ՔՊ-ի համար Երեւանի ընտրությունները «կարապի երգ» կարող են լինել

Նախօրեին Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրությունները Հայաստանի նորագույն պատմության մեջ թերեւս կմնան որպես եզակի կամ բեկումնային մի շարք առումներով։ Թեեւ ԿԸՀ-ն դեռ վերջնական արդյունքներ կհրապարակի, սակայն գոնե նախնական արդյունքների վրա հիմնվելով, կարելի է որոշ արձանագրումներ կատարել․
• Նախ մասնակցության մասին․ 824 250 ընտրողից ընտրություններին մասնակցել է 234 553-ը։ Այսինքն՝ ընտրողների 28,46 տոկոսը։ Հակառակ ծայրից եթե նայենք, չի մասնակցել 71,54 տոկոսը կամ 589 697 ընտրող։ Սա նշանակում է, որ Հայաստանում առկա է գործող իշխանության հանդեպ խոր եւ համապարփակ անվստահություն։ Չմոռանանք, որ ընտրություններին չմասնակցելը եւս բողոքի, գործող համակարգի հանդեպ անվստահություն հայտնելու ձեւ է։ Սա նկատի ունենալով, կարող ենք արդեն այժմվանից արձանագրել, որ գործող քաղաքական մեծամասնությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանն արտաքին խաղացողների հետ բավականին ծանր հարցուպատասխան է ունենալու հատկապես ռեգիոնի նոր «ճարտարապետության» մեջ Հայաստանի ներգրավվածության եւ ունենալիք «դերակատարության» մասով, որը լոկալ առումով կոչվում է «խաղաղության դարաշրջան»։
• Մյուս հարցը, որ հատկապես հետաքրքիր էր, իշխող քաղաքական մեծամասնության՝ «ՔՊ»-ի հավաքած ձայներն է։ Ընտրությանը մասնակցած 234 553 ընտրողից այս քաղաքական ուժի օգտին քվեարկել է 75 463 ընտրող, կամ 32,57 տոկոսը։ Սա թեեւ ոմանք արդեն անվանել են «Պյուռոսյան հաղթանակ», սակայն իրականում շատ ավելի վատ է, քան «Պյուռոսյան հաղթանակը»։ Սա պարտության դասական օրինակ է․ եթե դիտարկենք ընտրողների ընդհանուր թվի՝ 824 250-ի համատեքստում, ապա «ՔՊ»-ի օգտին քվեարկել է Երեւանի ընդհանուր ընտրողների ոչ ավելի, քան 9,1 տոկոսը։ Մյուս կողմից, կարելի է արդեն արձանագրել, որ «ՔՊ»-ն կորցնում է Երեւանում միահեծան իշխանությունը եւ ստիպված է լինելու կոալիցիոն կառավարում իրականացնել, եթե հաջողվի կոալիցիոն գործընկեր գտնել իր համար։
• Հաջորդ նյուանսը կապված է Երեւանու նոր ավագանու կազմի հետ։ Հայտնի է, որ Երեւանի նոր ավագանիում մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ՝ «Հանրային ձայն»- 7, «Քաղաքացիական պայմանագիր» – 24, «Ազգային առաջնթաց» – 14, «Հանրապետություն» – 8, «Մայր Հայաստան» – 12։ Այս իրավիճակում 65 մանդատից «ՔՊ»-ն առնվազն պետք է ունենա 33 մանդատ, որպեսզի կարողանա մեծամասնություն լինել եւ ընտրել քաղաքապետ։
Դժվար է ասել, թե որ ուժերը ոնց կորոշեն իրենց հետագա անելիքները, սակայն, օրինակ, ոչ մի կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ «Հանրային ձայնը» կամ «Մայր Հայաստանը» կարող են կոալիցիա կազմել «ՔՊ»-ի հետ եւ դա արդեն հիմիկվանից պետք է բացառել։ «ՔՊ»-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության հետ անգամ մեծամասնություն չի ձեւավորվում։ Իսկ թե ինչպես է հարցը լուծվելու, դեռ հայտնի չէ։
Կարծիքներ