Կայուն օսլայի օգտագործումը ում է օգտակար, ում՝ վնասակար․ գիտնականներ

Կայուն օսլայի օգտագործումը ում է օգտակար, ում՝ վնասակար․ գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ բոլորին չէ, որ օգտակար կարող է լինել սննդակարգում կայուն օսլայի օգտագործումը։ Արդյունավետությունը կախված է աղիքային միկրոբների կազմից։ Բանն այն է, որ ըստ նորագույն հետազոտությունների, կայուն օսլան չի քայքայվում մարդու ֆերմենտների կողմից։ Այն կարողանում են մարսել աղիքային միկրոբները։ Այդ օսլայում հարուստ է ամբողջահատիկ հացն ու մակարոնեղենը, կանաչ բանանը, կարտոֆիլն ու շագանակագույն բրինձը։ Սովորաբար խորհուրդ է տրվում կայուն օսլան օգտագործել սննդակարգում աղիքային միկրոբների վիճակի բարելավման համար, որոնք կարեւոր են օրգանիզմը քաղցկեղային նորագոյացություններից պաշտպանել, սիրտ-անոթային եւ այլ հիվանդությունների առաջացումը կանխել։

Մասնագետները նշում են, որ կախված այն բանից, թե մարդը որքան է օգտագործում իր սննդի մեջ կայուն օսլան, աղիքային որոշ բակտերիաների քանակը փոխվում է։ Ընդ որում, այդ փոփոխությունները ըստ մարդկանց օրգանիզմի առանձնահատկությունների, կարող է լինել խիստ ունիկալ։ Ավելին, որոշ մարդկանց համար այդ փոփոխությունները կարող են օգտակար լինել, որոշ մարդկանց մոտ՝ առհասարակ բերել վնասների։ Սա նշանակում է, որ ընդհանուր մոտեցումը, թե կայուն օսլայի կիրառումը միշտ օգտակար է, ըստ գիտնականների, չի համապատասխանում իրականությանը, եւ մինչ նոր հետազոտությունները կպարզեն հարցի էությունը, խորհուրդ է տրվում բժիշկներին կայուն օսլայի՝ սննդակարգում կիրառության հարցում լինել զգուշավոր եւ հաշվի առնել օրգանիզմի ունիկալ առանձնահատկությունները։