Այցելություն «Տիզբոն»

Այցելություն «Տիզբոն»

Չնայած պաշտոնական հերքմանը՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կմեկնի Բաքու։ Հայաստանի կառավարությունը, ինչպես մամուլն է գրել, Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովից ինքնաթիռ է խնդրել Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ Բաքու այցը կազմակերպելու համար։ Այս մասին հայտնել են Mediaport-ի՝ ՌԴ ՊՆ աղբյուրները։

Ինչո՞վ է հատկանշական սպասվելիք այցը։ Նախ՝ եթե դա որևէ ձևով վերաբերելու է Հայաստանի ազգային անվտանգությանը, միևնույն է՝ առաջին հերթին հարված է  մեր ազգային արժանապատվությանը, որը նույնպես, ի դեպ, անվտանգային հասկացություն է։ Այնպես որ, ԱԱԾ ղեկավարությունը դեռ ժամանակ ունի որոշելու՝ անվտանգության ինչ-ինչ լուծելիք խնդիրնե՞րն են նախընտրելի, թե՞ ևս մեկ անգամ նվաստացվող մեր ազգային արժանապատվությունը։ Հայ հանրությունը տարօրինակ այդ այցի վերաբերյալ այլ ընկալում ուղղակի չունի։

Մեկնելու բուն իրողության մեջ իսկ ազգային անվտանգության տեսանկյունից անհանգստացնող բաներ կան։ Մոսկվայում 2020 թ․ դեկտեմբերի 29-ին հանդիպելուց հետո, որը, մամուլի վկայությամբ,  անցել է ջերմ-բարեկամական մթնոլորտում և «պսակվել» նույնիսկ մեր կողմից ադրբեջանցիներին միակողմանի նվիրատվություններով, լրիվ անհասկանալի է, թե ի՛նչը կարող էր փոխել հանդիպումների այդ տրամաբանական ձևաչափը և չեզոք վայրի փոխարեն ԱԱԾ տնօրենին թռցնել թշնամական երկիր։ Շատ չէ՞ նման հայ նախարարների Տիզբոն կանչվելուն, որտեղ մեկնողը վերադառնում էր կամ պարսից վասալի, կամ գործակալի կարգավիճակով։ Արդարև, ի՞նչ խնդիր է դրված Ա․ Աբազյանի առջև, որ պիտի լուծվի հե՛նց Բաքվում։ Ի դեպ, ադրբեջանական կողմը մեր հանդեպ եթե տարրական հարգանք ունենար, մտքով իսկ չպիտի անցկացներ իր երկրի մայրաքաղաքում հանդիպում կազմակերպելու առաջարկ անել։ Որովհետև, ուզենք թե չուզենք, այդ առաջարկն ընկալվում է որպես հաղթած կողմի հարկադրանք։ Եվ Հայաստանն էլ՝ որպես պարտված կողմ, իր հերթին չպիտի թույլ տար իրեն անպատվել՝ նմանօրինակ ստորացուցիչ այցի համաձայնելով։

Ցավալի է, բայց փաստ՝ ստորացուցիչ է նաև այցի նախապատրաստական ընթացքը․ ԱԱԾ տնօրենը Բաքու կմեկնի այն ժամանակ, երբ կորոշեն իրենք՝ ադրբեջանցիները, այսինքն՝ ԱԱԾ տնօրենը սպասողական խնդրարկուի կարգավիճակում կմնա, քանի դեռ կոնկրետ օրվա համար չեն հրավիրել։ Բայց ռուսներից ինքնաթիռը նախօրոք ահա խնդրել են։ (Նման չէ՞ Տիզբոն հասած նախարարներին շաբաթներով սպասեցնելու պրակտիկային, որն ապացուցում է մի բան՝  հաղթողի հոգեբանությունը չի փոխվում)։

Բայց ամենանվաստացուցիչը, թերևս, այն գիտակցումն է, որ ԱԱԾ տնօրենը չի մեկնում մեր շահերը պաշտպանելու (նրան հո դրա՛ համար չեն հրավիրել Բաքու), այլ ինչ-որ գաղտնի համաձայնություններ կնքելու։ 

Ուստի և այցի արդյունքում մի անսպասելի «նվեր» էլ մեր ժողովուրդը կարող է ստանալ՝ ի տրիտուր մերի։