Որ հիվանդություններն են լյարդում ճարպի կուտակման հանգեցնում
Գիտնականները պարզել են, որ լյարդում ճարպի կուտակման համախտանիշ կարող է առաջանալ, երբ մարդու մոտ առկա են մի շարք հիվանդություններ, ինչպիսին շաքարային դիաբետն է։ Կամ էլ, երբ կան խնդիրներ՝ կապված սրտի ու երիկամների հետ։ Այս մասին հայտնում է Nature Medicine-ը։ Լյարդի ճարպակալման համախտանիշի ժամանակ ճարպը կուտակվում է լյարդի բջիջներում, ինչը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, ինչպիսիք են ցիրոզը կամ օնկոլոգիական հիվանդությունները։ Համախտանիշը հաճախ է մնում չնկատված, քանի որ վաղ փուլերում առանձնապես վառ արտահայտված ախտանշաններ չունի։ Աշխարհի չափահաս բնակչության շրջանում լյարդի ճարպակալումն ունի 25 տոկոս տարածվածություն։ Հիմնական ռիսկային գործոններն են՝ ավելորդ քաշը, ճարպակալումը եւ նյութափոխանակության խախտումը։
Մասնագետները նաեւ հայտարարել են, որ բացահայտել են 27 նոր գեն մարդու մոտ, որոնք կարեւոր դերակատարություն ունեն լյարդի ճարպակալման առաջացման ու զարգացման համար։ Այս ամենը, ըստ հրապարակման, թույլ է տալիս մշակելու ռիսկային գործոնների ցանկ, ինչպես նաեւ՝ մշակելու համաշտանիշի բուժման ավելի արդյունավետ մեթոդներ, ելնելով պացիենտի անհատական առանձնահատկություններից։
Կարծիքներ