Սուտն ու ճիշտը

Սուտն ու ճիշտը

Մեզ արգելված է քննարկել ու քննադատել իշխանություններին։ Թույլատրված է միայն հիանալ ու գովերգել նրանց, բայց, ցավոք սրտի, դա էլ մեր խիղճն ու բանականությունը թույլ չի տալիս։ Եվ այս լարված, օրհասական օրերին ստիպված ենք սարի սմբուլից, ծառ ու ծաղկից խոսել։ Իսկ հասարակությունը կա՛մ լռում է, կա՛մ մեզ է լռեցնում, հայտարարելով՝ «խոսելու ժամանակը չէ, մենք հիմա պետք է լինենք ավելի համախմբված, քան երբեւէ»։ Դեմ չեմ՝ կարող ենք համախմբվել անգամ սատանայի շուրջը, եթե դա կօգնի գործին եւ մեր երկիրը կհանի այս ծանր վիճակից։ Կարող ենք անգամ ծափահարել հիմարությանն ու ազգադավ որոշումներին, հիանալ անխելքության եւ տգիտության հաղթարշավով։ Բայց արդյոք դա կօգնի՞ իրավիճակի հանգուցալուծմանը։ Եթե հիմա ես գովաբանեմ մեր արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հմտություններն ու բանակցելու մեծ շնորհքը կամ փառաբանեմ վարչապետի վերջին «լայվն» ու հայտարարեմ, որ դա ամենաիմաստուն որոշումն է, եւ կամավորական ջոկատների ձեւավորումը հանճարեղ լուծում է՝ մեզ հաղթանակի բերող, ո՞վ կհավատա դրան։

Կամ՝ եթե հրճվանքի տողեր գրեմ, որ վերջապես ՀՀ եւ Արցախի նախկին նախագահները հաղթահարեցին «դարավոր» թշնամանքն ու մի սեղանի մոտ հավաքվեցին, դրանից ինչ-որ բան փոխվո՞ւմ է։ Մի բան պարզ է, որ վիճակը լուրջ է, եւ բոլոր նրանք, ովքեր կեղծում ու խաբում են, մոլորեցնում են առանց այն էլ շփոթահար ժողովրդին, փափուկ բարձ են դնում նրա գլխի տակ այս օրերին, հենց նրանք են ազգի դավաճանները, այլ ոչ թե դառն ու սթափեցնող ճշմարտությունը նրան հրամցնողները։ Պարզ է, որ իրատես ու տեղեկացված հանրությունը կարող է իրական հենարան դառնալ իր կառավարության ու բանակի համար, կարող է մոբիլիզացնել բոլոր ուժերը եւ կեղծ կարգախոսներով նրան չմղել սխալ որոշումների։