Բոլթոնը հեռացավ․ արդյոք թեթեւացավ Երեւանի վիճակը

Բոլթոնը հեռացավ․ արդյոք թեթեւացավ Երեւանի վիճակը

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խոհրդական Ջոն Բոլթոնի հեռացումը բավական մեծ արձագանք գտավ համաշխարհային մամուլի էջերում։  Թեեւ կարող են շատերն ասել, թե ի վերջո, սա շարքային կադրային փոփոխություն է, որն անում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եւ որեւէ կերպ չի կարելի առանձնացնել մյուս փոփոխություններից, ինչպիսին օրինակ՝ Ջեյմս Մեթիսի կամ Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկություններն էին, սակայն ամեն դեպքում աշխարհի թիվ մեկ գերտերության անվտանգության խորհրդականի փոփոխությունը սուսկ միայն ներամերիկյան գործ չէ, այլ նաեւ որոշակիորեն «մեսիջ» է պարունակում իր մեջ, եւ կարող է նշանակել գլոբալ աշխարհաքաղաքական կուրսի որոշակի սրբագրում։ Արդեն հայտնի է, որ Բոլթոնին ժամանակավորապես կփոխարինի Չարլզ Կապերմանը, մինչ նոր խորհրդականի նշանակումը։ Իսկ նշանակումը կլինի թերեւս հաջորդ շաբաթ, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստման։

Bloomberg-ի փոխանցման համաձայն, Թրամփը Բոլթոնին հեռացրել է պաշտոնից, նրա հետ Իրանի հարցում ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով։ Բոլթոնը Իրանի հարցում ագրեսիվ քաղաքականության կողմնակից էր։ Առհասարակ Բոլթոնը ամերիկյան քաղաքական այն սերնդին է պատկանում, որոնց հատուկ է «գիշատչային արտաքին քաղաքականությունը»։ Դոնալդ Թրամփը մտադիր է սեպտեմբերի վերջին հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Ամերիկյան մամուլում պտտվող լուրերի համաձայն, երկուշաբթի օրը Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում Իրանի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկ է եղել, որ կարելի է Իրանի դեմ սանկցիոն քաղաքականությունը մի փոքր թեթեւացնել, բարենպաստ հող ստեղծելու համար Թրամփ-Ռոհանի հանդիպման համար, ինչին կտրուկ կերպով եւ խիստ բառապաշարով դեմ է արտահայտվել Բոլթոնն ու արդեն հաջորդ օրը պաշտոնանկ արվել։

Հասկանալի է, որ նախընտրական փուլ ընթացող եւ նախագահական երկրորդ ժամկետի համար պայքարի գնացող Թրամփի համար բախման հետագա սրացումը, առավել եւս՝ ռազմական առճակատումը Իրանի հետ ամենեւին ցանկալի չէ։ Թրամփը, որպես գործարար, լավ է տիրապետում բանակցություններ վարելու արվեստին եւ գիտի ինչ լծակներ օգտագործի, որպեսզի առանց մեկ փամփուշտ կիրառելու տրամադրի դիմացինին բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ պայմանավորվելու։

Թրամփի նախընտրական խոստումներում խաղաղությունը կարեւոր տեղ է զբաղեցնում եւ նա չի պատրաստվում խաղաղության պահպանման այդ խոստումը նույնիսկ մի փոքր նվազեցնել իր երկրորդ ժամկետի քարոզչական կամպանիայում։ Եթե անկեղծ, ապա դեռ ամիսներ առաջ ամերիկյան մամուլում որոշ հրապարակումներ եղան, որ Բոլթոնը կհեռանա Սպիտակ տանից եւ նրան կասկածեցին Իրանի դեմ պատերազմի հրահրման հետ կապված մի դավադրության հետ կապ ունենալու մեջ, որի մեջ ցանկանում էին ներքաշել Թրամփին։

Թեեւ դեռ չգիտենք, թե ով է փոխարինելու Բոլթոնին, սակայն պարզ է, որ նրա հեռացումը նշանակում է ագրեսիվ քաղաքական կուրսի կողմնակիցների դիրքերի թուլացում։ Սա էլ իր հերթին նշանակում է գլոբալ քաղաքականության մեջ առկա լարվածության որոշակի թուլացում։ Բոլթոնի հեռացումը, ինչ որ առումով նաեւ ազդելու է Հայաստանի եւ ներքին եւ արտաքին քաղաքական պրոցեսների վրա։

Բոլթոնն ընդգծված հակառուսական գծի մեջ էր։ Դեռ անցյալ տարի աշնանը Բոլթոնը այցելել էր Հարավային Կովկաս։ Նա մինչեւ այժմ միակ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է եղել, որ այցելել է Երեւան՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունից հետո։ Ընթերցողը կհիշի, որ Երեւանում Բոլթոնը Հայաստանի համար բավական ոչ-շահեկան հայտարարություններ արեց Արցախյան հարցի կարգավորման, հայ-ռուսական հարաբերությունների, հայ-իրանական հարաբերությունների մասով։

Այս առումով, Բոլթոնի հեռացումը մի կողմից դրական ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների ու Արցախյան հարցի կարգավորման վրա։ Հայ-ռուսական հարաբերություններով էլ դրական բան կա, սակայն այդ դրականից օգտվելը կոնկրետ դեպքում արդեն Հայաստանի գործող վարչակազմի հանդեպ Մոսկվայի ունեցած վստահության պակասորդի եւ վերապահումների պատճառով, կարող է լիարժեքորեն չռեալիզացվել։