Դատարանի գնահատականից պարզ կլինի, որ Բաբայանը մեղավոր չէ․ Արցախի ՄԻՊ

Դատարանի գնահատականից պարզ կլինի, որ Բաբայանը մեղավոր չէ․ Արցախի ՄԻՊ

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։ Նրա համար երաշխավորություններ էին ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու «Հայաստանի  հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը՝ յուրաքանչյուրը փոխանցելով 500.000-ական ՀՀ դրամ։ Բանն այն է, որ Բաբայանի համար երաշխավորագիր էր ներկայացրել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նրան հարցրինք, թե ինչու չի ընդունվել իր երաշխավորագիրը:

«Ես այդ գնահատականը չէի տա, որ չի ընդունվել, ամեն դեպքում՝ դատախազությունից է պետք ճշտել, թե ինչու չի դիտարկվել, բայց, բնականաբար, իմ երաշխավորագիրը կամ երաշխավորություն տալու պատրաստակամությունը հաշվի է առնվել, ես համոզված եմ, որ հաշվի է առնվել, ուղղակի այնտեղ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ կային, որ այդ պատճառով կարիքը չի էլ եղել, որ ես էլ գամ ներկայանամ և երաշխավորություն տամ։ Ամեն դեպքում՝ ինձ համար կարևորն այն է, որ Արսեն Բաբայանն ազատ է արձակվելու»,- պատասխանեց Բեգլարյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ նախաքննությունը կապացուցի Բաբայանի անմեղությունը, սակայն այս փուլում կարևոր է նրա ազատությունը․

«Ես գնահատական չեմ տալիս, բայց, ճանաչելով Արսեն Բաբայանին, համոզված եմ, որ գործի մանրամասն ուսումնասիրությունից հետո, դատարանի գնահատականից հետո արդեն պարզ կլինի, որ Արսեն Բաբայանը մեղավոր չէ։ Ամեն դեպքում՝ սա իմ ընկերական դիրքորոշումն է, բայց եկեք սպասենք քրգործի ընթացքին, ինձ համար առավել կարևոր է, որ Արսեն Բաբայանը կալանքի տակ չլինի, քանի որ 2 անչափահաս երեխա ունի իր խնամքին»։

Հարցրինք, թե ինչ է կարծում Բաբայանի կողմից նախաքննության ընթացքի վրա ազդելու վերաբերյալ:

«Քանի որ ես երաշխավորագիր տալու պատրաստակամություն եմ հայտնել, երաշխավորագիրը ստորագրված տվել եմ, բնականաբար, ես կարծում եմ, որ նա որևէ կերպ չի ազդելու նախաքննության վրա, և նրա պատշաճ վարքն ապահովված կլինի։ Այսինքն՝ ես իմ երաշխավորությամբ պատրաստ էի երաշխավորել նրա պատշաճ վարքագիծը»,- պատասխանեց Արցախի ՄԻՊ-ը։

Թե ինչու Բեգլարյանի երաշխավորագիրը չի ընդունվել, հարցրինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին։ Հարցի վերաբերյալ մեզ հետ զրույցում նա ասաց․

«Դա պայմանավորված է քրեադատավարական այն գործողություններին մասնակցության ապահովմամբ, որոնք անձնական երաշխավորություն խափանման միջոցը կիրառելու համար նախատեսված են օրենքով: Այսինքն՝ հաշվի առնելով Ա. Բեգլարյանի՝ Արցախում գտնվելու հանգամանքը, ինչպես նաև այն իրողությունը, որ նման դիմում ներկայացրած մյուս երկու անձանց երաշխավորությունը լիովին բավարար էր խափանման միջոցը փոփոխելու որոշումը կայացնելու համար, ՀՀ գլխավոր դատախազությունում մյուս անձանց հետ են համապատասխան գործընթացներն իրականացվել: Այսինքն՝ պատճառը զուտ տեխնիկական է և պայմանավորված է Արտակ Բեգլարյանին ավելորդ անհանգստություն չպատճառելու հանգամանքով»,- պատասխանեց Աբրահամյանը։