2021-ին օդային ճանապարհով երկիրը լքել է շուրջ 50 հազար մարդ

2021-ին օդային ճանապարհով երկիրը լքել է շուրջ 50 հազար մարդ

Երկու շաբաթ առաջ «Հրապարակի» գլխավոր խմբագիրն առաջարկեց հոդված գրել 2021 թվականին Հայաստանից արտագաղթած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ: Խոսքը գնում է Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնած քաղաքացիների քանակների տարբերության կամ սալդոյի մասին: Առաջին հերթին քրքրեցի Վիճակագրական կոմիտեի պաշտոնական էջը, այնուհետև փորձեցի տվյալներ գտնել նաև «Գուգլի» որոնման համակարգով: Սակայն տվյալները սահմանափակվում էին 2021 թվականի հոկտեմբեր ամսով, և ճիշտ չէր լինի միջինացված ամսականով հաշվարկել նոյեմբերն ու դեկտեմբերը և ներկայացնել տարեկան պատկեր:

Հատկապես որ, դեկտեմբերը սովորաբար ժամանողների առումով ավելի ակտիվ ժամանակահատված է: Բացի դրանից, գտա մի հրապարակում, որտեղ, պաշտոնականին հղում անելով, խոսվում էր Նիկոլի վարչապետության ընթացքում առկա դրական տարբերության՝ 38.000 թվաքանակի մասին (մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 21-ը): Այդ թվաքանակի հիմնական «մատակարարն», ըստ հրապարակման, 2020 թվականն էր, քանի որ և՛ 2018-ին և՛ 2019-ին առկա էր բացասական տարբերություն, համապատասխանաբար, 4,5 հազարի և 6,5 հազարի:
Ինչևէ, համբերատար սպասելս պարգևատրվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և «Շիրակ» օդանավակայանի մեկնման և ժամանման տարեկան տվյալների հրապարակմամբ:

Ըստ լրատվամիջոցներից մեկի (news.am), 2021 թվականին օդային ճանապարհով, միասին հաշվարկված, ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 1 176 515, իսկ մեկնածներինը՝ 1 223 838 մարդ։ Տարբերությունը կազմում է 47 323, այսինքն այդքան մարդ օդային ճանապարհով լքել է Հայաստանը 2021 թվականին: Հաշվի առնելով, որ ուղևորահոսքի առյուծի բաժինը հասնում է հենց օդային ճանապարհին, ապա դժվար թե ցամաքային ճանապարհով այնքան մարդ եկած լիներ, որ բացասական տարբերությունը փոխվեր դրականի: Հաշվի առնելով նաև, որ երկրորդ և երրորդ եռամսյակներում օդային ճանապարհով ուղևորահոսքի բացասական տարբերությունն ավելացել է, ապա հասկանալի է, որ վերը նշված 38000-ի դրական տարբերությունը, այն էլ մինչև նոյեմբեր ամիսը, եղել է կեղծ թիվ: 

Ի դեպ, հենց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ժամանողների և մեկնածների թվական տարբերությունը եղել է դրական՝ շուրջ 30000: Եվ եթե 38 հազարը ճշգրիտ տվյալ լիներ, ապա կստացվեր, որ Նիկոլի եռամյա վարչապետության ընթացքում դրական տարբերությունը կազմել է շուրջ 70 հազար: Պատկերացնում եք, թե ինչպիսի շոու կներկայացվեր այդ առումով, սակայն Հայաստանում զարմանալիորեն լռություն էր տիրում: Ինչպես երևում է, «անքննելի» են Փաշինյանին աջակցող լրատվամիջոցների տվյալների աղբյուրները: Ավելացնեմ նաև, որ դրանից շատ չեմ ազդվում, քանի որ նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում սուտն ու կեղծիքը դարձել են նորմ: Դրա մասին շատ է գրվել, գրվել է նաև տողերիս հեղինակի կողմից: Ինչը նշանակում է, որ, հանուն մերօրյա «փրկչին» աջակցելու, կարելի է նաև կեղծ թվեր ներկայացնել հասարակությանը: Ուրիշ հարց, որ հետո դա կհերքվի, բայց կմնա դրականի վերաբերյալ հիշողությունը, իսկ բացասականի առումով կասվի՝ «Նախկիններն են սաղ խառնում»: