Թույլ ուսերով պետության համար մշակույթը պահպանելը ծանր գործ է

Թույլ ուսերով պետության համար մշակույթը պահպանելը ծանր գործ է

«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախոսությունների շարքի այս համարի հերոսը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թե ինչ կփոխեր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կյանքում։


Հոգեվոր մշակույթը՝ նաեվ նյութականի արտահայտությամբ

Կարծում եմ՝ հոգեւոր հայրենիքի գաղափարը սկիզբ դրվեց 5-րդ դարի սկզբին, երբ Մաշտոցը մեր գրերը վերակենդանացրեց, եւ Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջեւ բաժանված Հայաստանի համար դա եղավ առաջին դեպքը, երբ գրի ու լեզվի միջոցով պետք էր միավորել այդ 2 բաժանված հատվածները։ Իհարկե, ե՛ւ հոգեւոր մշակույթը, ե՛ւ առհասարակ մշակույթը նաեւ նյութականի արտահայտությամբ է հանդես գալիս։ Օրինակ՝ տուրիզմի զարգացման համար ընտրում են Հայաստանի հուշարձաններով հարուստ վայրերը․ դա նշանակում է, որ հոգեւոր Հայաստանն այսօր էլ շարունակում է ազդակ հանդիսանալ նյութական Հայաստանի զարգացման համար։ Իհարկե, ժամանակի ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում ի հայտ են գալիս նոր իրավիճակներ՝ տեխնիկայի, գիտության զարգացման հետ կապված, որոնք ժամանակի ընթացքում՝ իբրեւ նոր արժեքներ, սկսում են ծառայել մարդկությանը։

Որքան հնարավորությունները թույլ են տալիս

Պետության հոգատարությունը մշակույթի հանդեպ դրսեւորվում է անկախացած Հայաստանի վիճակով պայմանավորված, այսինքն՝ որքանով իր հնարավորությունները թույլ են տալիս։ Եթե նախկինում Հայաստանն էլ Սովետական Միության մի մասնիկն էր, այսօր արդեն այդ խնդիրը փորձում է լուծել մենակ, իսկ թույլ ուսերով պետության համար մշակույթը պահպանելը շատ ծանր գործ է։ Առաջվա հետ համեմատած՝ շատ են նվազել պետության մասնակցությունն ու աջակցությունը մշակույթին։ Ամեն դեպքում, այն փաստը, որ թեպետ չֆինանսավորեց, բայց խրախուսեց, որ Մատենադարանի շենքը վերանորոգվի՝ հրաշալի է։ Այս ամենի կողքին մենք ունենք նաեւ չափազանց լուրջ խնդիրներ երկրի անվտանգության, Արցախի միջազգային ճանաչման, նաեւ բնապահպանության հետ կապված, էլ չասեմ, որ արտագաղթը դեռ շարունակվում է։ Դրանք հարցեր են, որ մասնավորի, անհատների ուսերին դրված չեն, այլ՝ պետության, որոնք պետության համար ե՛ւ ծախսատար են, ե՛ւ աշխատատար, իսկ եթե տվյալ բնագավառի պատասխանատու անձն էլ ոչ կոմպետենտ է, այդ բոլորը լրացուցիչ խոչընդոտներ են հարուցում։

Պետության, երկրի, մշակույթի առանցքը մարդն է

Թվում է, թե շատ պարզ է՝ որտեղից է ամեն ինչ սկսվում, բայց փոխելը չափազանց բարդ բան է։ Դա նախեւառաջ կախված է մարդկանց հոգեբանությանից։ Պետություն, երկիր, հանրություն, մշակույթ․ այս բոլորի առանցքը մարդն է, ստեղծագործող մարդը։ Եթե մարդը դադարում է աշխատելուց, հոգալուց իր շրջապատի մասին, ապա անհրաժեշտ է այս մարդուն նախեւառաջ վերադարձնել իր նախնական գիտակցությունը՝ ինքն աշխարհ է եկել եւ այս փոքրիկ հողակտորի վրա ունի իր կոնկրետ անելիքը։ Ես հասկանում եմ, որ այդ բոլորի վրա ուժեղ կերպով ներգործում են նաեւ դրսի ուժերը, հետո՝ մարդկանց մոտ դեռ Սովետմիությունից «գենետիկորեն» հարստանալու մոլուցքը շարունակում է գործել, եւ նրանք արմունկներով փորձում են իրենց բաժինը հնարավորինս մեծ վերցնել։ Բայց ժամանակի հոլովույթի մեջ մենք մեզ կարողացել ենք պահպանել նախեւառաջ հոգեւոր մշակույթի միջոցով։ Այսօր մարդկանց կողմից մի փոքր նվազել է այդ հետաքրքրությունը դեպի հոգեւոր մշակույթը․ հոգեւոր ասելով՝ նկատի չունենանք միայն եկեղեցական կյանքը, այլ, ընդհանուր առմամբ՝ ստեղծագործական կյանքը։ Այսօր այդ ստեղծագործական աշխատանքի նկատմամբ նկատվում է որոշ թերահավատություն։ Ես երբեք չեմ հավատացել այն տարածված կարծիքին, որ նախ տնտեսությունը պետք է զարգանա, հետո նոր հնարավոր լինի մշակույթն ու կյանքը լավացնել․ ճիշտ հակառակը՝ եթե չկա ստեղծագործ միտք, չի կարող լինել նաեւ ստեղծագործող մարդը, որ դրա միջոցով կարողանա ինչ-որ բան շահել, որովհետեւ շահելու, ձեռք բերելու գաղափարը գալիս է նրանից, որ մարդը ձգտում ունի եւ իր երեւակայության մեջ պրոյեկտում է այդ ծրագիրը։

Ազգային ինքնության խնդիրները շատ կարեւոր են, որովհետեւ անհայրենիք մարդը վտանգավոր է, մարդը պետք է ցավի, արժեքներ ստեղծի իր երկրի համար, եթե չունենա այդ ազգային գիտակցությունը, չի կարող դա անել։

Մեդիչիների քաղաքականությունը մշակութայի՞ն էր, թե՞ ոչ

Մշակութային քաղաքականության հարցը միշտ ընկալել եմ որպես սպեկուլյատիվ խնդիր, որովհետեւ ի՞նչ է նշանակում մշակութային քաղաքականություն, առավել եւս, երբ ասում են՝ մինչեւ չլինի մշակութային քաղաքականություն, չի լինի նաեւ մշակույթ։ Դա մի քիչ պիղատոսյան մոտեցում է, որովհետեւ ձեռքերը լվանալու եւ հեռանալու ավելի հարմար առիթ գոյություն չունի։ Մշակույթի ստեղծագործությունն ինքն իր հետ բերում է նաեւ այդ քաղաքականությունը։ Եթե քանդակագործը լավ քանդակ է անում, նկարիչը՝ նկար, դա արդեն իր հետ բերում է այդ քաղաքականություն կոչվածը։ Ինձ երբեք հավատ չի ներշնչել, երբ վերեւներում փորձել են մեր մշակութային քաղաքականության մասին հոգալ բարձրաձայն։ Այդ քաղաքականությունը ստեղծվում եւ առաջանում է նոր ծնվող գեղարվեստական արժեքների հետ։ Վերածննդի դարաշրջանում Իտալիայում Մեդիչիների քաղաքականությունը մշակութայի՞ն էր, թե՞ ոչ։ Նրանք միայն ֆինանսավորում էին, իսկ այն, ինչ հետագայում որպես արվեստի գործ ծնվում էր, անում էին այն մարդիկ, որոնց անուններն ամբողջ աշխարհին է հայտնի։ Մեդիչիները ոչ մի քաղաքականություն էլ չէին որդեգրել, նրանց քաղաքականությունը, այսպես ասած, մշակութային չէր, այլ՝ ֆինասնական։ Նրանք ֆինանսավորում էին տաղանդավոր մարդկանց, ովքեր արժեքներ էին ստեղծում, որոնք իրենց հետ բերում էին ե՛ւ քաղաքականություն, ե՛ւ ազգային պատկանելություն, ե՛ւ դարաշրջանի հոգեւոր ըմբռնում։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում նախարարությունում նստած որոշել, թե ինչ է մշակութային քաղաքականությունը։ Եթե ձեր երկրի արվեստագետները մշակութային քաղաքականության կարիք ունեն, նշանակում է, որ մենք նրանց հետ որպես արվեստագետների չպետք է խոսենք, որովհետեւ արվեստագետն ինքն է թելադրում այդ քաղաքականությունը, իսկ դուք պետք է միայն ֆինանսավորեք, եթե չեք կարողանում ֆինանսավորել, պետք է փակվեք։

