«Ազատությունն» ու ազատությունը
Սևանում արտակարգ դեպք է գրանցվել: Քաջատեղյակները պատմում են, որ օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։ Թե ինչքան ազդվեցի այս լուրից, ինչ տառապանքների միջով անցա, միայն ինձ է հայտնի: Բնականաբար հուզված էի գործընկերներիս հետ տեղի ունեցած սարսափելի դեպքից: Պարոն Գասպարյան, Դուք խիղճ չունե՞ք, այս ի՞նչ եք արել… Առավել համարձակները նույնիսկ պնդում են, որ խեղճ լրագրողներից մեկ-երկուսի շաքարն այնքան է բարձրացել, որ գրեթե կորցրել են լավ ռեպորտաժ պատրաստելու կարողությունը: Բա հիմա ի՞նչ ենք անելու…
Այս մտքերով էի, երբ սորոսական մի քանի ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ կրկին աչքովս ընկավ հետևյալ հատվածը. «…նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը»: Հա՛, փաստորեն այս ամենը «ըստ «Ազատություն» ռադիոկայանի» է տեղի ունեցել: Բա շուտ ասեք, եղբայր, ես էլ կարծում էի՝ իսկապես նման բան է տեղի ունեցել: Իմ պրակտիկայից գիտեմ, որ «Ազատության» հայաստանյան մասնաճյուղը սիրում է «սկանդալներ» լուսաբանել ու որոշել են գնալ Վլադիմիր Գասպարյանի վրա՝ մտածելով, որ հայտնի դեմք է, դյուրագրգիռ, ընդհուպ՝ կոպիտ: Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո: Վլադիմիր Գասպարյանը կվադրացիկլը քշած եկել է, թե՝ այ «գժուկներ», էս ի՞նչ եք անում իմ տան կողմերում, ինչո՞ւ եք նկարահանում՝ առանց ինձ հարցնելու: Սրանց միջից մի ճարպիկ անձնավորություն էլ հակադարձել է, թե՝ լավ ենք անում, մենք մեր մասնագիտական գործն ենք անում: Եվ այդտեղ Վլադիմիր Գասպարյանը հայտնվել է իր տարերքի մեջ և, ըստ «Ազատության»՝ սպառնացել է վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել, ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը:
Իսկ դուք, պատահաբար, չե՞ք ստում, հարգելի freedom-ցիներ: Ախր ես ձեր կաշին դաբաղխանից գիտեմ՝ մի՞թե դուք չէիք քաղակտիվիստ Վարդգես Գասպարիի PR-չիկը, երբ նա «դավաճան» գրությամբ պաստառներ էր տանում կուսակցական գրասենյակներ (մասնավորապես ՀՀԿ և ՀՅԴ) և փորձում էր դրանք փակցնել այդ գրասենյակների մուտքերին: Գասպարիին այդ ուղևորության ընթացքում միայն «Ազատության» միկրոֆոնն ու տեսախցիկն էին ուղեկցում: Ի՞նչ համատեղ ակցիա էր դա, հարգելի հեռուստառադիոկայան, կմեկնաբանե՞ք: Իսկ ինչո՞ւ Սևանից կադրեր չկան:
Ուրեմն ասում եք՝ ձեզ համար ապօրինի շինություններ էիք նկարում, ու մեկ էլ Վլադիմիր Գասպարյանը եկավ, հա՞: Գժուկներ ջան, իսկ կարո՞ղ եմ հետաքրքրվել, թե դուք ինչպես էիք անզեն ապօրինի շինությունները և հանգստի գոտիները ջոկում օրինականներից: Չլինի՞ շրջակա միջավայրի նորաթուխ նախարարն էր տրամադրել ցանկը: Եվ ինչպե՞ս պատահեց, որ հենց ձեզ տրամադրեց, հենց դուք գնացիք Սևան ու հենց դուք հայտնվեցիք Վլադիմիր Գասպարյանի «դաչայում»:
Ես, որպես լրագրող, կողմ չեմ, որ մեր աշխատանքները որևէ մեկը խոչընդոտի: Այս առումով մենք բոլորս «Ազատություն» ենք, բայց և պետք է գիտակցենք, որ մարդու անձնական կյանք ներխուժելուց առաջ պետք է այդ մարդու թույլտվությունն ունենանք: Կամերան ու միկրոֆոնը դեմ տալով չէ, կան նաև լրագրողի արժեքը բարձրացնող բառեր՝ թույլ կտա՞ք, կարելի՞ է, դեմ չե՞ք և այլն: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել ես գողեգող սողոսկել ու հասնել նպատակիդ («Հրապարակն» էլ է հաճախ նման բաներ անում), ուրեմն պատրաստ եղիր նաև հակահարվածի, ցենզուրայից ազատ բառամթերքի, սպառնալիքի և այլն: Մի՞թե կարելի է մարդուն մեղադրել՝ իր անձնական կյանքը, իր տունը քո անհամեստ աչքից պաշտպանելու համար. ով ուզում ես եղիր, թեկուզ՝ լրագրող:
«Մենք՝ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել տեղի ունեցած միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին»,- սույն դեպքով իրենց հայտարարության մեջ նշել են մի խումբ սորոսական ՀԿ-ներ: Իսկ հարց է ծագում՝ երբ մի 20 օր առաջ «Հրապարակի» օպերատորին գործող ոստիկանապետի թիկնազորն արգելեց տեսագրություն անելը, կամերան էլ ձեռքից խլեցին ու կադրերը ջնջեցին, ինչո՞ւ չէիք հայտարարություն անում։
Որովհետեւ ձեր լրագրողական կազմակերպությունները ակտիվանում են բացառապես գրանտակերության սահմաններում և ստացած փողի ու պատվերի չափով: Մինչդեռ դուք հրաշալի գիտեք, թե ինչու են լրագրողների առջև փակ պետական հաստատությունների դռներն ու ինչ ընդգծված արհամարհանքի են արժանանում լրագրողները գործող պաշտոնյաների կողմից: Թե չէ՝ հիշել եք Վլադիմիր Գասպարյանի «խստությունները»: Բա որ նա այդքան խիստ էր ու «արյունարբու», ինչո՞ւ նրա պաշտոնավարման ընթացքում մեկնումեկիդ քթից արյուն չեկավ, չհայտնվեցիք փակի տակ, երբ Փաշինյանի հետ լցվեկ էիք ռադիոտուն: Մեկ-երկու հաշվի գործ էր, չէ՞ Վլադիմիր Գասպարյանի համար՝ շրջափակել ռադիոտունն ու բոլորիդ ձեռնաշղթա հագցրած դուրս բերելը: Ու էլ մեծ-մեծ մի խոսեք, թե ժողովուրդը դրսում կանգնած էր: Վլադիմիր Գասպարյանն այդ ժողովրդին շատ արագ կհամոզեր գնալ Ծիծեռնակաբերդ և մոմ վառել իրենց նախնիների հիշատակի համար:
Կարծիքներ