Եթե նախկինում կոռուպցիա կար, ապա հիմա՝ թալան․ Անդրանիկ Թևանյան

Եթե նախկինում կոռուպցիա կար, ապա հիմա՝ թալան․ Անդրանիկ Թևանյան

Այսօր «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը կազմակերպել էր տարեկան ամփոփիչ համաժողով, որտեղ որպես բանախոս ելույթներով հանդես եկան Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, Ռուբեն Մելիքյանը։ Թևանյանը իր խոսքն սկսեց նրանից, թե Հայաստանում տեղի ունեցածը իշխանափոխությու՞ն էր, թե՞ հեղափոխություն՝ նկատելով, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն ընդամենը բախտախնդիրներ էին, որոնք ուղղակի օգտվելով հանրության մեջ առկա դժգոհություններից՝ պահը օգտագործեցին և եկան իշխանության։ Ապա թվարկեց Փաշինյանի կառավարության ձախողումները, որ տված, չկատարած խոստումները, պոպուլիստական հայտարարությունները։

Hraparak.am-ը հարց ուղղեց նրան՝ ինքը ցանկանո՞ւմ էր ազատվել Սերժ Սարգսյանի իշխանությունից կամ ռեժիմից, ինչպես նշում են նրա ընդդիմախոսները։

Թևանյանը նախ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի արտաքին ու ներքին քաղաքականությունը ամենասուր և առարկայական քննադատողնեևից մեկը ինքն է եղել։ Ուստի հայտարարեց, որ ինքն անձամբ կողմ է եղել այս փոփոխություններին։

«Եվ ես քննադատում էի նաև Նիկոլ Փաշինյանին և իր նմաններին տարատեսակ հաճախորդական ծառայություններ մատուցելու համար նույն Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Բայց խնդիրն այն չէր, որ մեր հասարակությունը խնդիր էր դրել, որ Սերժ Սարգսյանի ազգանվան փոխարեն պետք է լինի Նիկոլ Փաշինյան։ Այսինքն՝ մարդիկ 2018 թվականին, իմ պատկերացմամբ, մերժել են ոչ թե անձին, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանին, այլ մերժել էն այն հարաբերություններն ու բարքերը, որոնք եղել են այդ ժամանակ։ Եվ մարդիկ ցանկացել են իրենց կյանքի փոփոխությունը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։


Ըստ Թևանյանի, եթե նախկինում կոռուպցիա կար, ապա հիմա՝ թալան։ «Մարդիկ ի՞նչ են անում, ասում են՝ քանի որ մենք ընտրված ենք և «ժողովրդի անունից խոսելու» հնարավորությամբ, բառիս բուն իմաստով մսխում են բյուջեն և դա ներկայացնում են որպես իրավունք, որպես նվիրատվություն և լավություն հայ ժողովրդին։ Դատելով այսօրվա իշխանության հայտարարություններից՝ նախորդ իշխանությունը, որին իրենք մերժել են, հին, քանդված մեքենայով է ման եկել, համեստության մարմնավորում է, իմ կարծիքով, հին բնակարանում է ապրել, որը վերանորոգման կարիք ուներ, չի մսխել անձնական բյուջեն մասնավոր նպատակներով, չի ցանկացել 55 մլն դոլարանոց ինքնաթիռ և այլն, և այլն»,-ասաց պարոն Թևանյանը։