Վաղն արդեն նավթի համար կռիվ չեն անելու, այլ՝ ջրի

Վերջին շրջանում 2 հիմնական հարց է սրվել, որը մեր հասարակության մեջ դարձել է երկպառակտող․ մեկը Ստամբուլյան կոնվենցիայի խնդիրն է, որը, անկեղծ ասած, չեմ կարդացել եւ իմ կարծիքն ասում եմ 2 կողմերին լսելով միայն, այն է՝ եթե դույզն-ինչ չափով դա կարող է ազդել մեր հասարակության ամենակարեւոր օղակի՝ ընտանիքի վրա, ուրեմն ավելի լավ է հեռու մնալ դրանից։ Ինչպես վանեցին կասեր՝ զգուշությունը լավ բան է։   

Մյուսն Ամուլսարի հանքի շահագործման խնդիրն է․ Ամուլսարը պետք է մնա սա՞ր, թե՞ դառնա հանք։ Այս երկու խնդիրն էլ նախորդ իշխանությունների ժամանակ եւ նրանց կողմից միջազգայնորեն համաձայնեցված, ստորագրված խնդիրներ են եղել, բայց որն այսօր բարձրացվում է հասարակության կողմից։ Ասում են՝ ինչո՞ւ ժողովուրդն այն ժամանակ չէր խոսում․ որովհետեւ ժողովուրդը տեսավ, որ եկել է մի նոր վարչախումբ, որն ինքն է շատ հարցեր բարձրաձայնում եւ հնարավորություն է տալիս մարդկանց ազատ արտահայտվելու։

Այդ հնարավորությունից մարդիկ այսօր փորձում են օգտվել։ Իհարկե, մենք ժամանակին ունեցել ենք պղնձամոլիբդենային, քիմկոմբինատ, «Նաիրիտ», ատոմակայան․ սրանք բոլորը բնապահպանության հետ կապված լուրջ հարցեր են, որ ժամանակին բարձրաձայնվել են, բայց այսպիսի արձագանք, ինչպես Ամուլսարի դեպքում է, չի եղել։ Նախկինում չի բարձրաձայնվել շատ պարզ պատճառներով՝ դրանք Սովետական Միության ժամանակ էին արվում, որտեղ հասարակությունը հլու-հնազանդ, լուռ ենթարկվում էր, որովհետեւ դրա դիմաց աշխատատեղեր էին բացվում։ Ինչքա՜ն սարեր գնացին ու կորան Հայաստանից, շատ անգամ դրանք վագոններով լցնում-տանում էին Ռուսաստանի տափաստաններ, որտեղ նոր բլուրներ ու լեռներ էին գոյանում։ 87-ին ծնված երեխաների մեծ մասը մահացավ, այդ թվում՝ իմ երեխան։ Դա կապում էին «Նաիրիտի» հետ, որովհետեւ ժամանակին մեծ արտանետումներ էին լինում, եւ ժողովրդին ասում էին՝ հանկարծ պատուհան չբացեք։ Այդ խնդիրները միշտ եղել են, բայց եթե նախկինում ժողովուրդը չուներ իր ձայնը տեղ հասցնելու հնարավորություն, այսօր ունի եւ բարձրաձայնում է։ Հատկապես մեր նման փոքր երկրում, որտեղ ամեն ինչ ոչ թե կմ-ով, այլ մետրերով է չափվում։ Ես հասկանում եմ, որ էլի աշխատատեղերի հարց կա, բայց պետք է ընտրենք, եւ պետության խնդիրն էլ պետք է լինի հայ ժողովրդի պահպանումն իր բնօրրանում։ Աչքի առաջ ունենալով բոլոր այդ վտանգները՝ նա պետք է մտածի այլընտրանքի մասին․ թող գյուղատնտեսությունը զարգացնի, ՏՏ ոլորտը, թեթեւ արդյունաբերությունը, պետությունն ինքը դա պետք է որոշի։ Վաղը, մյուս օրը նավթի համար կռիվ չեն անելու, այլ՝ ջրի համար, եւ իրաքյան ու իրանյան պատերազմը որ սկսվեց, հիմնականում ջրերի հարցն էր։ Այսօր Լիբանանը, որ Սիրիայի հետ խնդիրներ է ունենում, էլի ջրերի հարցն է մեջտեղում։ Դա շատ լուրջ խնդիր է, պետք չէ վտանգել Սեւանը։ Ունենալով ժողովրդի մեծ աջակցությունը՝ վարչապետը չպետք է մտածի ուրիշ բաների մասին եւ նման ռիսկերի գնա, հատկապես, որ այդ ոսկուց ո՛չ պետությունն է շահելու, ո՛չ ժողովուրդը, ավելին՝ կորցնելու ենք։ Ասում են՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո։ Պետք է լսել այդ բազմությունների ձայնը։