Կա կոնսենսուս

Կա կոնսենսուս

Բիզնես աշխարհն ու պետական-համայնքային ծառայողներն ամենազգույշ զանգվածն են՝ նրանք երբեք ընդդիմությանը չեն աջակցում, երբեք քաղաքական հայտարարություններ չեն անում եւ գործող իշխանություններին երբեք չեն քննադատում։ Նրանք շատ լավ գիտեն՝ կարմիր գծերը խախտելու դեպքում կզրկվեն եկամտից ու պաշտոնից, կհայտնվեն իրավապահների ու հարկայինի թիրախում, ուստի առաջնորդվում են «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով։

Այս ապաքաղաքական մասսան ճամբարափոխ է լինում միայն այն պահին, երբ համոզվում է, որ իրավիճակ է փոխվել եւ դա որեւէ ռիսկ չի պարունակում։ Վերջին օրերի իրադարձությունները խոսում են այն մասին, որ երկրում իրավիճակ է փոխվել կամ փոխվում։ Գործող իշխանությունների դեմ են դուրս եկել բիզնես շրջանակները, ընդ որում՝ մեծ բիզնեսի ներկայացուցիչները՝ «Տաշիրի» սեփականատեր Կարապետյանները, որոնք հայտարարում են, որ վարչապետը պետք է անցնցում հեռանա, եւ մենք պետք է գնանք արտահերթ ընտրությունների։

Երեկ եւս մի արտառոց հայտարարություն եղավ՝ Արարատի մարզի Ավշար համայնքի համայնքապետարանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ կոչ արեց «երկրի բոլոր համայնքապետարաններին՝ միանալ այդ պահանջին»։

Ինքնին արտառոց է, որ կառավարությունից ուղիղ կախման մեջ գտնվող համայնքապետարանը նման հայտարարություն է անում, սակայն կրկնակի արտառոց է, որ նման հայտարարություն է անում Ավշարի համայնքապետարանը, որտեղ համայնքապետ է աշխատում Ավշարի գինու գործարանի սեփականատերերի եղբայրը՝ Սուրեն Գրիգորյանը։ Այսինքն՝ Գրիգորյան եղբայրներն էլ են միանում Կարապետյան եղբայրներին, ինչը նշանակում է, որ մեծ բիզնեսը Նիկոլ Փաշինյանի դեմ է դուրս եկել եւ այլեւս չի թաքցնում դա։

Երկրում, փաստորեն, կա կոնսենսուս Փաշինյանի հրաժարականի շուրջ։