Հարց չկա, դուք բարձրաձայնեք, ես էլ կպատասխանեմ․ ՔՊ-ն ավագանու նիստին առանձնակի ակտիվ է

Հարց չկա, դուք բարձրաձայնեք, ես էլ կպատասխանեմ․ ՔՊ-ն ավագանու նիստին առանձնակի ակտիվ է

Այսօր տեղի ունեցավ  Գյումրի համայնքի  ավագանու արտահերթ նիստը ։ Օրակարգում ընդգրկված էր 13 հիմնական հարց։ Նիստի ընթացքում քննարկվեցին համայնքային մարմինների ձևավորումն ու հաստատումը, բյուջետավորման գործընթացը, սուբվենցիաների ստացումը, հողամասերի նպատակային օգտագործման հարցերը և հարկային արտոնությունները։

Քվորումն ապահովված էր, եւ այս անգամ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները ողջ թիմով ներկա էին։ Սա երկրորդ նիստն էր, որ  ՔՊ-ն մասնակցում է՝ դրսևորելով առանձնակի ակտիվություն ։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքի հետ այդպես էլ չի համակերպվել, վստահ են, թե ամենից շատ ձայն իրենք են տարել, ուստի իրենց թեկնածուն՝ Սարիկ Մինասյանն էլ պիտի լիներ քաղաքապետ։ 

Ավագանու նիստին Սարիկ Մինասյանը համառորեն փորձեց ցույց տալ, որ քաղաքի շինարարական հարցերին լիովին տեղյակ է, ունի պատրաստված լուծումներ,  դիտարկում  արեց, թե փողոցաշինության հետ կապված լուրջ խնդիրներ կան, առաջարկում է ավագանու վերահսկողության ներքո մի  հանձնաժողով ստեղծել, որը կվերահսկի փողոցաշինության ընթացքը, որպեսզի նախորդ տարիների անորակ արդյունքը չունենան։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Սարիկ Մինասյանի առաջարկը ընդունեց․ «Տասը ձեռքով կողմ եմ»,-ասաց նա։

ՔՊ խմբակցության ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանի եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջև զրույց ծավալվեց, երբ քննարկեցին Գյումրիում հայտնի Ճերմակ հիվանդանոցի ճակատագիրը։ Համայնքապետարանն առաջարկեց հիվանդանոցի շենքը չօտարել, թողնել քաղաքին, որը հետագայում կրկին կծառայի որպես բուժհիմնարկ։
Հենց այստեղ առիթից օգտվելով՝  Քնարիկ Հարությունյանն էլ  քաղաքապետին առաջարկեց կենտրոնական զբոսայգու հողակտորները վերադարձնել քաղաքին, որը նրա սեփականությունն է։ Ի պատասխան հնչած քննադատության՝ Ղուկասյանն  արձագանքեց․ «Աղջիկ ջան, դու շատ փոքր էիր, չգիտես, թե մենք ընկերներով 88 թվին այդ այգին ոնց ենք պահել, հսկել, որ ծառերը չկտրեին, ու որ հիմա քաղաքը զբոսայգի ունենա, մարդիկ զբոսնեն ։ Ոչինչ, հարց չկա, դուք բարձրաձայնեք, ես էլ կպատասխանեմ՝ ով ինչ է արել, որ հանրությունը իմանա։ Երկրաշարժից անցել է արդեն 37 տարի, իսկ քաղաքում տասնյակ շենքեր կան, որոնք այսօր կամ վաղը կարող են փլվել, և դրանք ոչ մի պետական հոգածության տակ չեն գտնվում»։

Նշենք, որ չնայած ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց Ճերմակ հիվանդանոցը չօտարելու նախագծին, այնուամենայնիվ, օրակարգային 13 հարցերն էլ ընդունվեցին։