ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհները՝ ըստ ցանկության

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհները՝ ըստ ցանկության

Երբեք չեմ լռել: Այս անգամ լռեցի. ասի՝ պատերազմ է, ասի՝ ամեն օր Արծրունի շուրթերը վկայում են, որ ուր որ է հաղթանակ կտոնենք: Ասի՝ թեկուզ արդարացի չէ, թեկուզ իրենց արածների մեջ կոռուպցիոն դրսեւորումներ են նշմարվում, բայց մտածեցի՝ հաղթանակը թույլ չի տա մանր երեւույթների վրա սեւեռվել, մի օր իրենք էլ պետական մտածողություն կդրսեւորեն, ճիշտ կաշխատեն: Բայց որ պատերազմի թեժ օրերին այդ մարդիկ կարողացել են բյուջեից եկած պարգեւավճարներն ընդունել, դրանով հաց, երշիկ ու զուգարանի թուղթ գնել ու իրենց աշխատատեղերում շարունակել սեւի եւ սպիտակի երեւակայական բացահայտում անել, ուրեմն ինչո՞ւ չգրել, երբ, մյուս տեսանկյունից՝ իրենք հասցրին այս պատերազմին, այս պարտությանը:

Ահավասիկ, ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհները, սկսած թավշի իշխանության գալուց՝ 2018 թվականից: Այն, ինչին մասնակցել եմ աշխատանքի, գործունեության բերումով, որոնք համակարգում է նախարարության մշակութային ժառանգության չգիտեմ որ կարգի մասնագետ Արմեն Սարգսյանը: Ինչո՞ւ եմ ասում՝ չգիտեմ, որովհետեւ, ըստ իմ տեսածի, նա երբեմն ավելի բարձր գործառույթներ ունի այդ նախարարությունում, քան փոխնախարարն ու նախարարը: Ինչո՞ւ․ մեկնաբանեմ ասածս: 2018թ. Արայիկ Հարությունյանի հայտնությամբ ասպարեզ իջավ այսպիսի մի դրամաշնորհային ծրագիր․ «Քո արվեստը՝ դպրոցում»: Պահանջների ձեւական կողմն իբր պահելով՝ արդյունքում «հաղթողներ» ճանաչվեցին բացառապես Արմեն Սարգսյանի շրջապատի մարդիկ: Ավելին՝ ծրագրի ձեւական կողմն անգամ չպահելով՝ ցուցակներում հայտնվեցին դարձյալ Արմեն Սարգսյանի մարդիկ, որոնք բոլորովին գաղափար չեն ունեցել այդ մրցույթից եւ հայտ չեն ներկայացրել: Այս ծրագրի ընդհանուր արժեքն էր հիսուն միլիոն դրամ: Հիմա, երբ ծրագրում հայտնվել են բացառապես Ա. Սարգսյանի մտերիմները, երբ ոչ հայտատուն է հաղթող ճանաչվել այդ ծրագրում, կարո՞ղ ենք ասել, որ սիրուն աչքերի համար չի եղել: Կարո՛ղ ենք: Սրա վերաբերյալ մի քանի անգամ հանդես եմ եկել մամուլում, որից հետո հաջորդ տարիներին նախարարությունում հրաժարվեցին այդ ծրագրից:

Հաջորդը՝ գրքի տարեկան փառատոն: Սա էլ է համակարգում Արմեն Սարգսյանը: Այստեղ էլ հաղթող ու կազմակերպողների ցուցակներում դարձյալ Ա. Սարգսյանի մտերիմներն են, նաեւ նրանք, որոնցից շատերը «հաղթողներ» են ճանաչվել «Քո արվեստը՝ դպրոցում» ծրագրում: Սրանցից կարելի է առանձնացնել գրականագետ Հասմիկ Հակոբյանին, որը մի քանի տարի մենաշնորհ ուներ որպես փառատոնի կազմակերպիչ, որի համար ավելի շատ գումարներ էին տրամադրում, քան այդ բոլոր գրքերի տպագրության ծախսերը միասին վերցրած: Ինչ է թե գրականագետը խոսափողով պետք է ներկայացներ մրցույթի հաղթողներին, որոնք հիմնականում նույն մարդիկ են, ովքեր օգտվում են նախարարության գրեթե բոլոր դրամաշնորհային ծրագրերից: Եվ, իհարկե, այս գրքերը պետք է տպագրվեն «Երկրի հակառակ երեսը» հայտնի գիրքը տպագրած կազմակերպության տպարանում: Գրողական էթիկայից ելնելով, չեմ ուզում թվարկել այն մարդկանց անունները, որոնք մեկ, երկու, երեք տարի հաղթող են դարձել այդ փառատոնում: Կարծես ուրիշ հեղինակներ գոյություն չունեն նոր կոչվող Հայաստանում:

