Մասնագետներն առաջարկում են աստիճանաբար ազատվել թեղիներից, բարդիներից

Մասնագետներն առաջարկում են աստիճանաբար ազատվել թեղիներից, բարդիներից

Երեւանի մի շարք փողոցներում որոշ ծառատեսակներ գտնվում են ուղղակի անմխիթար վիճակում․ ծառերի բոլոր տերեւները վնասված են, դեղնած, ցանցկեն ու ծակոտիներով պատված։

Բուսաբանության ինստիտուտի ծառագիտության բաժնի վարիչ, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանից հետաքրքրվեցինք թե որն է դրա պատճառը, ինչին ի պատասխան՝ նա նկատեց, որ քաղաքում կա մի ծառատեսակ, որի համար մասնագետները վաղուց չեն երաշխավորում․ «Դա համաճարակային հոլանդական հիվանդությամբ տառապող թեղին է, որի հետ կապված՝ մենք առաջարկություններով ենք հանդես եկել, որ ասպարեզից հանվի։ Բայց մի բարդություն կա․ երբ մասնագետն առաջարկում է սա կտրել, նա հանել, արդեն սկսվում են այդ քայլերը շահարկվել ծառահատումների թեմայով, արդյունքում թացն ու չորը խառնվում են»։

Թե ինչ ասել է՝ հոլանդական հիվանդություն, Վարդանյանն ասաց․ «Դա սնկային, համաճարակային հիվանդություն է, որը կոչվում է հենց հոլանդական հիվանդություն։ Այդ պատճառով մենք այլեւս այդ ծառատեսակի համար չենք երաշխավորում, որովհետեւ ասպարեզից կամաց-կամաց պետք է արդեն դուրս հանվի»։ Հարցին՝ ի՞նչ պետք է արվի այս դեպքում, մասնագետը նկատեց․ «Ոչինչ, աշուն է, տերեւաթափ կլինի, կգնա, որեւէ ձեւով հնարավոր չէ կանխել, արդեն սեպտեմբերն է, մի քիչ չոր պայմաններ են, ժամանակից շուտ աշնանային տերեւաթափ կլինի՝ կվերջանա»։

Համաճարակային այդ հիվանդությունը վտանգավոր չէ՞ արդյոք շրջակա միջավայրի, բուսականության համար։ «Ոչ, ուղղակի մի սեզոն կա, երբ խաղողը, տանձենին, թեղին՝ ամեն մեկն իր մասնագիտական հիվանդությունն ունի, հիմա թեղիի դեպքում եկել է այդ հիվանդության ժամանակը, եւ հիվանդացել է։ Դրա համար մասնագետներն առաջարկում են կամաց-կամաց ազատվել թեղիներից, բամբակ տվող բարդիներից։ Դրանք միշտ էլ խնդիր են ստեղծում, բայց վտանգավոր չեն, ուղղակի գեղագիտական, էկոլոգիական տեսանկյունից գեղեցիկ չէ, որ այդ ծառի տերեւներն այդպես վնասվում են եւ ժամանակից շուտ թափվում»,- ասում է նա ու վստահեցնում, որ շրջակա միջավայրի այլ ծառեր չեն վնասվի հոլանդական այս հիվանդությունից․ «Ուրիշ խնդիր չկա, հանգիստ կարող եք անցնել դրա կողքով, դա հատուկ է միայն թեղիներին, մնացածի հետ կապ չունի»։