Հայե՛ր, երթալը ճիշտ չէ... ո՛չ Ամերիկա, ո՛չ Ռուսաստան

Հայե՛ր, երթալը ճիշտ չէ... ո՛չ Ամերիկա, ո՛չ Ռուսաստան

«Ճիշտը երթալն է»՝ թեւավոր խոսք դարձած այս ասույթը շրջանառության մեջ մտավ նախորդ դարի 60-70-ական թվականներին, երբ 1946-ին եւ դրանից հետո հայրենադարձված մեր հայրենակարոտ հայրենակիցները բախվեցին սովետական իրականության հետ:

Մի անեկդոտ կար այն տարիներին․ «Սա երկիրը մեզի ոտքի կանգնեցուց․ քանի մը աթոռ ունեինք, անոնք ալ վաճառեցինք․․․»: 

Վերջին տասնամյակներին, արտարժույթի ազատ շրջանառության հետ, մեզանում գները բավականին մոտեցան արտերկրի գներին, եւ շատ ապրանքներ մատչելի դարձան: Սփյուռքահայերի մեծամասնությունը նախկինում մեկնում էր «Ավետյաց երկիր Ամերիկա», երբ գներն ու կյանքն այնտեղ բավականին մատչելի էին, սակայն այժմ պատկերն այլ է, քանի որ ԱՄՆ-ում գները բոլոր ոլորտներում, ըստ էության, աճել են զգալիորեն, Ամերիկայում աշխատած, ասենք, տասը հազար դոլարի գնողունակությունը հավասար է Հայաստանում, ասենք, մի երեք հազարի գնողունակությանը, եւ հիմա արդեն նման եկամուտը բավականին մատչելի է, ասենք, ծրագրավորողների կամ բժիշկների համար։
Մանավանդ հիմա, Թրամփի ընտրվելուց հետո դու չգիտես, թե գլխիդ ինչ է գալու: Միլիոններով մարդիկ փողոց են շպրտվում Իլոն Մասկի կողմից` գործազուրկ դառնալով, ավելին` բազմաթիվ ներգաղթյալներ են արտաքսվելու, այնտեղ ծնված մանուկներն արդեն ավտոմատ կերպով քաղաքացիություն չեն ստանալու․․․

Իսկ եթե անդրադառնանք մեր ամենամեծ գաղութին՝ Ռուսաստանում գտնվող հայությանը, ապա այսօր, երբ ամեն օր ռուս-ուկրաինական դաժան եւ անմիտ ռազմաճակատում հազարավոր ռուսաստանցի զինվորներ են դառնում «թնդանոթի միս», ապա արժե մտածել․ ավելի լավ չէ՞, որ երեխադ ծառայի հայկական բանակում․․․
Սա, բարեբախտաբա՛ր, իննսունականների մղձավանջը չէ, երբ չկար լույս, ջեռուցում, հաց, պատերազմ էր: Սակայն ամենացավալին մեզ՝ հայերիս համար այն է, որ երիտասարդ հայերի արտագաղթը բերում է մատաղ սերնդի ուծացմանը օտար պետություններում: Մինչդեռ պետությունը պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ երիտասարդները ստիպված չլինեն լքել Մայր Հայրենիքը։ 

Առաջին հերթին պետք է ստեղծվեն պայմաններ՝ երիտասարդների աշխատանքային եւ սոցիալական զարգացման  համար, իսկ պետական համակարգում պետք է լայնորեն կիրառվի ռոտացիայի սկզբունքը: Էլ ավելի պիտի բարելավվեն երիտասարդ ընտանիքներին տրվող  հիպոթեքների պայմանները, այլ ոչ թե դադարեցվեն` ինչպես արվում է: Ստարտափների զարգացմանը պետք է տրվի մի նոր՝ հուժկու զարկ։ Ընդ որում, պետությունը պետք է նպաստի նրան, որ երիտասարդ մասնագետների համար մուտքն արտերկիր իրականացվի առանց վիզայի, նաեւ սուբսիդավորվեն նրանց ավիատոմսերը: Կրթությունն ամեն ինչ է․․․

Մի խոսքով, այնպիսի պայմաններ է պետք ստեղծել, որ երիտասարդները լավագույնս գիտակցեն պատասխանատվությունն իրենց Հայրենիքի առաջ։ Նաեւ մի բան էլ, որը վերաբերում է մեզ՝ «լալկան» մտավորականներիս․ մեր հրաշք Երեւանում ծնված եւ մեծացած, լուրջ՝ մանավանդ հումանիտար կրթություն ստացած մարդը կարոտախտին «ամայի, օտար ափերում» կարող է պարզապես չդիմանալ:
Այնպես որ՝ ճիշտը մնալն է...

Գուրգեն Խաժակյան 
ՀՀ վաստակավոր լրագրող