«Հրապարակ». Նակոլկա Շուշոն ասաց՝ Նիկոլն ա ուղարկել, պիտի փող աշխատեմ իրենց համար

«Հրապարակ». Նակոլկա Շուշոն ասաց՝ Նիկոլն ա ուղարկել, պիտի փող աշխատեմ իրենց համար

«Քաղպայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արթուր Խոջոյանը Բագրատաշենի մաքսատանը տեսուչ է աշխատել, իսկ հիմա տաքսի է վարում։ Արթուրն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կյանքն անգամ չի խնայել, նույնիսկ անարդարացիորեն աշխատանքից ազատվելուց հետո է ՔՊ-ի համար շարունակել աշխատել, ընտրություններին ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ տեսուչից դարձավ տաքսու վարորդ, այն էլ՝ ՔՊ կուսակցության անդամատոմսը ձեռքին։ 

«Հավատում էի իրենց, որ ավելի լավը կլինեն, քան նախկինները։ Տեսուչ էի աշխատում, հայտնաբերած գումարներն օրինական կարգով մուտք էի անում պետբյուջե՝ հարյուր հազար դոլար, հինգ հարյուր հազար դոլար։ Հետո եկան զգուշացրին, թե էս ի՞նչ ես անում, խանգարում ես։ Նակոլկա Շուշանիկը 3 անգամ պետի պաշտոն առաջարկեց, ասաց՝ Նիկոլն ա իրեն ուղարկել, բայց պիտի փող աշխատեմ իրենց համար։ Ես հրաժարվեցի։ Կրճատման տակ ընկա, հեռացրին գործից։ Նիկոլն ինձ ուղիղ ասաց՝ դու մեզ չես լսել, ոչնչով չեմ կարող օգնել»,- պատմում է նախկին տեսուչը։
Զրուցակցիս խոսքով՝ աշխատանքից ազատելուց առաջ իրեն մի քանի անգամ զգուշացրել են՝ կա՛մ իրենց ուզած ձեւով կաշխատի, կա՛մ կհանեն գործից։ «2021թ․ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ շրջում էի Փաշինյանի ու նրա կնոջ հետ, ասացի, որ աշխատանքից ազատել են։ Իր օգնական Սուրեն Համբարյանին կանչեց, հանձնարարեց, որ կարգավորեն իմ հարցերը։ Նրանից հետո եկավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ու որեւէ մեկը չվերականգնեց իմ աշխատանքը։ Չնայած դրան, ես շարունակել եմ օգնել Փաշինյանին ու ՔՊ-ին՝ հավատալով, որ իրենք արդար են, ավելի լավն են, բայց նախկինների մի տոկոս թասիբն անգամ չունեն։ Աննան էր զանգում, ասում էի՝ հեշտ եք ասում, տիկին Աննա, ես տաքսի եմ քշում, իմ փոխարեն ուրիշ մարդիկ են աշխատում։ Աննան պատասխանում էր՝ ոչինչ, Արթուր ջան, կկարգավորվի, վերջում էլ ասաց՝ ուժերիցս վեր ա, չեմ կարող օգնել, դիմիր վարչապետին։ Երեք տարի եկա ու գնացի էդ նիստերին՝ որպես ՔՊ-ական, մի օր էլ դիմումս տվեցի իրեն, որի մեջ ամեն ինչ նշել էի։ Ձեռքը դրեց ճակատին, հանեց սկսեց կարդալ։ 2 ամիս անցավ՝ ոչ մի արձագանք։ Նորից գնացի նիստի, փողկապս մոտը հանեցի, ասացի՝ հրաժարվում եմ կուսակցությունից։ Հետեւիցս գոռաց, թե ինչու մարզպետարան, համայնքապետարան չես գնում աշխատես։ Ես ասացի, որ ամաչում եմ ցերեկով տնից դուրս գամ, որովհետեւ իր համար թիկունք եմ եղել, օգնել եմ։ Պատասխանեց, թե չի կարա օգնի, իբր իրեն չեմ լսել։ Ես հասկացա, որ երբ ինձ ասում էին՝ հրաժարվի իրենցից, ճիշտ էին ասում, սրանք խաբում են բոլորին»,- պատմեց Խոջոյանը։

Մեզ հետ զրուցելուց առաջ ասաց, որ երկար է մտածել՝ արժե՞ խոսել այս մասին, վախենում է, ասում է՝ սրանք ամեն ինչի պատրաստ են, հետապնդում են իրեն, կարող են անգամ հացից զրկել։ 

«Հիմա ես տաքսի եմ քշում, ինձ ասում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի մասին մի տեղ մի բան ասեմ, կարող է տաքսի քշելուց էլ զրկեն։ Սրանք անթասիբ, դավաճան են, կյանքս տվել եմ, ասել եմ՝ կյանքս տվել եմ քո համար, պարոն վարչապետ, պատասխանում ա՝ գիտեմ, բայց հրաժարվում եմ որեւէ բանով օգնեմ։ Գոնե մի տոկոս Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թասիբն ունենային»։

Նա Նոյեմբերյանում է ապրում: Հարցնում ենք` մարդիկ իր նմա՞ն են մտածում, որ Փաշինյանը դավաճան է եւ այլն, պատասխանում է՝ շատերը նոր են ուշքի գալիս։ «Որ իմանաք, թե ինչ եմ արել իրենց համար, մի ամբողջ գյուղ ոտքի եմ հանել, օգնել եմ, վստահված անձ եմ եղել։ Ինձ մոտ հիմա շատ վատ վիճակ ա»,- ասաց նա։