան երբևէ, պահանջված է։ Մենք՝ ինքներս, դա կարող ենք դատել, հետևելով այն լուրերին, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Լեռնային Ղարաբաղի հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, գազն էին փակում տարվա սկզբին և այլն։ Այսինքն՝ այս գործողությունները շարունակական են։ Երբ որ վերանա Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների վտանգը, գոյաբանական վտանգը, այդ ժամանակ, կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ գոյաբանական վտանգը կա»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նկատենք, որ Միրզոյանը Արցախի Հանրապետության ժողովուրդ կամ գոնե Արցախ և Արցախի ժողովուրդ ձևակերպման փոխարեն իր ելույթում համառորեն ու շարունակաբար կիրառում էր «Լեռնային Ղարաբաղի հայություն» ձևակերպումը, որը միանշանակ Ադրբեջանի շահերից է բխում և ավելի շատ պրոադրբեջանական ձևակերպում է, ոչ թե պրոհայկական և պրոարցախյան։ Մասնավորապես Միրզոյանն իր խոսքում ուղիղ յոթ անգամ արտաբերեց «Լեռնային Ղարաբաղ» կամ «Լեռնային Ղարաբաղի հայություն» եզրույթը։