Ադրբեջանը մեզ որևէ ճամփա չի տալու իր երկրի տարածքով, բայց մեր տարածքով փորձում է կապուղիներ ստեղծել իր համար

Ադրբեջանը մեզ որևէ ճամփա չի տալու իր երկրի տարածքով, բայց մեր տարածքով փորձում է կապուղիներ ստեղծել իր համար

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

-Մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նիստին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ի վերջո, սա ի՞նչ հանդիպում էր: Այն տևեց 20 րոպե, ո՞րն էր հանդիպման մեսիջը:

-Որքանով տեղյակ ենք, մինչ հանդիպումը ռուսական մամուլով լուրեր տարածվեցին, որ նախատեսվում է կոմունիկացիաների հարցում թղթի ստորագրում, բայց հանդիպումից ակնհայտ դարձավ, որ այս պահի դրությամբ այդ հարցը թողնվում է փոխվարչապետերի ձևաչափում հանդիպումների շրջանակում: Վերջերս ադրբեջանական մամուլում հաճախ է շրջանառվում այն միտքը, որ Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհը պետք է բացվի բոլոր մնացած կումունիկացիաներից առաջ: Ես վստահ եմ, որ այդ տրամաբանությամբ էլ Ադրբեջանը բանակցում է: Իրենք մեզ որևէ ճամփա չեն տալու իրենց երկրի տարածքով, բայց մեր տարածքով փորձում են կապուղիներ ստեղծել իրենց համար:
Ես բազմիցս ասել եմ, որ որևէ բանակցային հարթակում դրական ոչինչ չկա: Հայաստանը այնքան խայտառակ ձևով է բանակցություններ վարում, որ մենք Արցախի և ոչ միայն Արցախի հարցում շատ ավելի վատ վիճակում ենք հիմա, քան երեք տարի առաջ: Եթե 2020 թվականից հետո համանախագահող երկրները խոսում է խնդրի խաղաղ կարգավորման, նաև կարգավիճակի մասին, հիմա այդ հարցը դուրս է եկել օրակարգից ու դա մեծամասամբ մեր մեղքով է:
 
-Դեռևս որևէ փաստաթղթի տակ ոչինչ չստորագրվեց: Ի՞նչ սպասել առաջիկայում այս մասով:

-Ինչի՞ տակ ստորագրեն, երբ ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի կարևոր հարցերի շուրջ չկա կոմպրոմիս: Ես հստակ տեսնում եմ, որ Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունները մեր ժողովրդի դեմ իրականացնում են հիբրիդային պատերազմ: Նպատակը՝ ցույց տալ, որ մենք անկարող են, չպետք է դիմադրենք, պետք է ստորագրենք թուղթ, որը ոչ միայն Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում, այլև զիջումների կգնանք ՀՀ ստրատեգիական նշանակության ճանապարհների հարցում: Նիկոլ Փաշինյանի ասած «անկլավները» գտնվում են Հայաստանը Վրաստանին ու Հայաստանն Իրանին կապող ճանապարհների վրա: Դրանց հանձնելուն մեր հանրությանը նախապատրաստող Նիկոլ Փաշինյանին մի հարց պետք է տալ, բա ինչու՞ Ալիևը չի խոսում Արծվաշենի վերադարձի մասին, ինչու՞ չի խոսում մեր սուվերեն տարածքից դուրս գալու մասին: Ի՞նչ է Հայաստանը ստանալու նման զիջումների գնալու դիմաց: Ես պատասխանը հստակ գիտեմ՝ նոր պատերազմ ու ավելի կործանարար ելք: Դրա համար էլ պետք է այս գործընթացը կասեցվի, սա Արցախի դեմ չէ միայն, սա նախևառաջ ՀՀ–ի դեմ: Այսօր պայքարը Արցախի համար չէ, Սյունիքի համար է: Արցախը զիջելով մենք խնդիրը տեղափոխելու ենք Սյունիք: Թղթի ստորագրման հարցում տարբեր կարծիքներ են շրջանառվում, նաև առաջարկվում է հանրաքվեի անցկացում: Փաշինյանը նման բան չի անի, բայց առաջիկա քաղաքապետի ընտրությունները հենց այդ հանրաքվեն են: Եթե հանկարծ ՔՊ էլի ձայների մեծամասնություն ստացավ, ապա համարեք, որ Արցախն ու ՀՀ մաս–մաս հանձնելու գործընթացի կանխումը այլևս հնարավոր չի լինի:
 
-Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը: Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց արտահայտություն, որը վերջին տարիներին օգտագործվում է որպես վերնագիր Հայաստանին տարածքային պահանջներ առաջադրելու համար»։ Ալիեւն էլ արձագանքել է, որ իր երկիրը Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ չունի եւ նման բան ասելու համար «պետք է բուռն երեւակայություն ունենալ»: Միջանցքը, նրա խոսքով, «միջազգային եզրույթ է»: Իշխանական շրջանակները պնդում են, որ լեզկակռվի մակարդակի այս խոսակցությամբ փակվել է միջանցքի հարցը:

-Ալիևը կարող է միջազգային հարթակում այլ բան ասել, բայց նրա քաղաքականությունը կառուցվում է իր ելույթների հիման վրա: Անցած տարվա դեկտեմբերի 24–ին նա հայտարարել է. «Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է...Եկեք միասին աշխատենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Այժմ, երբ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, այդ հարցն արդեն մեր օրակարգում է։ Իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից առաջ այդ մասին խոսելը շուտ էր, բայց հիմա մենք չպետք է ժամանակ կորցնենք...»: Այդ թեզը այլ կերպ սկսել է շրջանառել Փաշինյանը՝ նշելով, որ իբրև իրենց ստորագրած պայմանագիրն է ՀՀ գոյության իրավական հիմքը: Նույն խոսույթն է, ինչ հակառակորդ է գցում դաշտ: Բառ բառ կրկնվում են Փաշինյանի ու Ալիևի ելույթները, անգամ նույն օրն են խոսում:
Իշխանական պատգամավորները շատ բան կարող են խոսել, այսօր մի բան կասեն, վաղն՝ այլ, նրանք ստաժավոր ստախոսներ են: Իրենք անգամ իրենց նախընտրական ծրագրից ու կառավարության ծրագրից են հրաժարվել, իրենք ոչնչի համար պատասխանատվություն չեն ստանձնում, գլխավոր գործառույթն էլ հակառակորդի թեզերը մեր դաշտ բերելն է: Մեկ իրենք են Արցախը համեմատում Գլենդելի հետ, մեկ էլ Ալիևը:
Ինչպես արդեն ասեցի՝ եթե Արցախից հրաժարվենք, հաջորդիվ թիրախի տակ է Սյունիքը: Նիկոլ Փաշինյանը վաղուց է ապացուցել, թե որքան անսկզբունք և հակապետական գործիչ է, ինչ այսօր կասի, կխոստանա, կհամոզի, վաղը ամբողջությամբ հակառակը կասի ու որևէ պատասխանատվություն նա դեռևս չի կրել այս ամենի համար: