Ողջունում եմ դատավորների ընտրությունը

Ողջունում եմ դատավորների ընտրությունը

Քիչ առաջ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրեց դատավոր Դավիթ Բալայանին, նրա հակառակորդը Դավիթ Խաչատուրյանն էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը, ով համարվում էր իշխանությունների թեկնածու։ Խաչատուրյանը ներկայումս վճռաբեկ դատարանի դատավոր է, այդ պաշտոնին նշանակվել էր 3 ամիս առաջ՝ հրաժարական տալով ԲԴԽ անդամի պաշտոնից։ Մենք Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանին հարցրինք, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել դատավորների ընդհանուր ժողովի ընտրությունը․

«Իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, որովհետև Բալայան Դավիթն իմ ընկերն է, եթե հիմա գովաբանությամբ զբաղվեմ կողքից առանձնապես չի նայվի՝ առավել ևս, որ շատերը գիտեն, որ իմ ընկերն է։ Շնորհավորում եմ, ողջունում եմ դատավորների ընտրությունը»,- պատասխանեց Ազարյանը։

Նշենք, որ Բալայանին դեռ պետք է Ազգային Ժողովն էլ ընտրի, ինչը ՔՊ-ական պատգամավորների պարագայում կարող է անկանխատեսելի լինել, քանի որ չնայած օրենքն ասում է, որ ՍԴ կազմից 3 դատավոր պետք է ընտրվի դատավորների ընդհանուր ժողովի կողմից, բայց իշխանությունը երբեք չի խորշել օրենքը ոտնահարելուց։ Հենց այդ սկզբունքից ելնելով էլ ժամանակին տապալեցին ընդդիմության ներկայացրած թեկնածուների ընտրությունները տարբեր պաշտոններում: