Արժանապատիվ օգնություն

Թե ինչ եղավ Արցախի հետ, եւ ինչ վիճակում է հայտնվել Արցախի ժողովուրդը, ուշ է այդ մասին խոսելը՝ մնում է տիրություն անել արցախցիներին, որպեսզի հրաշքով թուրք-ադրբեջանական ճիրաններից փրկված մեր հայրենակիցները հայրենիքում կարողանան գոյատեւել ու չվերանալ: Պետք է ուղղակի ֆինանսական եւ այլ միջոցներով օգնել ու տեղավորել նրանց՝ եթե ոչ զուտ սրտացավությունից ելնելով, ապա գոնե զուտ պատվախնդրությունից, որպեսզի թշնամին դարձյալ չծիծաղի մեզ վրա, աշխարհին ներկայացնելով, թե՝ տեսեք, հայերը հպարտանում են, որ աշխարհում կա 10 միլիոնից ավելի հայ, բայց եկել է գործի ժամանակը, եւ նրանք չեն կարողանում 10 միլիոնով 100 հազար փախստական հայրենակիցներին մարդավարի տիրություն անել: Ադրբեջանին էիք քննադատում, թե փորձում են հայերին վերացնել՝ ցեղասպանել, հիմա դուք փորձեք փրկել ու տիրություն անել նրանց։
Այժմ կարեւոր է պարզ թվաբանություն անել՝ ունենալ փախստականների թիվը, հաշվել, թե որքանին է պետությունը եւ որքանին՝ նրանց բարեկամները տեղավորել։ Հավաքագրել բոլոր ցանկացողներին, ովքեր կարող են օգնել փախստականներին, որպեսզի գեթ մեկ անձ դրսում չմնա: Պահն օրհասական է, եւ ամեն մեկն իր կարողությունների չափով պարտավոր է ցուցաբերել գթասրտություն ու սրտացավություն եւ մաքսիմալ չափով օգնել Արցախից եկած մեր հայրենակիցներին: Կոչ անենք նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք եւս անմասն չմնան այս ողբերգական վիճակը կարգավորելու հարցում եւ հնարավորության սահմաններում օժանդակեն մեզ: Հասկանալի է, որ շատերը չեն վստահում պետական մարմիններին, այդ պատճառով էլ խուսափում են օգնել, պետական մարմիններին գումարներ փոխանցել, ուստի դա պետք է անեն կա՛մ իրենց համար վստահելի բարեկամների ու հարազատների միջոցով, կա՛մ՝ հասցեական․ ուղիղ որեւէ արցախցի ընտանիքի օգնելով։
Մյուս կողմից, աշխարհը եւս ուշի-ուշով հետեւում է Արցախից Հայաստան արտագաղթին, եւ անգամ որոշ երկրներ օգնում են, պետք է աշխարհին էլ ցույց տանք, որ հայ ժողովուրդն ամեն ինչ անում է՝ այս վիճակից պատվով դուրս գալու համար, եւ պետք է ամեն ինչ անել, որ այդ գումարների վրա հասարակական վերահսկողություն իրականացվի, որ դրանք պարգեւավճար ու վոյաժների մեկնելու գումարներ չդառնան, այլ հասնեն ճիշտ հասցեատերերին։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