Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

ՀՀ ԱԺ մեծարգո նախագահ, հրապարակվել է ՀՀ ՄԻ պաշտպանի 17.09.19թ. որոշումը, որով հաստատված է համարվել իմ՝ ՀՀ քաղաքացուս իրավունքների խախտումը: Որոշման մեջ արձանագրված են ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի՝ կառավարության որոշումների բացահայտ խախտումները, որոնցով չեն կասեցվել, անվավեր չեն ճանաչվել այն հրամանները, որոնցով խախտվել են իմ իրավունքները: Այս որոշմամբ, Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի պահանջով, ՄԻ պաշտպանը նախարարին առաջարկում է քննել Մ. Պատվականյանի խախտված իրավունքների վերականգնման հարցը՝ «հաշվի առնելով սույն որոշման մեջ տեղ գտած դիրքորոշումները»: Անցել է արդեն 2 ամիս, իսկ արտոնյալ սուպերնախարարը, անպատժելի նախարարն արհամարհում է նաեւ այս որոշումը՝ խախտելով օրենքի պահանջը: Որովհետեւ մենք մամուլում մի քանի ամիս առաջ հրապարակել ենք հոդվածներ, որով ԿԳՄՍ նախարարին մեղադրել ենք կոռուպցիոն գործարքի եւ հեղափոխության արժեքների դավաճանության մեջ, որը մինչ օրս չի հերքվել: Բազմաթիվ կայքեր անդրադարձել են այս խնդրին: Կատարված անօրինականությունների մասով հարուցվել է քրգործ եւ 1.5 տարի է՝ դեռ չի ավարտվում:

Հակառակը՝ ՄԻ պաշտպանին նախարարն ուղարկում է զավեշտի հասնող մի նամակ, որտեղ հայտնի որոշումն անվանվում է գրություն: Այն իրականում համապատասխանում է նախարարի կրթական, բարոյական հատկանիշներին: 

Մեծարգո նախագահ, ՄԻ պաշտպանի ինստիտուտի ստեղծման 15-ամյակին նվիրված Ձեր եւ վարչապետի ելույթները շատ ուրախացրին ու գոտեպնդեցին ինձ, որ մեր երկրում ՄԻՊ գրասենյակի աշխատանքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը քաղաքական խոչընդոտներ չկան… Բայց շատ տխրեցի՝ հիշելով ինձ հետ կատարվածը: Տխրեցի, որովհետեւ Դուք եւ պրն վարչապետը տեղյակ չեք բազմաթիվ այսօրինակ խայտառակ վիճակներից, երբ ՄԻ պաշտպանը, Սահմ. օրենքի պահանջներից ելնելով, ընդունում է որոշումներ, որոնք արհամարհվում են գործադիր իշխանության պատեհապաշտ ղեկավարների կողմից: Այն դեպքում, երբ ՄԻ պաշտպանը եւ նրա գրասենյակի աշխատողները ժրաջան մեղվի նման օրնիբուն աշխատում են՝ օգնելով ՀՀ հազարավոր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնմանը:

Ես 1 տարուց ավելի ականատես եմ եղել այդ ամենին եւ օգտագործելով պահը՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրանց: Հավատացեք, որ սա պետական կառույցների կատարած աշխատանքների արդյունավետության տեսակետից ամենաարդյունավետն է եւ նույնիսկ համեմատելի չէ մյուսներին: Որովհետեւ այդ կառույցը ղեկավարում է բարձրորակ արհեստավարժ (պրոֆեսիոնալ), իր աշխատանքի նկատմամբ պատասխանատվության բարձր մակարդակ ունեցող անձնավորություն: Եվ պատահական չէ, որ անաչառ մամուլը, ինչքան ինձ հայտնի է, սուր քննադատության չի ենթարկել այս կառույցի աշխատանքները, ինչպես լինում է մյուսների դեպքում: Ցավալի է, որ նաեւ այս կառույցն ամենաանպաշտպանն է, նկատի ունեմ գործադիր իշխանության որոշ ապաշնորհների վերաբերմունքը: Ասեմ ավելին՝ Հայաստանի Հանրապետությունում այսօր ամենաշատը խախտվում են մարդու իրավունքները՝ գործադիր իշխանությունների կողմից:
Հարգելի նախագահ, շուրջ 1 ամիս է՝ դիմել եմ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Ցավում եմ, որ խորհրդարանական մարդու իրավունքների պաշտպանության սույն կառույցն այսքան անտարբեր կլիներ արդեն հաստատված մարդու իրավունքների խախտման փաստին:

Հարգելի նախագահ, ԱԺ-ն ունի ՀՀ կառավարության գործունեությունը վերահսկելու գործառույթ (Սահմանադրության 113 հ. կ. 2): Յուրաքանչյուր խմբակցություն ունի նախարարին անվստահություն հայտնելու օրենսդրական հնարավորություն (արդեն դիմել եմ նաեւ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը): 

Ուստի խնդրում եմ Ձեր օգնությունը, Ձեր վերահսկողությունը՝ օրենքի շրջանակներում իրականացնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը՝ հաշվի առնելով վերոհիշյալ օրենքների, կառավարության որոշումների առերեւույթ խախտումները, նախարարի պաշտոնական դիրքի չարաշահումները: 
Հավատացեք, հարգելի նախագահ, Ձեր այդ քայլն ամենաբարձր շնորհավորանքը կլինի ՄԻՊ-ին եւ նրա գրասենյակին՝ 15-ամյա արդյունավետ գործունեության համար: 
Եվ վերջապես՝ Ձեր այդ քայլով կստեղծեք լավագույն նախադեպ, որն իսկապես կնշանակի, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը քաղաքական խոչընդոտներ չկան:


Մխիթար ՊԱՏՎԱԿԱՆՅԱՆ