Ինչպես նոր հեղինակներ, այնպես էլ նոր պարբերականներ ու կայքեր կարծես գոյություն չունեն Հայաստանում, եթե ուսումնասիրես՝ դրամաշնորհ ոչ պետական լրատվամիջոցներին ծրագրի գործունեությունը: Ոչ մասնագիտական հիմունքներով ընտրված կամ նշանակված այս հանձնաժողովի անդամներից մեկը դեմ է եղել բոլոր պարբերականներին ու կայքերին, բացի «Գրանիշից»: Մյուսը, ի զարմանս մեզ, ցանկի ցուցակում չէր հանդիպել «Ծիրանավոր» պարբերականին եւ հետաքրքրվում էր՝ ինչո՞ւ «Ծիրանավոր»: Երբ բացատրեցինք, որ Աշտարակում 5-րդ դարի եկեղեցի կա՝ «Ծիրանավոր» անվամբ, դարձյալ զարմացավ նման եկեղեցու գոյության փաստից: Երրորդը, ով մրցութային փուլը դեռ չավարտած՝ սոցիալական ցանցերով, իր բառերով՝ «կայֆ» էր բռնում մարզային թերթերի վրա, թյուրիմացության մեջ էր ընկել մամուլի մասին օրենքներ չիմանալուց, եւ քանի որ պարբերականներից մեկի հասցեն թերթի տնօրենի գրանցման հասցեն էր, իրեն թվացել էր, թե այդ թերթը գյուղական է եւ տպագրվում ու տարածվում է բացառապես այդ համայնքում, իսկ թերթի տիրաժն ավելին է, քան այդ համայնքի բնակիչների քանակը: Նշեցինք, որ սա կատարվել է մրցութային փուլը դեռ չավարտված, որն ուղղակիորեն ազդակ է համարվում մյուս հանձնաժողովականների կարծիքին: Այդ մասին մի մակերեսային հոդվածով ժամանակին հանդես եկավ «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ի դեպ, ըստ հայտարարության, մրցութային փուլի արդյունքները նախարարության կայքում պետք է տեղադրվեին մինչեւ սեպտեմբերի վերջը: Սակայն տեղադրվել են ամիսուկես ուշացումով: Հատկանշական է, որ առաջին դեպքը չէ, երեք տարի շարունակ արդյունքներն ազդարարվել են առնվազն մեկ ամիս ուշացումով: Նշեմ, որ յուրային կոչվող լրատվամիջոցները, մրցույթը դեռ չավարտված, Ա. Սարգսյանի կողմից տեղեկացվում են իրենց «հաղթանակի» մասին: Այս հանգամանքը չեն կարող պատճառաբանել պատերազմով, քանի որ մրցույթի արդյունքները հայտնի են եղել սեպտեմբերի 15-ին, իսկ Արմեն Սարգսյանն ու իր բաժնի աշխատակցուհին, որ դարձյալ ընդգրկված էր այս հանձնաժողովում, փաստ է, որ չեն մասնակցել պատերազմին: Մեկ ուրիշ հանգամանք․ ինչպե՞ս է լինում, որ 3 տարի շարունակ նույն լրատվամիջոցներն են հաղթում եւ դրամաշնորհների արժանանում, ինչպե՞ս է լինում, որ դրանք պահպանում են մասնագիտական կոչվող հանձնաժողովի չափանիշները, եւ ինչպե՞ս է լինում, որ նոր հայտատուները ջանասիրաբար մերժվում են: Ինչպե՞ս է լինում, որ նույն Հասմիկ Հակոբյանի «Գրանիշ» կայքը, որ շատ հաճախ տարածում է ապականված եւ ապականող գրականություն, որի նյութերի ծանրակշիռ մասը կայք է լցվում սոցիալական ցանցերից, հաճախ չխմբագրված, երբեք չսրբագրված, արժանանում է շուրջ հինգ միլիոն դրամաշնորհի, իսկ պարբերությունը չկորցնող, մարզային գրական մշակութային մամուլից ընդամենը Գյումրին եւ Վանաձորն են արժանանում փշրանքների:

Անշուշտ, դրամաշնորհը տրվում է, որպեսզի լրատվամիջոցները հոնորարներ տան հեղինակներին: Արդյոք կատարվե՞լ է ծրագրի այդ պահանջը, կարծում եմ՝ ոչ: Կամ էլ կատարվել է մասնակիորեն: Ի դեպ, այս ոլորտը համակարգում էր ժամանակին նավից թռած Նարինե Թուխիկյանը, ով լրատվամիջոցներից եւ Գրողների միության բանագնացներից տեղեկացված էր նախարարության վերը նշված վարչության գործունեությունից, սակայն սա էլ ոչինչ չփոխեց, որպեսզի վարչությունը նույն ճամարտակությունները կատարի նաեւ այս տարի: Ինչ խոսք, նախարարի փոփոխությունից չի ակնկալվում, որ վարչության գործունեությունը կփոխվի, քանզի մարդ, ով կարող է վերջնականապես գահավիժած կառավարության հոգեվարքին պաշտոն ստանձնել, չի կարող փոխել ծայրեծայր ապականված նախարարության գործունեության սկզբունքները: Սկզբունքներ, որ օր-օրի կուտակվելով՝ մշակութային ապականությունը հասցրին պատերազմական պարտության: Հուսանք՝ առաջիկայում ձեւավորվող կառավարությունը կմաքրի ներկա աղբը՝ թե՛ անձերի, թե՛ սկզբունքների առումով:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանաստեղծ
«Ծիրանավոր» թերթի գլխավոր խմբագիր