Գյումրի այցելած ՀՀ նախագահի համար՝ ոստիկանների պահվածքն ընդունելի է, երկիրն էլ՝ խաղաղ
Այսօր տեղի ունեցավ Գյումրու «Մուշ-2» թաղամասում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու բնակելի շենքերի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, մարզային, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, ինչպես նաւ սփյուռքից ժամանած հյուրեր: Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցվել է երկու բազմաբնակարան շենք՝ 36 սոցիալական բնակարանով և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։ Գյումրու ավագանու որոշմամբ`ծրագրի իրագործման նպատակով «Մուշ-2» թաղամասում տրամադրվել էր հողատարածք՝ մոտ 5800 քմ-ի չափով։ Ծրագրի երկրորդ փուլի իրագործման համար ևս համայնքը հողատարածք է հատկացրել հիմնադրամին՝ մոտ 3000 քմ-ի չափով։ Այսօր 50 ընտանիք տոնեց բնակարանամուտ : «Գյումրեցիներից շատերը կյանքի ինչ-որ մի ժամանակահատված բնակվել են տնակներում, գիտեն որքան դժվարություններ և անհարմարություններ կան ժամանակավոր կացարաններում, որքան բարդ է տնակում ապրելը, առավել ևս, որ դրանք վաղուց արդեն քայքայված են ու շարքից դուրս եկած: Ինքս 10 տարի բնակվել եմ տնակում, գիտեմ թե ինչպիսի դժվարություն է իրենից ներկայացնում ժամանակավոր կացարանում ապրելը»,- իր խոսքում մասնավորապես ասաց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ով տևական ժամանակ հիվանդության պատճառով հանրային միջոցառումներին չէր ներկայանում։
Իսկ ահա Գյումրիում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի երեկվա ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածը, ոստիկանների պահվածքն ու հարյուրից ավել մարդկանց վիրավորվելու փաստը։ «Շատ անգամներ զգուշացրել ենք նրանց, ովքեր որ կազմակերպում են միտինգները, զերծ մնան ավելորդ լարվածությունից, առավել ևս իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցությունից ։ Ցավոք սրտի, իրենց պահվածքն այլ է, և ուժային կառույցներն իրականում ստիպված էին անել այն գործողությունները, որը պարտավոր էին անել», -ոստիկանների գործողություններն արդարացնելով ասաց նա՝ հավելելով, որ միտինգների կազմակերպիչներին երևի ինչ-որ ձևով չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է:
Կարծիքներ