Լուսամուտը դըրիմ` «Իմ քայլի» «ձեռքբերումները»

Լուսամուտը դըրիմ` «Իմ քայլի» «ձեռքբերումները»

Անցնող տարվա արած-չարածի, ձեռքբերումների, տարեվերջյան ավանդական ամփոփումների հերթը երեկ «Իմ քայլը» խմբակցությանն էր։ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, փոխնախագահները, որոշ շարքայիններ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի «հաղորդավարությամբ», ոլորտ առ ոլորտ ներկայացրին կատարված աշխատանքներն ու «ձեռքբերումները»։ Նրանք չփայլեցին համեստությամբ ու «աննախադեպ, նոր մակարդակի» գնահատեցին այս խորհրդարանն ու իրենց գործունեությունը։ Թե ինչ են փոխել հայրենի երեսփոխանները շարքային քաղաքացու կյանքում, կթողնենք ընթերցողի դատին։ Բայց ինձ՝ խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողիս մոտ իշխանական պատգամավորների ներկայացումը հիշեցրեց հայտնի անեկդոտը՝ նորոգվող բնակարանի եւ սեփականատիրոջ մասին։ Երբ վերջինս մի ամիս հետո գալիս տեսնում է, որ վարպետը ոչինչ չի արել, հարցնում է՝ ի՞նչ ես արել մեկ ամսվա ընթացքում։ Վարպետը պատասխանում է. «Շեֆ ջան, լուսամուտը դրիմ»: Ասում է՝ հասկացանք, հետո՞: Կրկնում է․ «Դե, լուսամուտը դրիմ, էտի սիրուն մաքրիմ, հավաքիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ»: Սա, ի դեպ, նաեւ Նիկոլ Փաշինյանի սիրած սկետչն է։

Նույնը երեկ անում էին հեղափոխական պատգամավորները։ «Հանձնաժողովի նիստ հրավիրեցինք, այսքան նախագիծ քննարկեցինք, քաղաքացիների հետ հանդիպեցինք, գործուղման գնացինք, մարդկանց հրավիրեցինք մեր երկիր»,- պարծենում էին նրանք։ Բայց օրենքներ էլ են ընդունել՝ 7-րդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանում «Իմ քայլը» խմբակցության 37 օրենքի նախագիծ է ընդունվել: Լիլիթ Մակունցը, ամփոփելով իրենց գործունեության արդյունքները, նշեց․ «Օրենքի նախագծերը, որոնք հեղինակվել, համահեղինակվել, առաջին եւ երկրորդ ընթերցումն անցել են կամ անցել են միայն առաջին ընթերցումը, կամ դեռեւս առաջին ընթերցում չեն անցել, բայց գտնվում են ԱԺ օրակարգում, 103-ն են: Ընդհանուր առմամբ, ամբողջությամբ ընդունվել է խմբակցության 37 օրինագիծ»։ Մոտ 250 օրենքի նախագիծ էլ ներկայացվել է կառավարության կողմից:

«Իմ քայլի» պատգամավորներն ունեցել են 420-ից ավելի ելույթ: Մակունցն առանձնացրեց մի քանի նշանակալից օրենք․ «Նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձավ 68 հազար դրամ, կառավարության կողմից ներկայացված քրեական ենթամշակույթին առնչվող օրենքի նախագիծը, 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդների վերադարձին առնչվող նախագիծը, Սեւանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը, ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքը»: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերից նշեց նաեւ թանկարժեք անշարժ գույքի հարկի բարձրացման օրենքի եւ մի քանի այլ նախագծեր։ Բայց նախորդ խորհրդարանի համեմատ 7-րդ գումարման ԱԺ-ում 105-ի փոխարեն 132 պատգամավոր է աշխատում, լրացուցիչ 27 պատգամավորը եւ նրանց օգնականները պետության վրա տարեկան մոտ 300 միլիոն դրամի հավելյալ ծախս են նստում։ Եվ այս ծախսերի պարագայում 88 հոգանոց ֆրակցիան ընդամենը 37 նախագիծ է ընդունել, այն էլ՝ կասկածելի որակի։ Փոխարենը դակել է կառավարության ուղարկած մոտ 250 նախագծերը։ Ներկայիս իշխանությունները նախկիններին քննադատում, փնովում էին, որ կառավարության օրինագծերն է դակում, հիմա իրենք նույնը չե՞ն անում։ Մակունցն ասաց, որ աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, նախագծերի հիմնական մասը կառավարությունն է բերում, ու դա նորմալ է, որովհետեւ կառավարությունը քաղաքականություն է մշակում. «Ինչի՞ մասին է խոսքը, չեմ հասկանում, բայց մեկ տարվա ցուցանիշները, աշխատաոճը, գործելաոճը դիտարկելով՝ պետք է հստակ արձանագրել»: Մակունցն ասաց, որ հանձնաժողովներում երբեմն թեժ քննարկումներ են ունենում, ու ինստիտուտների տարանջատում կա:

Մեր հարցը զայրացրեց նաեւ Ռուբեն Ռուբինյանին, ով կողքից միջամտեց․ «Ես մեկ-մեկ զարմանում եմ այսպիսի հարցերից, չեմ հասկանում՝ ի՞նչ դակիչ լինելու մասին է խոսքը: Ես ուղղակի հիշեցնում եմ, որ անցյալն անցյալում է: Ես չեմ կարծում, որ որեւիցե մեկը հիշում է անցյալում դեպք, երբ, օրինակ, խորհրդարանական մեծամասնության պատգամավորները բանավեճ են ունենում իրենց նախարարի հետ՝ հանձնաժողովի նիստի ժամանակ: Ես կդժվարանամ հիշել դեպքեր, երբ բացասական եզրակացությամբ եկած նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն է ստանում եւ այլն: Ժողովուրդ ջան, եկեք ընդհանրապես դադարեցնենք այս խորհրդարանը որեւիցե կերպ նույն հարթության մեջ դնել նախկին խորհրդարանների հետ, որովհետեւ ուղղակի համեմատության եզրեր գոյություն չունեն: Էս խորհրդարանում դեռեւս ոչ մի լրագրողի ոչ մի պատգամավոր չի ասել՝ կտամ ծնոտդ կծռեմ, օրինակ, ի ուրախություն բոլորիս: Չեմ տեսել, որ պատգամավորներն էս խորհրդարանում վախենան նախարարի մտքերին դեմ դուրս գան եւ այլն: Ժամանակն է արձանագրել, որ մենք ինչպես ապրում ենք նոր Հայաստանում, այնպես էլ ունենք նոր խորհրդարան, ամեն ինչ շատ ավելի բարձր մակարդակի վրա է, եւ աճը շարունակվում է»: Ի դեպ, մենք գրել ենք նաեւ այդ թվացյալ դեմոկրատիայի մասին, երբ պատգամավորներն ընդունում են կառավարության կողմից բացասական եզրակացություն ստացած նախագծեր, իսկ իրականում երբեմն նույնիսկ նրանց ելույթներն են խմբագրվում Նիկոլ Փաշինյանի կողմից։

Մենք չհասցրինք Ռուբինյանից հետաքրքրվել, թե որն է ավելի զազրելի, երբ մտավոր հետամնաց պատգամավորը վիրավորո՞ւմ է լրագրողին, թե՞ երբ իրենց ինտելեկտուալ համարող երիտասարդները միտումնավոր լրագրողներին բաժանում են ճամբարների, գույների եւ խանգարում մեր աշխատանքը։ Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն ընդամենը մի քանի վայրկյան անց անձամբ ջնջեց Ռուբինյանի դեմքի ինքնագոհ արտահայտությունը եւ ցույց տվեց այս խորհրդարանի պատգամավորների ու լրագրողների փոխհարաբերությունների իրական «դեմքը», որն առանձնապես չի տարբերվում «ծնոտ կոտրելու» տրամաբանությունից։ Նա փրփրեց ու դարձավ անկառավարելի, երբ «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողը հետաքրքրվեց զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների բողոքի ակցիայի մասին, ակցիա, որը երեկ առավոտից ընթանում էր կառավարության շենքի դիմաց։ Պատգամավորը կոռեկտ հարց հնչեցրած լրագրողին պատասխանեց․ «Ես կզարմանայի, որ ձեր լրատվամիջոցն այլ հարց տար»։ 
«Հրապարակ»-ը պատգամավորների ամփոփումից հետո հարցրեց՝ դուք իսկապե՞ս գտնում եք, որ այնքան լավ եք աշխատել, որ կարող էիք տարվա ընթացքում բազմիցս ինքնապարգեւատրվել, միայն դեկտեմբերին՝ 4 անգամ, նորմա՞լ է, որ 1 մլն պարգեւատրում եք ստանում այսպիսի աղքատ երկրում:

Ասուլիսի ժամանակ պասիվ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օգնության հասավ գործընկերներին, Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ինքն է որոշելու՝ ում ձայն տա, եւ Սիմոնյանին փոխանցեցին «խոսափողը»։ Նա թիմին փորձեց «փրկել» ստելու ճանապարհով․ ասաց, որ 4 անգամ պարգեւատրում չի եղել․ «ԱԺ-ն վերջին 1 տարվա ընթացքում տնտեսել է գրեթե 400 մլն դրամ, միլիոնավոր պարգեւավճարներ չեն ստացել: Ես ընենց թվեր եմ երբեմն տեսնում մամուլում, որ գալիս եմ եւ այստեղի աշխատակազմից պահանջում եմ, ասում եմ՝ ո՞ւր են իմ միլիոնավոր դրամները: 4 մլն, 5 մլն… Նման բան գոյություն չունի: Գոյություն ունի ձեւավորված գումար, որը կառավարության որոշմամբ տրվել է ԱԺ-ին` հաշվի առնելով 380 մլն դրամը: Ըստ ավանդույթի, որոշում է կայացվել, ե՛ւ «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի, ե՛ւ «Իմ քայլի» բոլոր պատգամավորներին ԱԺ ղեկավարությունը պարգեւավճար է դուրս գրել»: Մեր հիշեցմանը, որ ԱԺ-ից պաշտոնապես հաստատել են անցած 10 ամիսների ընթացքում 1 մլն դոլար պարգեւավճար տալու փաստը, Ալեն Սիմոնյանը զարմանքով արձագանքեց. «Ինչքա՞ն, 1 մլն դոլա՞ր: Ես ձեզ խնդրում եմ՝ ճշտեք ձեր տեղեկությունները: Ես ձեզ պատասխանեցի խնայողությունների մասին, չեք անդրադառնում գործուղումների, տնտեսական ծախսերի խնայողություններին»: