«Հրապարակ». ԲԴԽ-ն 3 միլիոն 600 հազար դրամ է հատկացրել, բայց չգիտի, թե ինչի վրա է այն ծախսվելու
Այսօր Երեւանում նախատեսվում է անցկացնել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը։ Նիստը կազմակերպել է Բարձրագույն դատական խորհուրդը: Այն տեւելու է 3 օր։
Նախորդ տարի այս նիստը տեղի էր ունեցել առցանց` տեսակապի միջոցով։ Այն նախագահել էր Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, իսկ խորհրդի քարտուղարությունը ղեկավարել էր Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ֆիլիպ Ղազարյանը։
ԲԴԽ-ից մեզ փոխանցեցին, որ խորհրդի մասնակից պետությունները, որոնք 5-ն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, մասնակցելու են այդ նիստին։ Նախորդ տարվա նիստից հետո տարածված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ որոշվել է առավել դյուրին պայմաններ ստեղծել ԱՊՀ շրջանակներում ընդունված՝ իրավական համագործակցության ոլորտում միջազգային պայմանագրերի եւ այլ ակտերի իրագործման, ԱՊՀ անդամ պետությունների դատական մարմինների միջեւ փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման մեխանիզմների ընդլայնման, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում դատարանների որոշումների կատարումն ապահովելու, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների դատարանների միջեւ տեղեկատվության ու փորձի կանոնավոր փոխանակման համար:
ԲԴԽ-ն այս միջոցառման համար բյուջեից գումար է հատկացրել՝ եռօրյա այցով Երեւան ժամանող՝ «միջոցառմանը մասնակցող պատվիրակությունների ընդունելության կազմակերպման աշխատանքներն իրականացնելու նպատակով»: Գումարը կազմում է 3 միլիոն 600 հազար դրամ։ Շեշտենք՝ սա միայն միջոցառման կազմակերպման համար է, այլ ծախսեր, օրինակ՝ գիշերելու, սնվելու եւ այլն, այս գումարում ներառված չեն։
Բարձրագույն դատական խորհրդից հետաքրքրվեցինք՝ հատկացված 3 միլիոն 600 հազար դրամն ի՞նչ ծախսերի է ուղղվելու, ասացին, թե ոչինչ չեն կարող ասել, գումարի ծախսման վերաբերյալ տվյալներ կարող են ներկայացնել նիստի ավարտից հետո։
Այսինքն՝ գումարը հատկացվել է, բայց հայտնի չէ՞, թե ինչի վրա է ծախսվելու մոտ 4 միլիոն դրամը։ ԲԴԽ խոսնակն ասաց․ «Միջոցառման համար ծախսվող գումարների վերաբերյալ ինֆորմացիա չկա, քանի որ չի ավարտվել դեռ միջոցառումը, ավելին` չի էլ սկսվել, երբ ավարտվի, նոր հաշվարկ կլինի, ու նոր ինֆորմացիա տրամադրելու հնարավորություն կլինի»։
Պատասխանից կարելի է ենթադրել, որ ոչ միայն գումար են հատկացնում` չիմանալով, թե ինչի համար եւ որեւէ հաշվարկ չունենալով, այլեւ ծախսվող գումարը միայն այդքանը չի լինելու` գուցե ընթացքում այն աճի, եւ նիստի ավարտից հետո միայն կիմանան, թե ինչքան են ծախսել։
Իսկ թե ինչ կտա այս միջոցառումը ՀՀ դատական իշխանությանը, դժվար չէ եզրակացնել, քանի որ, ըստ էության, նախորդ տարվա խորհրդի նիստից հետո ոչինչ չի փոխվել` անդամ երկրների դատական համակարգերի համագործակցության մասին տվյալներ չկան, եւ փոխօգնության փաստերի մասին էլ ոչ ոք ոչինչ չգիտի: Սա այն հերթական ֆորմալ միջոցառումներից է, որոնք իրականացվում են, որ մարդիկ գործուղման մեկնեն, շրջագայեն, նոր երկրներ ու քաղաքներ տեսնեն:
Կարծիքներ